Jump to content

Չմիջամտողի էֆեկտ (հոգեբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չմիջամտողի էֆեկտ, չխառնվողի էֆեկտ, կողմնակի անձի էֆեկտ, Ջենովեզեի սինդրոմ, հոգեբանական երևույթ, որն ի հայտ է գալիս, երբ մարդիկ ականատես են լինում արտակարգ իրավիճակերի (հանցագործություն և այլն) և չեն փորձում օգնել տուժողին։ Համարվում է, որ որքան շատ է հանցագործության պահին դեպքի վայրում գտնվող և իրադարձություններին ականատես մարդկանց թիվը, այնքան փոքր է հավանականությունը, որ նրանցից որևէ մեկը կմոտենա տուժողին և կսկսի օգնել նրան։ Այլ կերպ ասած՝ վկաներից յուրաքանչյուրը համարում է, որ տուժողին օգնել պարտավոր է ոչ թե ինքը, այլ մեկ ուրիշը։ Եվ ընդհակառակը, միակ վկան հասկանում է, որ բացի իրենից ոչ ոք չի օգնի տուժողին, ուստի գործում է ավելի վճռական կերպով[1]։ Այս երևույթի ի հայտ գալը բացատրվում է մի քանի գործոնների առկայությամբ, որոնց թվին են դասվում ոչ միանշանակությունը, պատասխանատվության դիֆուզիան և խմբային միասնությունը[2]։

Սոցիալական հոգեբանության հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չմիջամտողի էֆեկտն առաջին անգամ ներկայացվել է 1968 թվականին Ջոն Դարլիի և Բիբ Լատանեի կողմից այն բանից հետո, երբ նրանք հետաքրքրվեցին 1964 թվականին տեղի ունեցած Քիթի Ջենովեզեի սպանությամբ[3]։ Հետազոտողները անցկացրին գիտափորձերի մի ամբողջ շարք, որոնց արդյունքում բացահայտվեց սոցիալական հոգեբանության ամենահզոր և ամենակրկնվող երևույթներից մեկը[4]։ Տեղի ունեցող փորձում մասնակիցը գործում էր մենակ կամ մի խումբ մարդկանց հետ։ Նրա առջև տեղի է ունենում արտակարգ դեպք, որի ընթացքում հետազոտողները հետևում են, թե որքան ժամանակ անց է ականատեսը միջամտում իրադարձության ընթացքին, եթե իհարկե միջամտում է։ Օրինակ, փորձերից մեկի ժամանակ մասնակիցները պետք է փողոցում օգնեին մի անծանոթ կնոջ, որն իրեն վատ էր զգում։ Միայնակ մասնակիցների 70%-ը կնոջը օգնության հասավ, երբ տեսավ, որ վերջինս ընկնում է և իրեն իսկապես վատ է զգում։ Նույն գիտափորձի շրջանակներում, երբ փողոցում մի ականատեսի փոխարեն մի քանիսն էին, կնոջը օգնության հասավ ականատեսների միայն 40%-ը։

Գործոններ, որոնք ազդում են չմիջամտողնրի վարքի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակարգ և ոչ արտակարգ իրավիճակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիբ Լատանեն և Ջոն Դարլին իրականացրել են երեք գիտափորձ՝ փորձարկելու համար ոչ արտակարգ իրավիճակներում չմիջամտողի էֆեկտը[5]։ Դրանք ցույց տվեցին, որ մեծ նշանակություն ունի այն, թե ինչպես են օգնություն խնդրում մասնակիցներից։ Մի դեպքում մասնակիցներին հարցնում էին, թե ինչ է նրանց անունը։ Մասնակիցների մեծ մասը պատասխանում էր հարցին այն բանից հետո, երբ իմանում էին, թե ինչ է զրուցակցի անունը։ Մեկ այլ դեպքում մասնակիցներին խնդրել են օգնել 10 ցենտ տալով։ Երբ բացատրել են պատճառը՝ ասելով, որ «գողացել են իրենց դրամապանակը», խնդրանքին դրական արձագանքողների թիվը ավելի մեծ է եղել (72%), քան այն դեպքում, երբ պատճառների մասին ոչինչ չի ասվել։ Սա նշանակում է, որ որքան ավելի շատ տեղեկատվություն է ստանում «ականատեսը», այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ նա օգնության կհասնի[6]։

Արտակարգ իրավիճակների բնութագրիչներ, որոնք ազդում են ականատեսների վրա[5].

  1. վնաս հասցնելու վտանգ կամ արդեն իսկ հասցված վնաս,
  2. հազվադեպ և անսովոր իրավիճակներ,
  3. իրավիճակի անսպասելիություն,
  4. տվյալ իրավիճակում պահանջվող վարքի ձևը տարբերվում է այլ իրավիճակներում պահանջվող վարքի տեսակից,
  5. անհետաձգելի գործողությունների անհարաժեշտություն։

Որպես հետևանք վերոնշյալ հինգ բնութագրիչների՝ ականատեսներն անցնում են հետևյալ ճանաչողական և վարքաբանական գործընթացներով.

  1. նկատել, որ ինչ-որ բան է տեղի ունենում,
  2. հասկանալ, որ իրավիճակը արտակարգ է,
  3. զգալ պատասխանատության աստիճանը,
  4. օգնության ձևը,
  5. իրականացնել ընտրված գործողությունը։

Ոչ միանշանակություն և հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ միանշանակությունը գործոն է, որն ազդում է մարդու որոշման վրա՝ օգնելու տուժողին, երբ կա դրա անհրաժեշտությունը։ Այն իրավիճակներում, երբ ականատեսը կամ ականատեսները վստահ չեն, որ տուժողին օգնություն է հարկավոր (ոչ միանշանակությա�� բարձր մակարդակ), արձագանքը շատ ավելի դանդաղ է։ Այն իրավիճակներում, երբ ոչ միանշանակությունը գտնվում է ավելի ցածր մակարդակի վրա, ժամանակահատվածը, որից հետո ականատեսը ձեռնարկում է անհրաժեշտ գործողութուններ, զգալիորեն կրճատվում է։

Շրջակա միջավայրի իմացություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականատեսի օգնության հասնելը կարող է կախված լինել նաև այն հանգամանքից, թե որտեղ են տեղի ունենում իրադարձությունները[5]։ Եթե իրադարձությունները տեղի են ունենում այն տեղանքում, որը ծանոթ է ականատեսին, ապա ավելի մեծ է հավանականությունը, որ նա օգնության կհասնի տուժողին, քան հակառակ դեպքում։

Խմբային միասնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվս մեկ գործոն, որը կարող է ազդել ականատեսի վարքի վրա։ Միասնությունը ենթադրում է երկու կամ ավելի մարդկանց միջև փոխհարաբերությունների հաստատում։ Փորձեր են արվել հասկանալու համար ականատեսների արձագանքը արտակարգ իրավիճակներին այն դեպքում, երբ նրանք եղել են իրենց ծանոթ խմբի հետ։ Ականատեսների 4 խմբերից ամենամիասնականը պատասխանատվության ամենից բարձր մակարդակն է ցուցաբերել՝ տուժողին ամենաշատ օգնություն տրամադրելով[7]։

Պատասխանատվության դիֆուզիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիբ Լատանեն և Ջոն Դարլին (1968 թվական) անցկացրել են մի գիտափորձ, որը վերաբերում էր պատասխանատվության դիֆուզիային։ Փորձի արդյունքները ցույց են տվել, որ եթե իրադարձությունների ժամանակ դեպքի վայրում կան նաև այլ ականատեսներ, ապա իրադարձության ականատեսները ավելի շատ հակված են որևէ կերպով միջամտելու պատասխանատվությունը թողնել մնացած ականատեսների ուսերին[8]։

Քիթի Ջենովեզե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիթի Ջենովեզեի հետ կատարվածը հաճախ է դիտարկվում «չխառնվողի էֆեկտ»-ի ուսումնասիրությունների ժամանակ[9]։

1963 թվականի մարտի 13-ի երեկոյան Քիթին գնացել է տուն և կայանել ավտոմեքենան։ Այդ ընթացքում նրան է մոտեցել ոմն Ուինսթոն Մոզլի (անգլ.՝ Winston Moseley) և երկու անգամ դանակով հարվածել մեջքին։ Քիթին գոռացել է, և նրա աղաղակը լսել են հարևաններից մի քանիսը։ Երբ նրանցից մեկը պատուհանից գոռացել է․ «Հանգի՛ստ թող նրան», Մոզլին փախել է, և Քիթին դանդաղ մոտեցել է իր տանը։ Այդ ժամանակ արդեն նա լուրջ վնասվածք էր ստացել։

Ականատեսների կողմից ոստիկանությանը ավելի վաղ հասցված ահազանգերում կատարվածի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չկար, ինչի պատճառով տեղի ունեցածին ոստիկանությունում մեծ կարևորություն չի տրվել։ Մասնավորապես, ականատեսներից մեկի հայրը զանգահարել է ոստիկանություն և ասել, որ կնոջը «ծեծել են, բայց նա վեր է կացել և երերալով շրջում է»։

Այլ ականատեսները վկայում են, որ Մոզլին հեռացել է իր մեքենայով, բայց կարճ ժամանակ անց նորից վերադարձել է։ Նա սկսել է հետախուզել շրջակայքը՝ նպատակ ունենալով գտնել Ջենովեզեին, և գտել է վերջինիս կառույցի հետնամասում գտնվող միջանցքում ընկած, բայց դեռ գիտակից վիճակում։ Քանի որ այդ տեղանքը աննկատ է մնացել ականատեսների համար, հանցագործը որոշել է ավարտին հասցնել գործը և Քիթիին ևս մի քանի հարված հասցրել։ Ինչպես կարելի է դատել՝ տեսնելով աղջկա ձեռքերին առկա դանակի կտրվածքներից, նա փորձել է պաշտպանվել։ Այդ ամենից հետո Մոզլին բռնաբարել է աղջկան, գողացել 49 դոլար և ընկած թողնելով՝ հեռացել։ Ընդհանուր առմամբ հանցագործությունը տևել է մոտավորապես 30 րոպե։

Վերջին հարձակումից րոպեներ անց Կարլ Կրոսս անունով վկան զանգել է ոստիկանություն։ Քիթի Ջենովեզեն մահացել է կլինիկա տանող ճանապարհին։ Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ 10-ից ոչ պակաս (բայց ոչ 38, ինչպես հայտարարվել էր «Թայմս»-ի սենսացիոն հրապարակման մեջ) մարդ ականատես է եղել այդ հանցագործության այս կամ այն դրվագին, բայց չի գիտակցել տեսածի լրջության աստիճանը։ Ականատեսների մեծամասնությունը համոզված է եղել, որ իրենց լսած ճիչերը իրենց ծանոթների սովորական վեճերից են, կամ էլ հարբած մարդիկ են դրանց հեղինակը[10]։

Լերի Ֆրոստեդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի մարտի 22-ին Լերի Ֆրոստեդը ալկոհոլային կախվածության դեմ պայքարող մարդկանց համացանցային զրուցարանում հաղորդագրություն է տեղադրել։ Հաղորդագրության մեջ ասվում էր, որ նա նպատակաուղղված կերպով հարբել է, հրդեհել իր տունը՝ այդպիսով սպանելով իր դստերը։ Ավելի քան 200 մարդ այդ պահին առցանց է եղել և կարդացել հաղորդագրությունը։ Շատերը հայտնել են իրենց զայրույթը, որոշ մարդիկ սկսել են պաշտպանել նրան՝ ասելով, որ դա պարզապես նրա երևակայության արդյունքն է, և դրա պատճառը ալկոհոլի չարաշահումն է։ Շարունակական վիճաբանությունից հետո 200 օգտատերերից ոստիկանություն է զանգահարել ընդամենը 3-ը և հայտնել սպանության մասին։ Ֆրոստեդը խոստովանել է իր մեղքը 1998 թվականի մարտի 27-ին[11]։

2008 թվականի հունիսին 49-ամյա Էսմին Գրինը 24 ժամ օգնության սպասելուց հետո մահացել է Բրուքլինի հիվանդանոցի սպասասրահում։ Նրա կարգավիճակը անտեսվել է սենյակում գտնվող այլ ներկաների և 2 պահակների կողմից։

2009 թվականի դեկտեմբերի 2-ին Իրկուտսկի մարդաշատ մի փողոցում ծեծի է ենթարկվել երկու աղջիկ։ Այդ իրադարձության մասին հաղորդող նորություններում ասվում էր. «Մարդկային անտարբերությունը պարզապես սարսափեցնող է։ Ոչ ոք նույնիսկ չի մոտեցել, չի փորձել օգնության հասնել»[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Meyers, David G. (2010). Social Psychology (10th Ed). New York: McGraw- Hill. ISBN 978-0-07-337066-8.
  2. Philpot, Richard; Liebst, Lasse Suonperä; Levine, Mark; Bernasco, Wim; Lindegaard, Marie Rosenkrantz (2019 թ․ հունիսի 3). «Would I be helped? Cross-national CCTV footage shows that intervention is the norm in public conflicts». American Psychologist (անգլերեն). doi:10.1037/amp0000469. hdl:10871/37604. ISSN 1935-990X. PMID 31157529.
  3. Darley, J. M.; Latané, B. (1968). «Bystander intervention in emergencies: Diffusion of responsibility». Journal of Personality and Social Psychology. 8 (4, Pt.1): 377–383. doi:10.1037/h0025589. PMID 5645600. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին. {{cite journal}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  4. Fischer, Peter; Krueger, Joachim I.; Greitemeyer, Tobias; Vogrincic, Claudia; Kastenmüller, Andreas; Frey, Dieter; Heene, Moritz; Wicher, Magdalena; Kainbacher, Martina (2011). «The bystander-effect: A meta-analytic review on bystander intervention in dangerous and non-dangerous emergencies». Psychological Bulletin. 137 (4): 517–537. doi:10.1037/a0023304. PMID 21534650.
  5. 5,0 5,1 5,2 Darley, J. M., & Latane, B. (1970). The unresponsive bystander: why doesn't he help? New York, NY: Appleton Century Crofts.
  6. Faul, M., Aikman, S. N., & Sasser, S. M. (2016). Bystander Intervention Prior to The Arrival of Emergency Medical Services: Comparing Assistance across Types of Medical Emergencies. Prehospital Emergency Care, 1-7. doi:10.3109/10903127.2015.1088605
  7. Rutkowski, G. K.; Gruder, C. L.; Romer, D. (1983). «Group cohesiveness, social norms, and bystander intervention». Journal of Personality and Social Psychology. 44 (3): 545–552. CiteSeerX 10.1.1.470.5883. doi:10.1037/0022-3514.44.3.545.
  8. Darley, J.M.; Latané, B. (1968). «Bystander intervention in emergencies: diffusion of responsibility». Journal of Personality and Social Psychology. 8 (4): 377–383. doi:10.1037/h0025589. PMID 5645600.
  9. Manning, Rachel; Levine, Mark; Collins, Alan (2007 թ․ սեպտեմբեր). «The Kitty Genovese murder and the social psychology of helping: The parable of the 38 witnesses». American Psychologist. 62 (6): 555–562. CiteSeerX 10.1.1.210.6010. doi:10.1037/0003-066x.62.6.555. PMID 17874896.
  10. McFadden, Robert D. (2016 թ․ ապրիլի 4). «Winston Moseley, 81, Killer of Kitty Genovese, Dies in Prison». The New York Times..
  11. Harmon, Amy (1998 թ․ ապրիլ). «On-Line Trail to an Off-Line Killing». The New York Times. Վերցված է 2008 թ․ մայիսի 12-ին.
  12. Ссылка на новость