Սոխուկ կամ կոճղեզ (լատին․՝ bulbus), ստորգետնյա ձևափոխված ընձյուղ՝ խիստ կարճացած ցողունով և թեփուկանման, մսալի տերևներով։ Կոճղեզը ծառայում է ջրի, սննդանյութերի (հատկապես շաքարների) պահեստման, ինչպես նաև վեգետատիվ բազմացման ու նորոգման համար։ Սոխուկը, որպես պահեստող օրգան, կարող է գործել մեկ (վարդակակաչ, սոխ) կամ մի քանի (ձնծաղիկ, հակինթ) տարի։ Սոխուկային ներքին թեփուկները հյութալի են, հաստ, պարունակում են սննդարար նյութեր։
Արտաքին թեփուկները բարակ են, չոր և պաշտպանում են ներքին թեփուկները չորացումից, վնասակար գործոնների ազ��եցությունից։ Որոշ բույսերի (օրինակ, շուշանի) թեփուկները նեղ են, կղմինդրի ձևով դասավորված, մյուսներինը (սոխ, հակինթ) լայն են, իրար ընդգրկող։ Սխտորի կոճղեզային թեփուկների ծոցում ձևավորվում են առանձին մանր կոճղիկներ, որոնք տեղադրված են կողք-կողքի, շարքով և կոչվում են բարդ կոճղեզը։ Կոճղեզը հատկանշական է շքանարգիզազգիներին, շուշանազգիներին, որոնց մեծ մասը աճում է շոգ, չորային պայմաններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 532)։