Jump to content

Չուկոտյան թերակղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չուկոտյան թերակղզի
ռուս.՝ Чукотский полуостров

Ողողող ջրեր Արևելասիբիրական ծով
Չուկոտի ծով
Բերինգի ծով
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Վարչատարածքային բաժանում Չուկոտկայի ինքնավար շրջան

Չուկոտյան թերակղզի (Չուկոտկա), (ռուս.՝ Чуко́тский полуо́стров (Чуко́тка)), թերակղզի Եվրասիա մայրցամաքի հյուսիսարևելյան ծայրամասում։ Հյուսիսում ողողվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի Չուկոտյանի ծովով, իսկ հարավում՝ Խաղաղ օվկիանոսի Բերինգի ծովով։ Ալյասկայից արևելքում առանձնանում է նեղ Բերինգի նեղուցով։ Թերակղզու արևելյան ափի մոտ գտնվում է Արակամչեչեն կղզին։ Դա արևմտյան կիսագնդում Ասիայի միակ մայրցամաքային հատվածն է։

Թերակղզու տարածքը մտնում է Ռուսաստանի Դաշնության Չուկոտկայի ինքնավար շրջանի կազմի մեջ[1]։ Թերակղզու վրա գտնվում են Պրովիդենսկի և Չուկոտսկի շրջանները։

Թերակղզին անվանվել է 1728 թվականին Վիտուս Բերինգի կողմից տեղական ժողովրդի՝ չուկչաների պատվին, որոնք հիմնականում բնակվում էին Չուկոտկայում[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չուկոտյան թերակղզի: Ամերիկյան ռազմական քարտեզ, 1947 թ.

Չուկոտյան թերակղզու տարածքի մեծ մասը ծածկված է մինչև 1000 մ բարձրություն ունեցող լեռներով։ Խիստ կտրտված բարձունքների վերևով անցնում են առանձին ավելի բարձր լեռներ։ Լեռնային զանգվածները մասնատված են լեռնային գետերի խորը հովիտներով։ Դրանցից են՝ Չևտական, Էրգուվեեմ, Նունյամովաամ գետերը։ Չուկոտյան թերակղզու ամենաբարձր կետը Իսխոդնայա լեռն է՝ ծովի մակարդակից 1194 մ բարձրությամբ։

Կլիման խիստ է, առափնյա շրջաններում՝ ծովային, ներքին շրջաններում՝ խիստ ցամաքային։ Ձմռան տևողությունը՝ մինչև 10 ամիս։

Ամենուրեք տարածված է հավերժական սառցույթը։ Անթափանց (մինչև 30-40 մ հաստությամբ) հալուտները հանդիպում են միայն խոշոր գետերի ստորին հոսանքում։ Սառած ապարների ջերմաստիճանը կազմում է միջինը -10 ˚C, լեռնաշղթաների առանցքային հատվածներում և -6 ˚C գետահովիտներում։

Բուսական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չուկոտյան թերակղզու տարածքն ամբողջությամբ գտնվում է տունդրային գոտում։ Անտառներն ամենուրեք բացակայում են։ Բուսականությունից այստեղ հանդիպում են արկտիկական ուռենին, հապալասի կապույտը, լոռամրգին, դրանց բարձրությունը կազմում է 5-20 սմ։ Երբեմն հանդիպում են նաև գաճաճ կեչին, ալպիական մաթուզենին, լապլանդական դիապենսիան։ Գետահովիտներում աճում են թփուտներ, որոնք բաղկացած են ուռենիների տարբեր տեսակներից, գաճաճ կեչիներից։ Լայնորեն տարածված են քարաքոսերը և մամուռները, որոնց մեծ մասը հազվագյուտ է։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնորեն տարածված է բևեռաղվեսը և գայլը, ինչպես նաև հյուսիսային եղջերուները, նապաստակներ, երկարապոչ գետնասկյուռներ և հյուսիսային ծվծվաններ, լեմինգներ։ Լեռնային շրջաններում տարածված են ձնե ոչխարները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Chukchi Peninsula". Encyclopedia.com. Accessed September 2010.
  2. Леонтьев В. В., Новикова К. А. Топонимический словарь северо-востока СССР. — Магадан: Магаданское книжное издательство, 1989. — С. 415. — 456 с. — 15 000 экз. — ISBN 5-7581-0044-7.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չուկոտյան թերակղզի» հոդվածին։