Jump to content

Պավլե Ինգորոկվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավլե Ինգորոկվա
վրաց.՝ პავლე იესეს ძე ინგოროყვა
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1893(1893-11-01)
ԾննդավայրՓոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 20, 1983(1983-11-20) (90 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  Վրացական ԽՍՀ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունպատմաբան և գրականագետ
 Pavle Ingorokva Վիքիպահեստում

Պավլե Ինգորոկվա (վրաց.՝ პავლე იესეს ძე ინგოროყვაնոյեմբերի 1, 1893(1893-11-01), Փոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 20, 1983(1983-11-20), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի պատմաբան, բանասեր, մեկենաս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարրական կրթությունն ստացել է տանը, այնուհետև ուսումը շարունակել Վլադիկավկազի արական դասական գիմնազիայում։ 1912 թվականին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ, բայց ծանր հիվանդության պատճառով թերի է թողել ուսումը և վերադարձել Վրաստան։

1917 թվականին մասնակցել է վրացական ուղղափառ եկեղեցու անկախ, ինքնավար գործունեությունը հռչակած ժողովին, ընտրվել պատրիարքական խորհրդի կազմում, եղել է այդ նույն տարվա հոկտեմբերին Վրաստանի գրողների միության հիմնադրումը նախաձեռնողների շարքում։

Լինելով Խորհրդային Ռուսաստանի հետ Վրաստանի միավորման հակառակորդ՝ 1921 թվականի փետրվարին գրող Կոնստանտինե Գամսախուրդիայի, արվեստաբան Վախթանգ Կոտետաշվիլու և բանաստեղծ Ալեքսանդրե Աբաշելու հետ, ի նշան բողոքի, սգավորի սև չուխա է հագել և կրել մի քանի ամիս շարունակ[1]։

Հիմնադրել ու խմբագրել է «Կավկասիոնի» և «Ախալի Կավկասիոնի » (Նոր Կովկաս) (1924-1925 թթ.) ամսագրերը, հիմնադրել է նաև «Սաքարթվելոս ծիգնի» («Վրացական գիրք») հրատարակչությունը, որոնք բոլորն էլ վերևների հրահանգով փակվել են։ 1929 թվականից 1939 թվականներին աշխատել է Վրաստանի ազգային թանգարանում՝ որպես ձեռագրերի բաժնի վարիչ։

1925 թվականին անդամակցել է հակախորհրդային դիրքերում գտնվող վրաց գրողների ընկերակցությանը և 1930-ական թվականների սկզբներին հեռացվել Վրաստանի գրողների միությունից, սակայն հետագայում հալածանքների չի ենթարկվել։ Մասնակցել է վրաց գրականության մասին Մալաքիա Տորոշելիձեի զեկուցման պատրաստմանը, որով վերջինս հանդես է եկել ԽՍՀՄ գրողների համամիութենական առաջին համագումարում (1934 թ.): Ընդգրկվել է Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի 750-ամյակի նվիրված միջոցառումների կազմկոմիտեում (1937), ինչպես նաև՝ գրական այդ հուշարձանի ուսումնասիրման նպատակով հատուկ ստեղծված ակադեմիական հանձնաժողովում։

1940-1950 թթ. աշխատել է պատմության ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։ 1958 թվականին մասնակցել է ձեռագրերի ինստիտուտի (ներկայումս՝ ձեռագրերի վրացական ազգային կենտրոն) հիմնադրման աշխատանքներին։

Թաղված է Դիդուբեի պանթեոնում։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլե Ինգորոկվայի գիտական հետաքրքրությունները դրսևորվել են Վրաստանի պատմության ու դրա սկզբնաղբյուրների, հին ձեռագրերի, վրաց գրականության պատմության և մասնավորապես Շոթա Ռուսթավելու կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրության բնագավառներում։ Նրա որոշ եզրահանգումներ համարվել են խիստ վիճահարույց[2], և արևմտյան բազմաթիվ գիտնականներ բանավիճել են նրա հետ, հայտարարելով, որ նա հանդես է գալիս ազգայնականության դիրքերից։ Դա վերաբերում է հատկապես վրացիների ու աբխազների ծագումնաբանության-ազգաբանության և վրացերենի այբուբենի ստեղծման տարեթվի վերաբերյալ Ինգորոկվայի արտահայտած կարծիքներին։ Վերջինիս հետ բանավեճի և նրա հայացքների քննադատության վերաբերյալ կարելի է կարդալ Բրունո Քոփիթերի “In Defence of the Homeland: Intellectuals and the Georgian-Abkhazian Conflict” in Secession, History and the Social Sciences, ed. by Bruno Coppieters and Michel Huysseune, (VUBPress, 2002) գրքում։

Ինգորոկվան գրական շրջանառության մեջ է դրել Թամար թագուհու բանաստեղծական ճառանգությունը, բացահայտել միջնադարյան հեղինակներ Գրիգոր Հանձիթցուն ու Գիորգի Մերչուլեին, բազմաթիվ վերլուծական հոդվածներ, մենագրություններ հեղինակել Շոթա Ռուսթավելու, Նիկոլոզ Բարաթաշվիլու, Իլիա Ճավճավաձեի, Ակակի Ծերեթելու, Վաժա Փշավելայի, Վախթանգ Օրբելիանու և այլ գրողների ու նրանց ստեղծագործությունների մասին։

2009 թվականին վրաց գրականության Շոթա Ռուսթավելու անվան ինստիտուտում հիմնվել է Ինգորոկվայի անվան մրցանակ, որը տարեկան երկու անգամ շնորհվում է «Գիտական հոդված», «Գիտական մենագրություն» և «Գիտական գրքի վրացերեն թարգմանություն» անվանակարգերում։

Ինգորոկվայի անունով է կոչվել Թբիլիսիի փողոցներից մեկը[3]։

Հուշատախտակ է փակցվել թբիլիսյան այն շենքի պատին, որտեղ երկար տարիներ ապրել է նա (Ինգորոկվայի փողոց, 14 հասցեում)[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Носители черной чохи» - Вахтанг Котетишвили, Константинэ Гамсахурдиа, Павле Ингороква и Александрэ Абашели. 1924». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  2. Проф. Г. Соселия «Вопреки исторической правде»
  3. Тбилиси, район Мтацминда, улица Павла Ингороква.
  4. Тбилиси, район Мтацминда, мемориальная доска памяти Павла Ингороква

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավլե Ինգորոկվա» հոդվածին։