Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների մի մեծ խմբի)։ Մշտապես նշվել է սփյուռքահայ համայնքներում։ Խորհրդային Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին։
Երևանում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ Թուրքիայի կառավարող շրջանների հրեշավոր ոճրագործության դեմ բողոքի և պատմական արդարությունը վերականգնելու պահանջի կարգախոսներով։ Ցույցն ավարտվել է Կոմիտասի գերեզմանի մոտ հանրահավաքով։ Նույն օրը կայացել է ցեղասպանության հիշատակին նվիրված ժողով, որին մասնակցել են հասարակայնության, պետական մարմինների և հոգևորականության ներկայացուցիչներ։ Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Երևանում ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու մասին։ Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո, ամեն տարի ապրիլի 24-ին համաժողովրդական երթ է կատարվում դեպի համալիր։ 1988-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915-ի Հայոց ցեղասպանություն�� դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր և համարվել ոչ աշխատանքային օր։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։