Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուբերլանդիա (պորտուգալերեն՝ Uberlândia, պաշտոնական անվանումը Município de Uberlândia), քաղաք և համայնք Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում։ Ընկած է այսպես կոչված՝ Triângulo Mineiro («Հանքարդյունաբերության եռանկյունի») տարածաշրջանում, նահանգի վարչական կենտրոն Բելու Օրիզոնտիից հետո երկրորդ խոշոր քաղաքն է այդ նահանգում և տնտեսական ամենակարևոր կենտրոնը տարածաշրջանում։ Զբաղեցնում է 4115,2 քառակուսի կիլոմետր տարածք։ 2019 թվականի հուլիսի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 604.013[2]:
Բնակավայրի կլիման լեռնային-արևադարձային է, հաճախակի կրկնվող չորային տարեշրջաններով։ Կյոպենի դասակարգման համաձայն՝ դասվում է Cwa կամ Aw կարգին[3]։
Ուբերլանդիայում է գտնվում նույնանուն կաթոլիկ թեմի նստավայրը, ինչպես նաև՝ նույնանուն ֆուտբոլային ակումբի մարզական հանգրվանը։
Սկզբնապես բնակավայրին տրվել է Uberabinha անվանումը, բայց որոշ ժամանակաշրջան անց այդ անվանումը, նվազական, փոքրացուցիչ -inha վերջածանցի պատճառով, դարձել է միանգամայն անհամապատասխան՝ արագորեն աճող ու զարգացող քաղաքին, որն արդեն վերածվել էր շրջանային վարչական կենտրոնի։ 1922 թվականին որոշում է ընդունվել -inha վերջածանցը փոխարինել lândia -ով և քաղաքը վերակոչել Uberlândia[4]:
- Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում է 9 190 673 074,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
- Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում է 15 704,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
- Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2006 թվականի դրությամբ, կազմում է 0,833 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։
-
-
-
-
-
Սեզարիու Ալվին պողոտան
-
-
-
-
-
«Տանկրեդո Նևես» մարզապալատը
-
Պարկե դու Սաբինա մարզադաշտը, որտեղ իր «տնային» մրցելույթներն է անցկացնում քաղաքի «Ուբերլանդիա» ֆուտբոլային թիմը