Ուղղագրական բառարան
Ուղղագրական բառարան, բառարանի տեսակ. բառացանկում գլխաբառը ներկայացվում է տվյալ լեզվի համար ընդունված, սահմանված, նորմավորված ուղղագրությամբ։ Լինում է ընդարձակ կամ սահմանափակ բառացանկով։ Երկրորդ դեպքում ընդգրկվում է մասնական (օրինակ, ուղղագրական դժվարություն ներկայացնող) բառաշերտ։ Մեծ մասամբ ուսուցողական նպատակադրում ունի, նպաստում է ճիշտ գրելուն։ Այս պատճառով է, որ ավելի շատ են այս տիպի դպրոցական բառարանները։
Հայերենի ուղղագրական բառարաններ
[խմբագրել | խմբագրել կոդ��]Ուղղագրական բառացանկեր հայտնի էին դեռևս միջնադարում։ Սակայն այս տիպի բնորոշ բառարաններ երևան եկան 20-րդ դարի առաջին տասնամյակին։ Կարելի է նշել, օրինակ, Գրիգոր Վանցյանի «Գրպանի ուղղագրությունը» (Թիֆլիս, 1906), Մանուկ Աբեղյանի «Ուղղագրական բառգիրքը» (Թիֆլիս, 1909, ունեցել է այլ հրատարակություններ ևս)։ Խորհրդային շրջանում 1930-ին լույս տեսավ Ն. Ալլահվերդյանի «Նոր ուղղագրական բառգրքույկը», որը պարունակում է շուրջ 4500 բառ։ 1940-60-ականներին շատ թե քիչ տարածում գտած բառարաններից են՝ Արարատ Ղարիբյանի «Ուղղագրական համառոտ բառարանը» (1940), որը պարունակում է շուրջ 5 հազար բառ (վերամշակված հրատարակությունները՝ 1945, 1947 թթ.-ին), Արարատ Ղարիբյանի և Գևորգ Պարիսի «Դպրոցական ուղղագրական բառարանը» (1956, 1959), Գևորգ Պարիսի և Գ. Շեկոյանի «Դպրոցական ուղղագրական բառարանը» (1967, ունեցել է նաև հետագա հրատարակություններ), որը պարունակում է 18 հազար բառ։ 1973-ին լույս տեսավ Հովհաննես Բարսեղյանի «Ուղղագրական-ուղղախոսական, տերմինաբանական բառարանը», որը նշանակալից ներդրում է հայ բառարանագրության մեջ։ Բառացանկում կան 152 հազար բառ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 594-595։
- Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975, էջ 300։
|