Ռոժե Կուզինե
Ռոժե Կուզինե ֆր.՝ Roger Cousinet | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1881[1][2][3] Արկեյ, Սենա[3] |
Մահացել է | ապրիլի 5, 1973[1][2][4] (91 տարեկան) Փարիզի 11-րդ շրջան, Փարիզ[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | մանկավարժ, primary education inspector և school teacher |
Գործունեության ոլորտ | մանկավարժ |
Ալմա մատեր | Բարձրագույն նորմալ դպրոց |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5] |
Roger Cousinet Վիքիպահեստում |
Ռոժե Կուզինե (ֆր.՝ Roger Cousinet, նոյեմբերի 30, 1881[1][2][3], Արկեյ, Սենա[3] - ապրիլի 5, 1973[1][2][4], Փարիզի 11-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի մանկավարժ, աստերոիդների հայտնաբերող, Ֆրանսիայում առաջադիմական մանկավարժության (Նոր մանկավարժություն) ուղղության վառ ներկայացուցիչներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1903 թվականին Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցը (École Normale Supérieure) ավարտելուց հետո անցնում է ուսուցչական աշխատանքի։ Միաժամանակ ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա և սոցիոլոգ Էմիլ Դյուրկհեյմի ղեկավարությամբ աշխատում է երեխաների սոցիալական կյանքն ուսումնասիրող ատենախոսության վրա։ 1910-1941 թվականներին եղել է տարրական դպրոցների ավագ տեսուչ։ 1921 թվականին հիմնադրել է Նոր կրթության ասոցիացիան (գործել է մինչև 1939 թվականը), իսկ 1964 թվականին՝ «Կրթություն և զարգացում» հանդեսը, որը Ֆրանսիայում ոլորտի առաջատար պարբերականներից է։
Հիմնական ներդրումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով Ֆրանսիայում առաջադիմական կրթության ուղղության առաջամարտիկը՝ Կուզինեն պահանջում էր վերանայել ավանդական դասական կրթության մոդելը, որը հիմնված էր պահպանողական ուսուցման և ըստ սոցիալական պատկանելության երեխաների կրթության տարբերակման վրա։ Նոր (առաջադիմական) կրթության հիմքում, ըստ Կուզինեի, ոչ թե ուսուցչի ազդեցությունն է աշակերտի վրա, այլ աշակերտի աշխատանքն է՝ ուղղված սեփական զարգացմանը։ Երեխաները, ինչպես համոզված էր Կուզինեն, հակված են դրսևորելու կազմակերպվածություն, ջանասիրություն և կայուն առաջընթաց, եթե զբաղվում են ��րենց դուր եկող գործով։
Ըստ Կուզինեի՝ երեխան համառորեն պաշտպանում է սոցիալական զարգացման իր ուղին. նա «հուշում է», «արտագրում է», «խոսում է», իսկ ուսուցիչն ավելի շատ ժամանակ է վատնում դասարանում կարգապահություն հաստատելու համար, քան դասը բացատրելու։ Անկախ ամեն ինչից երեխաներն ապրում են իրենց կյանքով. խմբերում կան առաջնորդներ, քավության նոխազներ, և անընդհատ ամենատարբեր դրսևորումներով պայքար կա աշակերտների և ուսուցիչների միջև։ Ավելին, ինչպես նշում էր Կուզինեն, ավանդական դասավանդման գործընթացը հիմնված է կեղծ կատեգորիաների վրա՝ ծրագրեր, որոնք կապ չունեն կամ քիչ կապ ունեն երեխայի հետաքրքրության հետ, քննություններ, ստուգողական աշխատանքներ և դատավորի դերում հանդես եկող ուսուցիչ։
Վերը նշված խնդիրները հաղթահարելու նպատակով 1920 թվականին Կուզինեն մի շարք ուսուցիչ կամավորների հետ մշակեց ազատ խմբային աշխատանքի մեթոդը, որի էությունը աշակերտների ամբողջական ազատությունն էր և ճանաչողական գործունեությունը։ Ըստ այդմ, աշակերտները դասարանում բաժանվում են խմբերի և ընտրում նախապես հայտնի զբաղմունքներից կամ ուսումնական թեմաներից որևէ մեկը, իսկ ուսուցիչը միայն հետևում է խմբի աշխատանքին, անհրաժեշտության դեպքում խորհուրդներ տալիս և ստուգում նրանց աշխատանքի արդյունքները։ Կուզինեն տարբերակում էր դասավանդումը և ուսուցումը։ Նրա մեթոդը թույլ էր տալիս երեխաներին ապրել, շփվել, աշխատել խմբում, զարգացնել նպատակասլացություն, համբերություն և նախաձեռնողականություն։
Խմբային աշխատանքի մեթոդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբային աշխատանքի մեթոդը ներառում էր հետևյալ տարրերը․
- Առարկաների հետազոտում, նյութերի ուսումնասիրություն և ստացված արդյունքների գրանցում խմբի գրատախտակի վրա։
- Աշխատանքի արդյունքը ցույց է տրվում ուսուցչին։ Ստուգելով աշխատանքը՝ նա առաջնորդվում է հետևյալ քայլերի հաջորդականությամբ՝ սկզբում ասում է, որ տեքստում կան ուղղագրական (կամ այլ քերականական) սխալներ, հանձնարարում ինքնուրույն գտնել և ուղղել դրանք, ապա անհրաժեշտության դեպքում կրկին ստուգում է տեքստը՝ այս անգամ ընդգծելով քերականական սխալները, այնուհետև, դարձյալ անհրաժեշտության դեպքում, հենց ինքն է սխալներն ուղղում առանց բացատրություն տալու (եթե, իհարկե, երեխաներն իրենք չխնդրեն)։
- Աշխատանքը արտագրում են խմբի տետրի մեջ, և եթե կարիքը կա, կրկին ցույց տալիս ուսուցչին։
- Կատարված աշխատանքը դասակրգվում է հատուկ քարտերի վրա։
Նման վարժությունները պարբերաբար կրկնվում են, և այդպիսով երեխաները նախօրոք ծանոթանում են թեմային և սովորում են ճիշտ դասակարգել։
Մեթոդները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուզինեն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում պատմության դասավանդման մեթոդին։ Նրա կարծիքով, պատմությունն այն տեսքով, որով մատուցվում է, ոչ միայն վնասակար է, այլև ոչ ընկալելի։ Ըստ մանկավարժի՝ երեխաներին ավելի շատ հետաքրքում է իրերի ու երևույթների էվոլյուցիան։ Կուզինեն իրերի պատմության մի ամբողջական ցանկ կազմեց՝ ներառելով դրա մեջ հագուստի, տրանսպորտի և հաղորդակցության, կրթության, գյուղատնտեսության, գործարարության պատմության մասին զանազան թեմաներ։
«Իմ մեթոդը թույլ է տալիս երեխաներին սովորել բառիս բուն իմաստով, այլ ոչ թե լինել սովորեցվողի դերում»։ - Ռոժե Կուզինե
|
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Roger Cousinet : la promotion d’une autre école, textes réunis par Suzanne Saisse et Marie de Vals, Éditions Érès, coll. « Connaissances de d'éducation », 2002, 150 p. 2-7492-0073-3
- Roger Cousinet, un philosophe à l'épreuve de la pédagogie, textes choisis et présentés par Dominique Ottavi et Laurent Gutierrez, Institut national de recherche pédagogique, coll. « Bibliothèque philosophique de l'éducation », 2007, XVIII-110 p. 978-2-7342-1055-9
- Laurent Gutierrez, « L'Oiseau bleu : histoire d'une revue rédigée par des enfants pour des enfants (1922-1929) », in Revue Le Télémaque, N32, 2007
Աշխատությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Une méthode de travail libre par groupes, Ed. du Cerf, 1945
- Une méthode de travail libre par groupes (réédition avec une préface de Laurent Gutierrez (p. 9 à 34) sur le parcours de l'auteur), Ed. Fabert, 2011
- La vie sociale de l’enfant, Scarabée, 1950
- L’éducation nouvelle, Delachaux et Niestlé, 1950
- Fais ce que je te dis, Scarabée, 1950
- La formation de l'éducateur, PUF, 1952
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- École la Source (fondée par Roger Cousinet)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոժե Կուզինե» հոդվածին։ |
|