Jump to content

Մտապատկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մտապատկեր, օբյեկտիվ աշխարհի առարկաների և իրադրությունների զգայական արտացոլման արդյունքները, որոնք ընկալման գործընթացից հետո մնում են հոգեկանում, մինչդեռ համապատասխան առարկաներն ու իրադրություններն այլևս մատչելի չեն ընկալման համար։ Մտապատկերը զգայական արտացոլման արդյունք է. այն «հետքը», որը մնում է հոգեկանում, երբ համապատասխան օբյեկտը բացակայում է կամ էլ ընկալման համար մատչելի չէ։ Այսպիսով, մտապատկերը տվյալ պահին չընկալվող և նախորդ փորձի հիման վրա վերարտադրվող առարկաների կամ երևույթների արտացոլման հոգեկան գործընթաց է։ Մտապատկերների և ընկալման պատկերների առաջացման ժամանակ պատկերներն էապես փոփոխության են ենթարկվում մի քանի ներքին գործոնների՝ պահանջմունքների, մոտիվացիաների, դիրքորոշումների, կյանքի փորձի ազդեցության տակ։ Մտապատկերները նման են հալյուցինացիաներին։ Թե´ մեկը, թե´ մյուսը առաջանում են իրական օբյեկտների, որոնց արտացոլումն են հանդիսանում, բացակայության ժամանակ։ Տարբերությունն այն է, որ հալյուցինացիաների ժամանակ մարդն առաջացող պատկերը համարում է իրական աշխարհի մի մաս։ Մտապատկերներն ավելի աղոտ են, ընդհանրական, պատկերի երկրորդական կողմերը հաճախ բաց են թողնվում, անկայուն են։ Մտապատկերն ավելի խեղաթյուրված է քան ընկալվող պատկերը։ Լեզվի և ներքին խոսքի ազդեցության տակ տեղի է ունենում անցում մտապատկերից դեպի վերացական հասկացություն։ Գոյություն ունեն մտապատկերները նկարագրող մի քանի բնութագրումներ։ Առաջին հերթին դա ակներևությունն է։ Մտապատկերները շատ նման են ընկալման պրոցեսին։ Սակայն պերցեպտիվ պատկերները նյութական աշխարհի այն օբյեկտների արտացոլումներն են, որոնք ընկալվում են տվյալ պահին, մինչդեռ մտապատկերները օբյեկտների վերարտադրված և վերամշակված պատկերներն են, որոնք ընկալվել են նախկինում։ Մտապատկերի հաջորդ նկարագիրը վերջինիս դրվագայնությունն է։ Մտապատկերները հստակ, հաջորդական ու պայծառ պատկերներ չեն։ Սրա առանձին մասերը վառ են դրսևորվում, մյուսները քիչ ավելի խամրած են, մինչդեռ երրորդները կարող են առհասարակ բացակայել։ Մտապատկերների ոչ պակաս կարևոր բնութագիր է վերջինիս անկայունությունը։ Այսպիսով, ցանկացած մտապատկեր կորչում է գիտակցության դաշտից, որքան էլ ջանանք այն պահպանել։ Բացի այդ, 21մտապատկերները շատ փոփոխական ու հոսուն են։ Յուրաքանչյուր անգամ առաջին պլան են մղվում առարկայի կամ երևույթի մեկ, ապա՝ մյուս հատկանիշները։ Հարկ է նշել, որ մտապատկերները իրականության ոչ թե պատկերավոր, այլ վերացարկված արտացոլումներ են։ Վերացարկման մակարդակը կարող է լինել տարբեր։ Այս տեսանկյունից մտապատկերները մոտ են հասկացությանը։ Այսպիսով մտապատկերները անցումային տեղ ունեն զգայական, պերցեպտիվ պատկերների և հասկացության միջև։ Մտապատկերները, ինչպես ցանկացած այլ գործընթաց, մի շարք գործառույթներ է իրականացնում մարդու վարքի կարգավորման մեջ։ Հիմնականում առանձնացնում են հետևյալ գործառույթները. ազդանշանային, կարգավորող։

Մտապտկերների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտապատկերի դասակարգման հարցում ներկայումս գոյություն ունեն տարբեր մոտեցումներ։ Քանի որ մտապատկերի հիմքում ընկած է նախկին պերցեպտիվ փորձը, ապա մտապատկերի հիմնական դասակարգումը կառուցվում է զգայության և ընկալման տեսակների դասակարգման հիման վրա։ Ըստ այս դասակարգման՝ ընդունված է առանձնացնել մտապատկերների հետևյալ տեսակները՝ տեսողական, լսողական, կինեստետիկ, շոշափելիքի, հոտառության, համի ջերմաստիճանի և օրգանական։ Սակայն դասակարգման այս մոտեցումը չի կարող դիտվել որպես ամփոփ և ամբողջական։ Ըստ մտապատկերների բովանդակության առանձնացնում են՝ մաթեմատիկական, աշխարհագրական, տեխնիկական, երաժշտական և այլ մտապատկերներ, ըստ վերացարկման մակարդակի՝ կարելի է խոսել մասնավոր և ընդհանուր մտապատկերների մասին։ Դասակարգվում են նաև կամային ճիգերի գործադրման մակարդակի համաձայն։

  • Նալչաջյան Ա. Ա. (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.