Jump to content

Ուելսյան կորգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուելսյան կորգի
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Միացյալ Թագավորություն և  Ուելս
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ուելսյան կորգի (անգլ.՝ Welsh Corgi կամ անգլ.՝ Corgi, /ˈkɔːrɡi/[1]), Ուելսում առաջացած փոքր տեսակի հովվաշուն։ Կորգի անվանումը առաջացել է ուելշերեն cor և ci (հետագայում դարձել է gi) բառերից, որոնք համապատասխանաբար նշանակում են գաճաճ և շուն։

Կա Կորգիի երկու հիմնական ցեղատեսակ՝ ուելսյան պեմբրոկ կորգի և ուելսյան կարդիգան կորգի։ Երկու ցեղատեսակների միջև նկատելի են ֆիզիկական, արտաքին տարբերություններ։ Համաձայն ցեղատեսակին հատուկ չափանիշների՝ կարդիգանը քաշով ու չափսերով ավելի մեծ է։ Նրանց պոչերը նույնպես տարբերվում են, և նախկինում ընդունված երևույթ է եղել դրանք հատելը, ինչը հիմա արգելված է։

Պատմականորեն ընդունված է, որ պեմբրոկ ցեղատեսակը տարածվել է 10-րդ դարում ֆլամանդացի ջուլհակների շնորհիվ, մինչդեռ կարդիգան ցեղատեսակը տարածվել է սկանդինավյան վերաբնակիչների միջոցով, սակայն երկու տեսակներն էլ սերել են շվեդական վալհունդ ցեղատեսակից։

Պեմբրոկ տեսակը ավելի հայտնի է ու տարածված, սակայն դեռևս դասվում է Միացյալ Թագավորության շների խոցելի ցեղատեսակների շարքին ըստ անգլիական Քեննել ակումբի[2]։ Պեմբրոկ տեսակը նման մեծ ճանաչում է ձեռք բերել Եղիսաբեթ II թագուհու շնորհիվ, որ ուներ ավելի քան 30 պեմբրոկ կորգի, կորգի ու տաքսա տեսակների խաչասերումից ստացված դորգի անունով հայտնի ցեղատեսակներ։

Պեմբրոկշիրը և Քարդիգանշիրը Հարավարևմտյան Ուելսում հարակից պատմական գյուղատնտեսական շրջաններ են[3]։ Ուելսյան կարդիգանը հովվաշան ցեղատեսակ է եղել, որը ունեցել է նաև Հիլեր անունը, քանի որ փոքրամարմին լինելով հանդերձ ստիպել է իրենից ավելի մեծ կենդանիներին շարժվել՝ վերջիններիս ոտքերը կծելով[4]։ Փոքր չափսերն ու բնածին ճարպկությունը ուելսյան կորգիներին թույլ էր տալիս խուսափել խոշոր եղջերավոր կենդանիների սմբակների հարվածներից[4]։ Կորգի բառը ուելշերենից թարգմանաբար նշանակում է խառնածին կամ գաճաճ շուն (cor = գաճաճ, ci = շուն, հետագայում ci-ն դարձել է gi), ինչը ամենևին էլ այս տեսակի շների փոքր չափսերը ծաղրելու համար չէ, այլ պարզապես նկարագրական տերմին է[3][5]։ Կորգիների ծագման մասին բազմաթիվ վարկածներ կան, շատերը հավատացած են, որ այս երկու ժամանակակից ցեղատեսակները մեկ ընդհանուր ծագում ունեն[6], մինչդեռ մյուսները ուելսյան պեմբրոկ կորգիների՝ 10-րդ դարում ներմուծումը, վերագրում են ֆլամանդական ջուլհակներին[7]։ Հետագա տեսությունների համաձայն պեմբրոկ ցեղատեսակը կարող է առաջացած լինել Գերմանիայի տարածքում Կենտրոնական Եվրոպայի հովվաշներից։ Կախված այս ցեղատեսակի շների ներմուծման ժամանակահատվածից, դրանք կարող են լինել գերմանական բիգլ կամ տաքսա[5]։

Ուելսյան կարդիգան կորգի ցեղատեսակի ծագումը վերագրվում է տարածաշրջանում սկանդինավյան ժողովուրդների վերաբնակեցմանը[8]։ Նման չափերի շներ գոյություն ունեն նաև ժամանակակից Սկանդինավիայում, որոնց անվանում են շվեդական վալհունդ[9], և որոշ պատմաբաններ պնդում են, որ այս երկու ցեղատեսակները ունեն մեկ, ընդհանուր նախահայր[10]։ Երբ 19-րդ դարում խոշոր եղջերավորներից անցում կատարեցին մանր եղջերավոր կենդանիների, կորգիների գործառույթը ոչխարներ արածեցնելիս այլևս անհրաժեշտ չէր։ Ուելսյան կորգիների նմանությունը վերագրվում է երկու ցեղատեսակների խաչասերմանը կամ պարզապես ընտրովի բուծմանը, ինչի պատճառը մարդիկ էին, որոնք ցանկանում էին, որ կարդիգան ցեղատեսակը իր բնույթով ավելի մոտ լինի պեմբրոքին[10]։

Կորգիների առաջին արձանագրված մասնակցությունը ցուցահանդեսին գրանցվել է 1925 թվականին։ Կապիտան Ջ. Փ. Հովելը հանդիպում ունեցավ կարդիգան և պեմբրոկ ցեղատեսակներ բուծողների հետ և ձևավորեց Ուելսյան Կորգի ակումբը, որի սկզբնական անդամները 59 էին։ Կազմվեց ցեղատեսակի ընդհանուր չափանիշներ, և կորգիները սկսեցին հայտնվել ցուցադրական շոուներում։ Մինչ այդ, ոչ մի ցեղատեսակ չէր բուծվել հատուկ արտաքին տեսքի համար։ Ակումբի անդամներին առաջին հերթին հետաքրքրում էր պեմբրոկ ցեղատեսակը, թեև հայտնի էր նաև կարդիգանը։ Այդ ժամանակ երկու ցեղատեսակները համապատասխանաբար անվանվեցին պեմբրոկշիր և կարդիգանշիր, իսկ ավելի ուշ անվանումները կրճատվեցին։ Սկզբնական շրջանի ցուցահանդես շոուներում երկու տեսակների բուծողների միջև հաճախ էին տարաձայնություններ լինում, քանի որ ժյուրիի անդամները, ովքեր բուծում էին երկու տեսակներից մեկը, իրենց նախապատվությունը տալիս էին հենց այդ տեսակին[11]։ Ուելսյան կորգիները առաջին անգամ հայտնվել են 1927 թվականին Միացյալ Թագավորությունում անցկացվելիք Քրաֆթս ամենամյա ցուցահանդեսին[12]։

Առաջին մրցանակը շնորհվել է 1928 թվականին Քարդիֆ շոուի ժամանակ կարմիր և սպիտակ մորթիով պեմբրոկ ցեղատեսակի՝ Շան Ֆեչ անունով կորգիի։ Երկու ցեղատեսակներին շարունակում էին գնահատել նույն անվան տակ մինչ 1934 թվականը, երբ Քեննել ակումբը առանձնացրեց դրանք։ Այդ նախնական շրջանում տոհմային գրքերում մոտ 59 կարդիգաններ և 240 պեմբրոկներ էին գրանցված։ Որոշումը, թե որ ցեղատեսակին է պատկանում յուրաքանչյուր շուն, երբեմն թողնվում էր տերերի հայեցողությանը, որոնք ազատ էին ընտրելու այն ցեղատեսակը, որը իրենց կարծիքով առավել նպատակահարմար է[11]։ Առաջին շունը, որ շոուի բաց ցուցադրության ժամանակ ճանաչվել է լավագույնը, եղել է Բավըթ Փիվիթը[13]։

Ուելսյան կարդիգան կորգի ցեղատեսակը շարունակում էր լինել ավելի հազվադեպ, քան պեմբրոկը։ 1940 թվականին կարդիգան կորգիների միայն 11 գրանցում է կատարվել։ Երկու ցեղատեսակներն էլ պահպանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, թեև պատերազմի ավարտին Քեննել ակումբում գրանցված էին միայն 61 կարդիգաններ[11]։ Պեմբրոկ ցեղատեսակը մեծ տարածում է գտել Միացյալ Թագավորությունում հետպատերազմյան տարիներին։ 1953 թվականին այն ճանաչվել է՝ չորրորդ ամենատարածված ցեղատեսակը Քեննել ակումբի կողմից՝ զիջելով անգլիական կոկեր սպանիելին, գերմանական հովվաշանը և պեկինեսին[14]։ 1955 թվականին Քրաֆթսում ցուցադրական շոուի լավագույնը դարձել է Քեթոփ Մըրոկոս Մինթ անունով ուելսյան պեմբրոկ կորգին[15]։ Կորգի ցեղատեսակի հայտնիությունը նվազել էր, և 1963 թվականին անասնաբույժ Բրայան Սինգլթոնը Թայմսին հայտնել է, որ դրա ենթադրյալ պատճառը նրանց խառնվածքի հետ կապված խնդիրներն են[16]։ Ուելսյան կարդիգան կորգին 2006 թվականին ընդգրկվել է Քեննել ակումբի տեղական շների խոցելի ցեղատեսակների ցանկի սկզբում[17]։ Այս ցանկը նախատեսված է այն ցեղատեսակների համար, որոնք մեկ տարվա ընթացքում գրանցում են 300-ից պակաս առանձնյակ, իսկ 2006 թվականին գրանցվել է կարդիգան կորգիների 84 առանձնյակ[18]։ Նախնական աճից հետո 2010 թվականին այն նվազել է մինչև 46 առանձնյակ, սակայն հետագայում ունեցել է ամենաբարձր ցուցանիշը. 2015 թվականին գրանցվել է ընդհանուր թվով 124 ձագ[17]։ 2013 թվականին այդ ցուցակին ավելացել է նաև ուելսյան պեմբրոկ կորգի ցեղատեսակը, քանի որ այդ տարի գրանցվել է ընդհամենը 241 ձագ[18]։ Մինչ Քեննել ակումբը մեղադրում էր օտարերկրյա շների ցեղատեսակների ներմուծմանը, The Daily Telegraph-ը մեղադրում էր պոչը կտրել արգելող օրենքին, որը գործում էր արդեն վեց տարի[19]։ Այնուամենայնիվ, պեմբրոկ ցեղատեսակի գրանցումները 2015 թվականին աճել են 34%-ով։ Այս փոփոխությունը պայմանավորված էր Ինստագրամում կորգիների հայտնիությամբ։ Պեմբրոկները 2016 թվականին հանվել են տեղական շների խոցելի ցեղատեսակների ցանկից[20][21]։

Միացյալ Նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին ամերիկացի սելեկցիոներ տիկին Լյուիս Ռոսլերը առաջին անգամ Միացյալ Նահանգներ բերեց ուելսյան կորգի իր Մերիդիփ բուծարանի համար, որը գտնվում էր Մասաչուսեթս նահանգի Բերքշիր Հիլզում։ Նա նախկինում հայտնի էր հին անգլիական հովվաշների բուծմամբ։ Ռոսլերը Լոնդոնի Պեդինգթոն կայարանում 12 ֆունտ ստեռլինգով գնել է Փոքրիկ Մադամ անունով պեմբրոկ կորգի։ Իր շան համար զուգընկեր գտնելու նպատակով նա այցելել էր մի քանի բուծարան և գնել Կապիտան Ուիլյամ Լյուիս անունով կորգիին։ Ամերիկյան Քեննել ակումբը առաջին անգամ ուելսյան կորգիներին որպես մեկ ցեղատեսակ գրանցել է 1934 թվականին, և Փոքրիկ Մադամը այդ ցեղատեսակի առաջին գրանցված առանձնյակն էր։ Ավելի ուշ՝ նույն տարում Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում պարոն Է. Մ. Թիդդի Կանադայից գնված Թութս անունով կորգիից գրանցվել է առաջին սերունդը[13]։

Թիդդը 1935 թվականին Բավըթ Փիվիթին ներմուծել էր բուծման նպատակով և գրանցել նրան ամերիկյան Քեննել ակումբում Սիերա Բավըթ Փիվիթ անունով։ Ի հավելում իր բրիտանական տիտղոսների, նա դարձել է առաջին կորգին, որ ԱՄՆ-ում արժանացել է չեմպիոնի կարգավիճակին, և այս տեսակին պատկանող առաջին շունն էր, որ Միացյալ Նահանգներում կայացած ցուցադրական շոուի ժամանակ «Լավագույնն» է ճանաչվել։ Ուելսյան պեմբրոկ կորգի ակումբը ստեղծվել է 1937 թվականին[13] և առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Ջերալդին Ռոքֆելլեր Դոջի Նյու Ջերսիում գտնվող Ջիրալդա ֆերմայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Միացյալ Թագավորությունից ներմուծվել է Ռոզեյվլ Անկլ Սեմը, որը առաջատար դիրք է զբաղեցրել կորգիների ցուցահանդեսների ժամանակ։ 1949 թվականին նա առաջին պեմբրոկ կորգին էր, որ արժանացել է ԱՄՆ-ում կայացած բաց ցուցահանդես-շոուի «Շոուի լավագույնը» տիտղոսին։ 1998 թվականին ուելսյան պեմբրոկ կորգին դարձել է 37-րդ ամենատարածված շան տեսակը ԱՄՆ-ում[22]։

1931 թվականին ԱՄՆ է ներմուծվել ուելսյան կարդիգան կորգի ցեղատեսակի մի զույգ, սակայն ամերիկյան Քեննել ակումբում այս ցեղատեսակը առաջին անգամ գրանցվել է 1935 թվականին։ Առաջին գրանցված շունը Բլոդվենն էր Ռոբինսկրոֆթից։ Պեմբրոկ ցեղատեսակի կորգիները ԱՄՆ-ում երբեք լայն տարածում չեն ունեցել։ 1997 թվականին ամերիկյան Քեննել ակումբում գրանցված են եղել 752 ուելսյան կարդիգան ցեղատեսակի և 8281 պեմբրոկ ցեղատեսակի կորգի[22]։

Ժամանակակից ցեղատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուելսյան կարդիգան կորգի (ձախ) և ուելսյան պեմբրոկ կորգի (աջ)

Ուելսյան կորգիների երկու ցեղատեսակները՝ կարդիգանը և պեմբրոկը, անվանվել են համապատասխանաբար Ուելսի այն շրջանի անունով, որտեղից ծագել են։ Ցեղատեսակները ունեն մի քանի նմանություններ։ Այդ նմանություններից մեկը նրանց մորթին է, որը ջրակայուն է և փոխվում է միջինում տարին երկու անգամ։ Կարդիգան ցեղատեսակի մարմինը մի փոքր ավելի երկար է, քան պեմբրոկինը, բայց երկու ցեղատեսակներն էլ ունեն կարճ ոտքեր[7][8]։ Նրանց մարմնի ուրվագիծը այնքան քառակուսի չէ, որքան սովորական տերիերինը, և ոչ էլ այնքան երկարավուն է, որքան տաքսայինը[23]։ Միայն աննշան տարբերություն է նկատվում գլխի ձևի մեջ, բայց երկու ցեղատեսակներն էլ նման են աղվեսի։ Կարդիգան ցեղատեսակի կորգիի գլուխը սովորաբար ավելի մեծ է, իսկ քիթը ավելի երկար, քան պեմբրոկ ցեղատեսակինը[24]։ Ծնվելուց մի քանի օր անց միայն հնարավոր կլինի իմանալ կորգիի մորթու գույնը, սա հատկապես երևում է եռ��գույն կամ սև ու մուգ գունավորում ունեցող կորգիների մոտ[23]։ Մեր օրերում կորգիները հաճախ մրցում են շների վազքի, հնազանդության, ցուցադրության, թռչող գնդակի, հոտառության, հովվության մրցույթներում։ Հովիվների բնազդները և վարժունակությունը կարող են չափվել ոչ մրցակցային հովվության թեստերի ժամանակ։ Կարդիգան և պեմբրոկ կորգիները, որոնք դրսևորում են հովիվներին հատուկ հիմնական բնազդները, կարող են մարզվել՝ մրցելու հովվության մրցույթում, որը հայտնի է «Խելագար վազք» անունով[25]։ Ուելսյան կորգիները ժամանակին օգտագործվել են նաև երեխաներին հսկելու համար[9]։

Ուելսյան կարդիգան կորգի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուելսյան կարդիգան կորգի

Երկու ցեղատեսակների միջև տարբերությունները ներառում են ոսկրային կառուցվածքը, մարմնի երկարությունը և չափը։ Կարդիգանը ավելի մեծ է, ունի մեծ, կլորավուն ականջներ և 30սմ երկարությամբ փափուկ պոչ[6]։ Չնայած կարդիգանը ավելի շատ երանգներ կարող է ունենալ, քան պեմբրոկը, բայց սպիտակ գույնը չի կարող գերակշռել[26]։ Կարդիգանների մորթին երկշերտ է։ Արտաքին մազածածկույթը խիտ է, հաստ և միջին երկարության, իսկ ներքին մազածածկույթը կարճ է, փափուկ և հաստ[9]։ Ըստ ցեղատեսակին հատուկ ցուցանիշների, նրանց երկարությունը կարող է հասնել 27-32սմ-ի, իսկ քաշը՝ 14-17կգ-ի։ Կարդիգանի կմախքի կառուցվածքը տարբերվում է պեմբրոկինից քանի որ առջևի երկու ոտքերի միջև բացվածքը ավելի մեծ է, ինչը պայմանավորված է կենդանու կրծքավանդակի չափսերով։ Բացի այդ կարդիգանը ավելի ծանր է, քան պեմբրոկը, ինչը պայմանավորված է ավելի ծանր ոսկրային համակարգով[24]։

Կարդիգան ցեղատեսակի մորթին գույների ավելի մեծ բազմազանություն ունի, քան պեմբրոկը։ Այն կարող է լինել ոսկեգույն, կարմիր, դարչնագույն և բծավոր։ Այս ցեղատեսակի համար սպիտակ զոլերը ցանկալի են, իսկ սև մորթի ունեցող կորգիները, ըստ ցուցադրական մրցույթների կանոնների, կարող են այլ երանգի զոլեր ու բծեր ունենալ։ Այս ցեղատեսակի մոտ կարող են արտահայտվել նաև պուտավոր նախշերը[27]։ Հաստատման ցուցադրությունների ժամանակ օգտագործվում են որակազրկման մի քանի չափանիշներ ըստ ցեղատեսակին հատուկ չափորոշիչների։ Այդ չափանիշները կարող են ներառել. ցցված ականջները, սպիտակ մորթին, կապույտ աչքերը և առանց նախշերի սև քիթը[28]։

Ուելսյան պեմբրոկ կորգի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեմբրոկ ցեղատեսակը առանձնանում է իր սուր ականջներով[4] և չափսերով ավելի փոքր է քան կարդիգան ցեղատեսակը։ Կարճահասակ է, խելացի, ուժեղ, ամուր և տոկուն, այս հատկանիշները բավարար են ֆերմայում մեկ օր աշխատելու համար[26]։ Ընդհանուր բոյը 25–30 սմ է, իսկ քաշը արու շան դեպքում չպետք է լինի ավելի, քան 14 կգ, իսկ էգի դեպքում՝ 11 կգ[24]։ Պոչն ավելի կարճ է, քան կարդիգան ցեղատեսակինը, որը կարող է բուծման կամ հատման հետևանք լինել[26]։ Պատմականորեն, պեմբրոկը շատ կարճ պոչ ունեցող ցեղատեսակ է։ Շների պոչը հատելու երևույթի զարգացումը ագրեսիվ հետապնդման պատճառ չէ[4], հակառակը բուծողները կենտրոնացել են այլ չափորոշիչների վրա և պոչը արհեստականորեն հատում են անհրաժեշտության դեպքում։ Հաշվի առնելով, որ որոշ երկրներ այժմ արգելում են պոչի արհեստական հատումը, որոշ բուծողներ կրկին փորձում են ընտրել բնականում կարճ պոչ ունեցող գեներով շներ[29]:

Ուելսյան պեմբրոկ կորգին 2019 թվականի ցուցադրական մրցույթի ժամանակ

Պեմբրոկ ցեղատեսակի շների մորթու գույները համեմատաբար բազմազան չեն։ Այն կարող է լինել կարմիր, բաց դարչնագույն, թուխ, ոսկեգույն ու սև, և յուրաքանչյուրի դեպքում սպիտակ զոլերը կարող են լինել կամ չլինել։ Սպիտակ կամ մոխրագույն մորթիով շներ նույնպես կարելի է հանդիպել, բայց ցուցադրական շոուների համար այդ գույների մորթիները լուրջ թերություն են համարվում[27]։ Այնուամենայնիվ, ուելսյան պեմբրոկ կորգին չունի որակազրկման հատուկ չափանիշներ, որոնք առկա են ցեղատեսակին հատուկ չափորոշիչներում[28]։

Ուելսյան պեմբրոկ կորգին ունի երկու տեսակի մորթի։ Դրանք տարբերվում են երկարությամբ և ընդգրկում են ամբողջ մարմինը։ Առաջին շերտը` ներքին մազածածկը ավելի կարճ է և դիմացկուն դաժան եղանակին, իսկ արտաքին մազածածկը ավելի կոպիտ է և երկար, բայց դեռևս միջին երկարության։ Մարմնի տարբեր մասերում մորթու մազերի երկարությունը տարբերվում է։ Մորթին ավելի երկար և հաստ է լինում նրանց ոտքերի հետևում, ինչպես նաև փորիկին։ Բացի այդ, նրանք ավելի խիտ մազածածկույթ ունեն կրծքավանդակի, պարանոցի և ուսերի հատվածում։ Ուելսյան պեմբրոկ կորգիները նույնպես փոխում են իրենց մորթին[30]։

Առողջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
14 տարեկան ուելսյան պեմբրոկ կորգի

Ըստ Քեննել ակումբի 2004 թվականին անցկացված մաքրացեղ շների առողջության հետազոտության, երկու ցեղատեսակներն էլ ունեին կյանքի նույն միջին տևողությունը. մահվան միջին տարիքը պեմբրոկների համար եղել է 12 տարի 3 ամիս, իսկ կարդիգանների համար՝ 12 տարի 2 ամիս։ Մահվան հիմնական պատճառները երկու ցեղատեսակների մոտ էլ նման էին. առաջնային պատճառները շների քաղցկեղն ու ծերությունն էր։ Այնուամենայնիվ, պեմբրոկ ցեղատեսակը գրանցել է մահացությունների ավելի մեծ ցուցանիշ, որը վերագրվում է կամ երիկամային անբավարարությանը կամ միզածորանի խանգարմանը[31][32]։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ցեղատեսակները տառապում են առողջական նմանատիպ խնդիրներից, մեկ բացառությամբ։ Հետազոտված ուելսյան պեմբրոկ կորգիների ավելի քան մեկ քառորդը տառապում էր աչքի ինչ-որ տիպի հիվանդությամբ, մինչդեռ կարդիգան ցեղատեսակի միայն 6.1%-ը այդ հիվանդությունը ուներ[31][32]։ Կորգի ցեղատեսակին բնորոշ աչքի հիվանդությունները ներառում են ցանցաթաղանթի առաջադեմ ատրոֆիա, որն ավելի հաճախ հանդիպում է վեց տարեկանից մեծ շների մոտ և գլաուկոմա, որը կրկին տարածված է տարեց շների մոտ[33]։ Կորգիների կատարակտը բուժվում է դրա հեռացմամբ[34]։ Հետազոտության արդյունքում նույնանման տոկոսային ցուցանիշներ են նկատվել երկու ցեղատեսակների՝ վերարտադրության հետ կապված խնդիրների դեպքում, ինչպիսիք են կեսարյան հատումների պահանջը և կեղծ հղիությունը։ Հետագա նմանություններ են նկատվել նաև մկանային-կմախքային համակարգի հետ կապված խնդիրներում, ներառյալ արթրիտը[31][32]։ Այնուամենայնիվ, ազդրի դիսպլազիան, որը տարածված է շների որոշ տեսակների մոտ, հազվադեպ է կորգի ցեղատեսակների մոտ[33]։

Մշակութային ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական թագավորական ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթ 2-րդ թագուհին երկար տարիներ պահել է կորգի ցեղատեսակի շներ, և նա, ըստ տեղեկությունների, ասել է. «Իմ Կորգիները ընտանիք են»[35]։ 1933 թվականին Բաթի 5-րդ մարկիզ Թոմաս Թինին այցելելուց հետո արքայադուստրեր Եղիսաբեթն ու Մարգարետն իրենց ընտանիքին հայտնեցին, որ իրենց դուր են գալիս մարկիզի կորգիները[36][37]։ Նրանց հայրը՝ արքայազն Ալբերտը, Յորքի դուքսը (հետագայում՝ Ջորջ VI), գնել է պեմբրոկ ցեղատեսակի կորգի Ռոզավելի Ոսկե Արծվին Սուրեյ Ռոզավելի բուծարաններից, որին վերանվանել են Դուկի[38]։

Մոլ փողոցի՝ մայր թագուհի Եղիզաբեթի, բրոնզե արձանը, որի հեղինակն է Փոլ Դեյը

Արքայադուստր Եղիսաբեթին այնուհետև 1944 թվականին՝ իր 18-րդ տարեդարձին, նվիրեցին իր սեփական պեմբրոկ կորգին, որի անունն էր Սյուզան[39]։ Նա շատ կապված էր շան հետ, որը թաքնված էր արքայական կառքի գորգերի տակ՝ արքայազն Ֆիլիպի հետ նրա հարսանիքից հետո[40]։ Սյուզանը դարձավ թագավորական ընտանիքին պատկանող հետագա բոլոր կորգիների նախամայրը։ Թագուհին Սյուզանից բուծեց շների 10 սերունդ՝ անձամբ ունենալով 30-ից ավելի շներ, որոնք կամ մաքուր ուելսյան պեմբրոկ կորգիներ էին, կամ կորգի և տաքսա տեսակների խաչասերումից ստացված դորգի[41][42]։ Կորգիները, որոնց անուններն էին Վիսկի, Շերի, Անանուխ, Դաշ և Դիսկո, քնում էին իրենց սենյակում հյուսված զամբյուղներում, որոնք ծածկված էին բարձերով։ Հաղորդվում է, որ նրանց սննդակարգը, որը պատրաստում էր «գուրման շեֆ-խոհարարը», ներառում էր թարմ նապաստակի և տավարի միս[35]։

2018 թվականին հաղորդվեց, որ մահացել է Եղիսաբեթ թագուհուն պատկանող և Սյուզանից սերած կորգիներից վերջինը[35][43]։ 2021 թվականին COVID-19-ի արգելափակման ժամանակ նրա որդին՝ արքայազն Էնդրյուն, նրան նվիրեց Մյուիկ անունով կորգի։ Դրան հաջորդեց Էնդրյուի դուստրերի՝ Բեատրիսի և Եվգենիի նվերը, Սենդի անունով մեկ այլ կորգի՝ նրա 95֊րդ տարեդարձի կապակցությամբ։ 2022 թվականի սեպտեմբերին թագուհու մահից հետո արքայազն Էնդրյուն և նրա նախկին կինը՝ Յորքի դքսուհի Սառան, պետք է հոգ տանեին Մյուիկի և Սենդիի մասին[35]։

Մշակութային այլ ազդեցություն

Կորգի ցեղատեսակի շները հայտնվել են նաև էկրանին, բեմում և վեպերում։ Ամերիկացի գրող և նկարազարդող Տաշա Թուդորի «Կորգիվիլի տոնավաճառը», «Կորգիվիլի մեծ առևանգումը» և «Կորգիվիլի Սուրբ Ծնունդը» ֆանտաստիկ հեքիաթների հերոսները կորգի ցեղատեսակի շներ են[44]։ 1963 թվականին կորգի ցեղատեսակի շունը նկարահանվել է Ուոլթ Դիսնեյի «Կորած շնիկը» ֆիլմում[45], ինչի շնորհիվ ցեղատեսակի հայտնիությունը Միացյալ Նահանգներում աճել է[46]։ Երբ կայացավ ուելսցի գրող Ռոալդ Դալի «Բարի հսկան» վեպի թատերական համապատասխանեցումը, 1991 թվականին այն հյուրախաղերով մեկնեց Մեծ Բրիտանիա և Եղիսաբեթ II թագուհու կորգիների նման մի քանի կորգի էր անհրաժեշտ ներկայացման համար[47]։ Թագուհու կորգիները հիշատակվում են նաև բելգիական նույնանուն անիմացիայում[48]։

«Կովբոյ Բիբոթ» անիմացիայում անձնակազմը իր նավի վրա ուներ Էյն անունով մի գերխելացի ուելսյան պեմբրոկ կորգի[49]։ Թոփ շելֆի «Կորգի» գրաֆիկական վեպում կորգին ներկայացված էր որպես բանահյուսական կախարդական կենդանի։ Վեպում ներկայացվում են Մոլլիները, որոնք կախարդական էակներ էին կապված հող�� հետ և նրանց ընկերները կորգիներ էին, որոնց կերպարը վերցված էր ուելսյան կորգի ցեղատեսակից[50]։

Կորգիները հայտնվել են նաև 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողության Եղիսաբեթ II թագուհու հատվածում, երբ Ջեյմս Բոնդը ուղեկցում էր նրան Բուքինգհեմյան պալատից մինչև մարզադաշտ[51][52]։

Ամերիկյան «Անվերջ գնացք» անիմացիոն հեռուստասերիալում ներկայացված է մարդակերպ կորգիների երկիրը՝ հայտնի որպես Կորիջինիա, որը ղեկավարում է Ատտիկուս թագավորը, և ոճավորված է որպես «Կարդիգանների և Պեմբրոկների միավորում»[53]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Dog Breeds Journal». Dog Breeds Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
  2. «The Queen's Corgis designated a 'vulnerable' breed». The Telegraph. 2015 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  3. 3,0 3,1 Beauchamp, 1999, էջ 7
  4. 4,0 4,1 4,2 4,3 Boorer, 1975, էջ 17
  5. 5,0 5,1 Beauchamp, 1999, էջ 8
  6. 6,0 6,1 Boorer, 1975, էջ 18
  7. 7,0 7,1 McGreevy, 1999, էջ 300
  8. 8,0 8,1 McGreevy, 1999, էջ 301
  9. 9,0 9,1 9,2 Bennett Woolf, Norman. «Welsh Corgis: Small Dogs With Big Dog Hearts». Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  10. 10,0 10,1 Beauchamp, 1999, էջ 9
  11. 11,0 11,1 11,2 Beauchamp, 1999, էջ 10
  12. «Local Successes at Crufts'». Hull Daily Mail. No. 12901. 1927 թ․ փետրվարի 10. էջ 8. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին – via British Newspaper Archive.
  13. 13,0 13,1 13,2 Beauchamp, 1999, էջ 13
  14. Steinkoff, Alan (1953 թ․ մարտի 21). «Putting on Royal Dog». The Oil City Derrick. No. 27636. էջ 8. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  15. «Supreme Champion At Cruft's». The Times. No. 53159. 1955 թ․ փետրվարի 7. էջ 3.
  16. «The Bulldog Breed IS All Wrong». The Times. No. 55870. 1963 թ․ նոյեմբերի 28. էջ 14.
  17. 17,0 17,1 «Comparative Tables of Registrations for the Years 2006-2016 Inclusive: Pastoral» (PDF). The Kennel Club. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  18. 18,0 18,1 Grossman, Samantha (2013 թ․ նոյեմբերի 5). «Everybody Panic: Corgis Are On Their Way to Becoming Endangered». Time. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  19. Millward, David (2013 թ․ նոյեմբերի 3). «Queen's favourite corgi endangered due to Labour law». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  20. Winter, Stuart (2015 թ․ հոկտեմբերի 12). «Corgi popularity on the rise thanks to social media». Daily Express. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  21. Nagesh, Ashitha (2016 թ․ փետրվարի 7). «Pembroke Corgis and Old English Sheepdogs are officially no longer endangered». Metro. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  22. 22,0 22,1 Beauchamp, 1999, էջ 14
  23. 23,0 23,1 Niccoli, 1989, էջ 6
  24. 24,0 24,1 24,2 Beauchamp, 1999, էջ 15
  25. Hartnagle-Taylor, Taylor, էջ 82
  26. 26,0 26,1 26,2 Cunliffe, 2000, էջ 237
  27. 27,0 27,1 Beauchamp, 1999, էջ 16
  28. 28,0 28,1 Beauchamp, 1999, էջ 17
  29. Hausman, Hausman, էջեր 275-277
  30. «Official Standard of the Pembroke Welsh Corgi» (PDF). American Kennel Club. American Kennel Club. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  31. 31,0 31,1 31,2 Kennel Club/British Small Animal Veterinary Association Scientific Committee (2004). «Summary results of the Purebred Dog Health Survey for the Welsh Corgi Cardigan breed» (PDF). Kennel Club. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.(չաշխատող հղում)
  32. 32,0 32,1 32,2 Kennel Club/British Small Animal Veterinary Association Scientific Committee (2004). «Summary results of the Purebred Dog Health Survey for the Welsh Corgi Pembroke breed» (PDF). Kennel Club. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  33. 33,0 33,1 Beauchamp, 1999, էջ 93
  34. Kim, Mu-young (2018). «Phacoemulsification for Cataract Secondary To Persistent Hyperplastic Tunica Vasculosa Lentis And Persistent Hyperplastic Primary Vitreous in a Welsh Corgi». Acta Veterinaria-Beograd.
  35. 35,0 35,1 35,2 35,3 Zeldin-O'Neil, Sophie (2022 թ․ սեպտեմբերի 11). «Prince Andrew and Sarah Ferguson to care for the Queen's corgis». The Guardian. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.
  36. Pierce, Andrew (2007 թ․ հոկտեմբերի 1). «Hug for Queen Elizabeth's first corgi». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
  37. «Royal love affair with animals charted in intimate new shots». Hello. 2007 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
  38. «Royal family... and their pets». [The Mail. Adelaide: National Library of Australia. 1954 թ․ դեկտեմբերի 4. էջ 67. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.
  39. «Family pets». The British Monarchy. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
  40. «Princess, Phillip Take Honeymoon Joy Ride in Jeep». The Milwaukee Journal. 1947 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.(չաշխատող հղում)
  41. Bennett, Will (2004 թ․ ապրիլի 10). «Queen's moving tribute to her favourite corgi». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
  42. Haddon, Celia (2006 թ․ ապրիլի 20). «Her devoted canine companions – cocker spaniels, labradors and, of course, corgis». The Daily Telegraph. London. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
  43. «End of an Era: Queen Elizabeth's Last Corgi Has Passed Away» (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 19. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  44. «Who is Tasha Tudor?». Tasha Tudor Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  45. «Little Dog Lost». British Film Institute. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  46. Living, Marin (1974 թ․ օգոստոսի 10). «Mr. Snowshoes Has Proven Himself The Best Corgi In West». Daily Independent Journal. էջ 38. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին – via Newspapers.com.
  47. «Corgis line up for royal role». The Times. No. 64128. 1991 թ․ սեպտեմբերի 18. էջ 6.
  48. Keslassy, Elsa (2018 թ․ փետրվարի 12). «Charades pre sells 'The Queen's Corgi' to key territories». Variety. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  49. Russell, H.D. (2016 թ․ մարտի 14). «Cowboy Bebop - Whatever Happens, Happens». The Escapist. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  50. «Christian Slade». Top Shelf Productions. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  51. Brown, Nic (2012 թ․ հուլիսի 27). «How James Bond whisked the Queen to the Olympics». BBC News. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.
  52. «Action & Mystery exhibition inspired by GREAT British icons». Gov.uk. 2016 թ․ նոյեմբերի 1.
  53. Archived at Ghostarchive and the Wayback Machine: «Atticus of Corginia | Infinity Train | Cartoon Network». youtube.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուելսյան կորգի» հոդվածին։