Ռաս ալ-Այն (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաս ալ-Այն (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ռաս ալ-Այն | ||
արաբ․՝ رأس العين قبلي | ||
Երկիր | Սիրիա | |
Մարզ | Հալեպի մարզ | |
Գավառ | Այն ալ-Արաբի գավառ | |
Շրջան | Այն ալ-Արաբի շրջան | |
Բնակչություն | 2581 մարդ (2004) | |
|
Ռաս ալ-Այն կամ Ռաս էլ-Այն (արաբ․՝ رأس العين قبلي), գյուղ Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի մարզում՝ Եփրատ գետի արևելյան ափին։ Գտնվում է Հալեպ քաղաքի հյուսիս-արևելքում։ Ըստ Սիրիայի ազգային վիճակագրական գրասենյակի կատարած մարդահամարի տվյալների՝ բնակչությունը 2004 թվականի դրությամբ կազմել է 2581 մարդ[1]։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Ռաս ալ-Այնում կուտակվել են արևմտյան Հայաստանի Սեբաստիայի (Սվազ), Դիարբեքիրի և Խարբերդի նահանգներից, այնուհետև Կոստանդնուպոլսից, Կիլիկիայից տեղահանված հայերը։ Տեղ է հասել բռնությամբ տեղահանվածների մոտ 10%-ը։ Ցրտի, քաղցի, համաճարակների հետևանքով Ռաս ալ-Այնում օրական մահացել է 500-600մարդ։
Նշելով, որ միայն 4 ամսում Ռաս ալ-Այնում մահացել է 13-14 հազար մարդ, տեղի գավառապետը խնդրել է դադարեցնել հայերի առաքումը։ Գաղթականների տեսչության ղեկավար Ա. Նուրին կարգադրել է ուժեղացնել գաղթականների հոսքը՝ պատճառաբանելով, որ համաճարակներից միաժամանակ կոչնչանան թուրքերի համար «վնասակար երկու տարրեր»՝ հայերը և արաբները։ Սիրիայի տարածքում, Ռաս ալ-Այնում հայերի առաջին խոշոր կոտորածը կազմակերպել է Վանի նախկին կուսակալ Ջևդեթ բեյը։ Նշանակվելով Ադանայի կուսակալ՝ Ջևդեթ բեյը 1916 թվականի փետրվարին ժամանել է բնակավայր և կարգադրել ոչնչացնել վրանաբնակ 50 հազար հայերին։ Հրամանը չկատարած գավառապետը հեռացվել է աշխատանքից, իսկ վերջինիս հաջորդողը մարտի 17-ին սկսել է տեղահանությունն ու կոտորածը։
Ընդհանուր առմամբ, Ռաս ալ-Այնում և շրջակայքում զոհվել է մոտ 70 հազար հայ։ Ըստ ցեղասպանության ականատես Արմին Վեգների վկայության, «հայերը մահանում էին աշխարհում եղած բոլոր մահերով»։ Բաղդադի կուսակալ Ս. Նըգիֆը, որը Ռաս ալ-Այնում տեսել էր հայերի նկատմամբ գործադրվող դաժանությունները, գրել է՝ «Հայ ժողովրդի բնաջնջումը կդառնա Թուրքիայի պատմության ամենասև էջը»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մարդահամար, 2004» Արխիվացված 2012-06-10 Wayback Machine. Սիրիայի ազգային վիճակագրական գրասենյակ։ Հալեպի մարզ. (Արաբերեն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |