Jump to content

Ռուանի տաճար (նկար, Մոնե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուանի տաճար (այլ կիրառումներ)
Ռուանի տաճար
ֆր.՝ Rouen Cathedral, Full Sunlight
տեսակնկարների շարք
նկարիչԿլոդ Մոնե
տարի1894
բարձրություն107
լայնություն73.5
ուղղությունիմպրեսիոնիզմ[1]
ժանրarchitectural view?
նյություղաներկ, կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հեղինակի կրկնօրինակներ33
Ծանոթագրություններ
 Rouen Cathedral by Monet Վիքիպահեստում

Ռուանի տաճար (ֆր.՝ Rouen Cathedral), ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեի` 30 նկարից բաղկացած շարք, որ ներկայացնում է Ռուանի տաճարը տարվա տարբեր եղանակների, օրվա տարբեր ժամերի, տարբեր լուսավորությամբ։ Նկարաշարը ստեղծվել է 1890-ական թվականներին։

Շարքի առաջին նկարները նկարիչը ստեղծել է 1892 թվականի փետրվարին` առաջին անգամ Ռուան այցելելուց հետո։ Մոնեն տաճարի մերձակայքում վարձակալել է տարածք, որտեղ էլ ստեղծել են նկարները։ Շարքի կտավների մեծ մասը ստեղծվել է 1892-1893 թվականներին։ «Ռուանի տաճարի» շարքը ներկայացվել է 1895 թվականին. մայիսին ֆրանսիացի հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելը կազմակերպում է Մոնեի՝ տաճարին նվիրված շարքի աշխատանքների անհատական ցուցահանդես։ Մինչ ցուցահանդեսի ավարտը վաճառվում է 8 կտավ։ «Տաճարները» հակասական կարծիքների տեղիք են տալիս, չնայած Պոլ Սեզանը, Կամիլ Պիսսարոն և Կլեմանսոն ոգևորությամբ են ընդունում շարքը։ Կլեմանսոն նույնիսկ գրում է «Տաճարների հեղափոխություն» հոդվածը։ Մոնեն ցանկանում է, որ շարքի մնացած քսան կտավները վաճառվեն միասին, ոչ թե առանձին-առանձին, ընդ որում յուրաքանչյուր գործ գնահատվում է 15.000 ֆրանկ։ Հակառակ Մոնեի ցանկության՝ կտավները վաճառվում են առանձին տարբեր անհատների։ Այսօր շարքի կտավները կարելի է գտնել Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի թանգարաններում։

Պատմականորեն շարքի ստեղծումն արդիական էր. 1890-ական թվականներին Ֆրանսիան հոգևոր վերածնունդ էր ապրում[2]։ Ռուանի տաճարը գոթական ոճի կառույց է, որ լավագույններից մեկն է ֆրանսիական պատմության ու մշակույթի մեջ։

Ռուանի տաճարը ներկայումս

Երբ ստեղծում էր «Ռուանի տաճարի» շարքը, Մոնեն տարված էր լույսի՝ տարբեր եղանակներին և օրվա տարբեր պահերին արտահայտիչ փոխանցելու գաղափարով։ Մոնեի համար լույսի էֆեկտները փոխանցելը նույնքան կարևոր էր, որքան պատկերվող օբյեկտը։ Մոնեի՝ նույն օբյեկտը պարունակող այլ շարքերում ևս դրսևորվել է օբյեկտը տարբեր լուսավորությամբ պատկերելու նկարչի ձգտումը։ Առաջին շարքը չլինելով հանդերձ՝ «Ռուանի տաճարների» շարքը ամենաբազմակողմանին է լույսի պատկերման առումով։ Նախորդ շարքերում նկարիչը պատկերել էր բնապատկերներ։ Տաճարը թույլ տվեց տեսնելու այն պարադոքսը, թե ինչպես կարող է ամուր, հավերժական թվացող շինությունը հեշտությամբ փոխվել՝ կախված լույսի խաղից։ Նկարիչը կենտրոնանում է գոթական տաճարի առանձին հատվածներին՝ պորտալներին, աշտարակներին։ Նկարչին բացառապես հետաքրքրում է լույսի խաղը քարի վրա. երկինքն ու երկիրը գրեթե դադարում են գոյություն ունենալուց։

Տաճարի պատկերումը խոստումնալից էր նույնիսկ Մոնեի համար։ Նա հասկանում էր, որ սահող ստվերի պատկերումը գրեթե անհնարին բան է։ Այդ պատճառով նա որոշել է հենց սկզբից ըմբռնել պատկերվող առարկայի էությունը՝ էսքիզն ավարտելով ավելի ուշ։ Ժամանակի ընթացքում Մոնեի վրձնահարվածներն առանձնանում են ներկի ավելի հաստ շերտերով. գերապատվությունը չի տրվում առանձին գույների։ Տաճարի հատվածներն ու գույները միաձուլվում են՝ կազմելով մեկ ամբողջություն։ Այս հանգամանքների շնորհիվ տպավորություն է ստեղծվում, որ լույսը կարծես ապրում է կտավներում։ Մոնեի գործերում ստվերը դառնում է գույն, իսկ գույնը՝ լույսի խաղ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. Sumner, Ann (2005). Colour and Light: Fifty Impressionist and Post-Impressionist Works at the National Museum of Wales. Cardiff: National Museum of Wales. p. 86. ISBN 0-7200-0551-5.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Joachim Pissarro (trad. Josie Mely), Les Cathédrales de Monet : Rouen 1892-1894 [« Monet's cathedral Rouen »], Arcueil, Anthèse, 1990

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]