Jump to content

Մոզդոկի գավառագիտության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոզդոկի գավառագիտության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոզդոկի քաղաքային բնակավայր
ՎայրՄոզդոկ
Մասն էՀյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի Ազգային թանգարան
Ղեկավարության նստավայրՄոզդոկ, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, Ռուսաստան
Հիմնադրվել էմարտի 27, 1970
Քարտեզ
Քարտեզ

Մոզդոկի գավառագիտության թանգարան (ռուս.՝ Моздокский музей краеведения), Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի Ազգային թանգարանի մասնաճյուղը Մոզդոկ քաղաքում (Ռուսաստան

Թանգարանի հիմնադրման պաշտոնական ամսաթիվը 1970 թվականի մարտի 27-ն է։ Հասարակական հիմունքներով թանգարանն արդեն գոյություն է ունեցել դրանից մեկ տարի առաջ, իսկ հիմնադիրները եղել են պատմության ուսուցիչ Օլգա Ստեպանովնա Ստեպանիշչևան, պահեստազորի գնդապետ Միխայիլ Վասիլևիչ Արտյուխովը (հենց նա էլ դարձել է թանգարանի առաջին տնօրենը) և թանգարանապահ Սերաֆիմա Ֆեոդորովնա Պալցևան[1]։

Օր օրի, տարեց տարի թանգարանում հավաքվել են բազմաթիվ, երբեմն անգին ցուցանմուշներ, վերափոխվել է նաև թանգարանը։ Վերափոխողներն էին Յակով Վասիլևիչ Բանդուրը, Վերա Ֆեոդորովնա Կոզիրևան, Վլադիմիր Պետրովիչ Ֆեոդորովը, Վերա Պետրովնա Օռլովան, ինչպես նաև մոզդոկցի բազմաթիվ օգնականներ, որոնք համալրել են և շարունակում են համալրել թանգարանային ֆոնդերը նյութերով։

1981 թվականին թանգարանը Սկուդրա փողոցից տեղափոխվել է քաղաքի կենտրոնում գտնվող վերանորոգված հինավուրց շենքը Կիրովի, 22 հասցեով, որտեղ տեղա��այված է մինչ օրս։

Ֆոնդեր և սրահներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ընդհանուր մակերեսը 334,3 մ² է, ներառյալ՝ 281,25 մ² ցուցասրահների տարածքը և 53,05 մ²՝ ֆոնդերինը։ Առկա է ավելի քան 17000 միավոր ցուցանմուշ, այդ թվում՝ 14201-ը հիմնական ֆոնդի։ Թանգարանի ութ ցուցասրահները պատմում են Մոզդոկի պատմության, բնության, հնագիտության, քաղաքացիական և գերմանա-խորհրդային պատերազմների, ժամանակակից Մոզդոկի մասին։

Թանգարանում կան նաև հատուկ թղթապանակներ, որոնցում պահպանվում են գերմանա-խորհրդային պատերազմի մասին վետերան մոզդոկցիների պատմական փաստաթղթերն ու հուշերը։

Թանգարանի գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի տվյալներով՝ թանգարանի 11 աշխատակիցներից 7-ն ունեին բարձրագույն կրթություն, որոնցից երեքը գիտական աշխատողներ էին։ Թանգարանի ամենամեծ աշխատանքային փորձով աշխատակիցներն էին մասնաճյուղի ավագ գիտաշխատող Սիմա Չելդիևան է (27 տարի), ավագ գիտաշխատող Իննա Ստարիչենկոն (20 տարի), ցուցասրահի հսկիչներ Նատալյա Բոնդարենկոն (17 տարի) և Ալլա Բիխալովան (10 տարի)։

Գիտական և մշակութազանգվածային աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը, որպես մշակութակրթական հաստատություն, մեծ աշխատանք է իրականացնում հայրենի երկրամասի պատմությունը քարոզելու, պատմական, ճարտարապետական, հնագիտական հուշարձանների հանդեպ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու դաստիարակության գործում, ծանոթացնում շրջանում բնակվող ժողովուրդների ծեսերին ու ավանդույթներին և այլն։ Աշխատակիցներն ըստ պրոֆիլի համալրում են ֆոնդերը, անցկացվում են դասախոսություններ, զանգվածային միջոցառումներ, թանգարանից դուրս էքսկուրսիաներ և ցուցահանդեսներ։ Հաշվառվում են պատմական արժեք ներկայացնող, կայսր Ալեքսանդր I-ի կողմից հաստատված գլխավոր հատակագծի համաձայն կառուցված օբյեկտները։ Գիտաշխատողներն իրականացնում են շրջանի տարածքում թաղված Կարմիր բանակի անհետ կորած զինվորների անունները ճշտելու լայնածավալ որոնողական աշխատանքներ։ Թանգարանը սերտորեն համագործակցում է Հյուսիսային Օսիայի և հարևան Չեչնիայի որոնողական խմբերի հետ։

2010 թվականի հունվարից թանգարանի ռազմական փառքի սրահում ռազմահայրենասիրական թեմաներով դասախոսություններ և զրույցներ են ունկնդրել հազարավոր մարդիկ։ Գերմանական-խորհրդային պատերազմում հաղթանակին նվիրված թանգարանային և արտթանգարանային միջոցառումներին ևս մասնակցել են հազարավոր այցելուներ։ «Մոզդոկսկի վեստնիկ» և «Վրեմյա, սոբիտիյա, դոկումենտի» թերթերում տպագրվել են հոդվածներ պատերազմի մասնակից մոզդոկցիների և Մոզդոկի շրջանի պաշտպանների մասին։ «Մոզդոկ» ռադիոկայանում թանգարանի աշխատակիցները նախապատրաստել են ռազմահայրենասիրական թեմայով բազմաթիվ ելույթներ։

2013 թվականից, երբ նշվում էր Մոզդոկի 250-ամյակը, որոշվեց «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառումը նվիրել Մոզդոկում բնակվող ժողովուրդներից մեկին։ Քանի որ 18-րդ դարում Մոզդոկի առաջին շինարարներն ու հիմնական բնակչությունը կազակներն էին, որոշվեց մշակույթի, սովորույթների, ծեսերի և ավանդույթների ցուցադրությունը սկսել նրանցից։ Քաղաքի տարեդարձի նախաշեմին (2013 թվական) գիտաշխատողները մասնակցել են «Մոզդոկ» նոր գրքի և բուկլետի հրատարակմանը, մշակել են 3 տեսարժան երթուղիներ և 4 բուկլետներ՝ «Մոզդոկցիները՝ Խորհրդային Միության հերոսներ», «Մոզդոկցիները՝ Փառքի շքանշանի ասպետներ», «Ամեն մի տունը մի պատմություն», «Մոզդոկցիները՝ Ռուսաստանի հերոսներ»։

Թանգարանը բազմիցս պարգևատրվել է ԽՍՀՄ մշակույթի նախարարության, ՌԽՖՍՀ, ՀՕՀ-Ալանիայի պատվոգրերով, 2003 թվականին հանրապետության թանգարանների մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել և ստացել 10 հազար ռուբլի մրցանակ, 2008 թվականի աշխատանքի արդյունքներով թանգարանն արժանացել է արժեքավոր մրցանակի։ 2015 թվականին, թանգարանի 45-ամյակի կապակցությամբ, աշատակազմը պարգևատրվել է ՀՕՀ մշակույթի նախարարության պատվոգրերով[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Моздокский музей краеведения».(չաշխատող հղում)
  2. «Краеведческий музей города Моздок отметил свое 45-летие». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.