Հռոմեական ազնվականության ներկայացուցիչները գերմանացի Հենրիխ V (1105–1125) կայսեր աջակցությամբ մեկ այլ հակապապ են ընտրում, որը պետք է փոխարիներ Պասքալիս II պապին (1099–1118)։ Եվ մինչ վերջինս Հռոմից բացակայում էր, պապ է ընտրվում Սանտ Անջելո եկեղեցու արքեպիսկոպոս Մագինուլֆոն[1]։ Նա վերցնում է Սեղբեսարոս IV պապական անունը։ Օծումը տեղի է ունենում Սանտա Մարիա Ռոտոնդա եկեղեցում, և 1105 թվականի նոյեմբերի 18-ին Լաթերանում Սեղբեսարոս IV-ը գահ է բարձրանում։ Հաջորդ օրը Պասքալիս II-ը վերադառնում է Հռոմ, և նորընտիր պապը մեկնում է Տիվոլի։ Ապա վերջնականապես հաստատվում է Օսիմոյում։ 1111 թվականի ապրիլի 11-ին Պասքալիսն ու Հենրիխ V կայսրը կաթոլիկ քահանաների միջամտությամբ համաձայնության են գալիս։ Եվ կայսրը, որն օգտագործում էր Սեղբեսարոսին Պասքալիսի վրա ճնշում գործադրելու համար, ստիպում է հակապապին հրաժարվել պապությունից և պապ է հաստատում Պասքալիս II-ին[2]։ Իսկ Սեղբեսարոսը, կայսեր թույլտվությամբ իր կյանքի հետագա մասն անցկացնում է Անկոնայում։