Սիոսեփոլ (պարսկերեն սիոսե՝ «եռեսուներեք» և փոլ՝ «կարմուրջ» բառերից), Ալլահվերդի խանի կամուրջ, կամ Ջուղայի կամուրջ, Զայանդեռուդ գետի վրա։ Սպահանի տասնմեկ կամուրջներից ամենաերկարն է։ Կառուցվել է 1599-1602 թվականներին՝ Սեֆյան հինգերորդ արքա Շահ Աբաս Մեծի կամ Առաջինի օրոք։ Կամուրջը կազմում է Սպահանի կենտրոնական փողոցի՝ Չահարբաղի շարունակությունը և քաղաքը կապում է հայկական Նոր Ջուղա թաղամասի հետ։ Երկարությունը մոտ 297.76 մետր է, լայնությունը՝ 13.75 մետր։ Կամուրջն ունի երկու հարկ. վերևի հարկը կառուցված է աղյուսից, ներքևինը՝ քարից։ Սիոսեփոլը ծառայում է նաև որպես զբոսավայր։ Ամառվա ամիսներին, երբ գետի ջուրը նվազում է, կամրջի առաջին հարկը դառնում է մարդկանց հանգստի վայր, այնտեղ բացվում է թեյատուն։ Իսկ երբ ջուրը բարձրանում է, նույն դերն են կատարում կամրջի երկրորդ հարկի օթյակները, որոնք գտնվում են կամրջի երկու կողմերում։
Սիոսեփոլ բառացի նշանակում է 33 կամուրջ, քանի որ կամուրջն ունի 33 կամար։ Ասում են, որ նախապես եղել է 40 կամար, հետո 7-ը ավերվել են։
Ալլահվերդի խանի կամուրջ կոչվում է իր հիմնադրի անունով։ Ալլահվերդի խանը ազգությամբ եղել է հայ՝ ծնված Վրաստանում, որին Շահ Աբասը գերևարել է Պարսկաստան, դարձրել մուսուլման ու նշանակել իր զորքի գլխավոր հրամանատար։
Ջուղայի կամուրջ է կոչվում, քանի որ կամրջի հարավային կողմում է գտնվում հայկական Նոր Ջուղա թաղամասը[4]։