Սանտա Մարիա դել Պի
Սանտա Մարիա դել Պի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Բարսելոնայի գոթական թաղամաս |
Հասցե | Pl. Pi, 7, Pl. Sant Josep Oriol, 11 i Plta. Pi, 4 |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Բարսելոնայի արքեպիսկոպոսություն |
Հիմնական ամսաթվերը | 1319 |
Կազմված է | Rectoria del Pi? |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] և Կատալոնիայի ազգային մակարդակի մշակութային սեփականություն[2] |
Անվանված | Մարիամ Աստվածածին և սոճի |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1319 |
16,5 մետր | |
Երկարություն | 54 մետր |
Լայնություն | 16,5 մետր |
Բարձրություն | 54 մետր |
Santa Maria del Pi Վիքիպահեստում | |
basilicadelpi.cat/ca/inici/(կատ.) |
Սանտա Մարիա դել Պի (կատ.՝ Santa Maria del Pi), 14-րդ դարի գոթական տաճար Բարսելոնայում (Կատալոնիա, Իսպանիա)։ Տաճարը գտնվում է Բարսելոնայի գոթական թաղամասի Դել Պի հրապարակում։ 1931 թվականին այն հռչակվել է Կատալոնիայի ազգային մշակութային ձեռքբերում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա վկայություն այն մասին, որ այս տեղում գոյություն է ունեցել քրիստոնեական եկեղեցի (413 թվական)[3]։ Փաստերով ապացուցված է, որ 987 թվականին Բարսելոնայից արևմուտք` քաղաքային պատերից դուրս, կառուցվել է եկեղեցի։ Չափերով ոչ մեծ այդ եկեղեցին կառուցվել է ռոմանական ոճով և նվիրված է եղել կույս Մարիամին (Սանտա Մարիա դել Պին բառացի նշանակում է Աստվածամոր տաճար սոճուց)։ Գոյություն ունեցող գոթական տաճարը կառուցվել է 1319-1320 և 1391 թվականներին։ Սկզբնական շրջանում այն կառուցվել է կատալոնական գոթիկայի ոճով` մեկ նավով, և գրեթե զուրկ է եղել զարդարանքից։
Տաճարը 1373 և 1428 թվականներին վերապրել է երկու երկրաշարժ, որոնցից վերջինը նրան զգալի վնաս է հասցրել[4]։
1714 թվականին տաճարի շենքը վնասվել է Իսպանական ժառանգության համար պատերազմից. Սանտա Մարիա դել Պի տաճարի հարևանությամբ պայթել է վառոդի տակառ[4]։
1863-1884 թվականներին անցկացվել են վերականգնողական աշխատանքներ. ծածկվել է ժամատան տանիքը, տաճարի ինտերիերից հեռացվել են բարոկկո ոճին բնորոշ բոլոր տարրերը։ Վերականգնողական աշխատանքներ են կազմակերպվել նաև 1815 թվականին[4]։
1928 թվականի հոկտեմբերի 28-ին Հռոմի Պիոս XI պապը Սանտա Մարիա դել Պի եկեղեցուն տվել է Պապական փոքր բազիլիկա (լատին․՝ Basilica minor) անվանումը[5]։
1936 թվականին տաճարն այրվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ` հետագայում վերականգնվելով ժամանակակից դեկորատիվ գոթական ոճով[4]։
2009-2010 թվականներին տաճարում կազմակերպվել են վերականգնողական աշխատանքներ` ճարտարապետներ Ալֆրեդ Պաստորի (Alfred Pastor) և Շավիեր Գիտարտայի (Xavier Guitart) գլխավորությամբ։ Աշխատանքները ֆինասավորել են Կատալոնիայի շրջանային կառավարությունը և Բարսելոնայի արքեպիսկոպոսը[4]։
Տաճարի շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարի շենքն ուղղանկյունաձև է։ Մեծ նավի երկարությունը 54 մ է, լայնությունը` 16.50 մ, բարձրությունը` 27 մ։ Շենքը հետնամասում ունի կիսաշրջանաձև աբսիդ և ժամատներ, որոնք կառուցված են տաճարի կողմնային պատերի որմնահեցերի միջև։
Զանգակատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարի կողքին վեր է խոյանում ութանկյուն զանգակատունը, որն ունի 54 մ բարձրություն։ Զանգակատան պատերը հիմքի մոտ ��ւնեն 3.55 մ հաստություն։ Զանգակատունն ունեցել է վեց զանգ, որոնցից ամենախոշորը հանդիսանում է «Անտոնիոսի զանգը»։ Այն կշռում է 1.6 տ և ունի 1.4 մ տրամագիծ[6]։ Զանգակատան շինարարությունը սկսվել է 1379 թվականին ճարտարապետ Բարտալոմեյ Մակի ցուցումով և ավարտվել 1461 թվականին։
Ճակատային մասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր ճակատային մասում տեղադրված է վարդակ պատուհան` մոտ 10 մ տրամագծով։ Այն կառուցվել է 14-րդ դարում գոթական ոճով, սակայն պատուհանի բնօրինակը ոչնչացել է 1936 թվականի հրդեհից և վերականգնվել 1939 և 1943 թվականներին լուսանկարների հիման վրա, ինչպես նաև Պեդրալբեսի և Սանտ Կուգատի եկեղեցիների վարդակ պատուհանների ուսումնասիրության արդյունքում։
Մեծ վարդակ պատուհանի տակ գտնվում է գլխավոր մուտքի գոթական նետաձև կամարը։ Գլխավոր մուտքի տիմպանը երկու ոչ մեծ սյունաշարով բաժանվում է կամարային երեք հատվածների։ Կենտրոնական հատվածում գտնվում է Կույս Մարիամի քանդակը` նորածինը գրկին, իսկ դրա վրա տեղակայված են Բարսելոնայի ու Կատալոնիայի զինանշանները։ Կամարի ներքին եզրին գտնվում են Կույս Մարիամի և առաքյալների խորաքանդակները[3]։
Ճակատային գլխավոր մասը երիզում են ութանկյուն երկու խոշոր աշտարակները։
Կողմնային ճակատամասերին կան հզոր որմնահեցեր, որոնք պահում են շինությունը։ Որմնահեցերի ամեն զույգի մեջ կա վիտրաժով նետաձև պատուհան։
Հետին ճակատամասն ունի որմնահեցեր և նետաձև պատուհաններ` կիսաշրջանաձև աբսիդով։ Այս մասում է գտնվում նաև 1578 թվականին պատրաստված դուռը։
Ինտերիեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորան
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին խորանը ստեղծվել է 1508-1514 թվականների միջակայքում նկարիչ Ժուան դե Բուրգոնյայի կողմից (Joan de Borgonya) և ավերվել 1714 թվականին՝ Իսպանական ժառանգության համար մղվող պատերազմի ընթացքում։ 1736 թվականի խորանն քանդվել է 1868 թվականին անցկացված ռեֆորմի արդյունքում։ Այդ ժամանակ տեղադրվել է նորգոթական խորան, որ մշակել էր ճարտարապետ Ֆրանսեսկ դե Պաուլ Վիլյարը։ Այս խորանը ոչնչացել է 1936 թվականի հրդեհի ժամանակ, երբ երկրում քաղաքացիական պատերազմ էր ընթանում[3]։
Ներկայիս խորանը կառուցվել է 1967 թվականին Խոակիմ դե Ռոսի (Joaquim de Ros) և Դե Ռամիսի (de Ramis) կողմից։ Կույս Մարիամի մեծ արձանը խորանային հատվածի կենտրոնում քանդակագործ Էնրիկ Մոնժուի (Enric Monjo) աշխատանքն է։
Տաճարում կարելի է տեսնել ճարտարապետ Իոսիֆ Մասի` ռոկոկո ոճով պատրաստված նստարանները (1771)[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ https://invarquit.cultura.gencat.cat/card/30
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Verges, T. Santa Maria del Pi i la seva història. Barcelona, 1992. Ed. La Formiga d’Or. ISBN 84-85028-31-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 История реставрации собора 2009—2010
- ↑ Сайт gcatholic.org(անգլ.)
- ↑ Колокола собора Санта-Мария-дель-Пи
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ramos, M. Lluïsa, Catedrals monestirs i grans edificis religiosos 2005 Barcelona, SGIT Geoestel SA ISBN 84-96295-15-X
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սանտա Մարիա դել Պի տաճարի նկարագրությունն անգլերենով
- Տաճարի երգչախմբի կայք Արխիվացված 2018-09-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դել Պի» հոդվածին։ |
|