Մելքոմ խան
Մելքոմ խան | |
---|---|
Ծնվել է | 1834[1][2] |
Ծննդավայր | Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան |
Մահացել է | 1908[1][2] |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իրան |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Պոլիտեխնիկական դպրոց |
Մասնագիտություն | դիվանագետ, լուսավորիչ և հրապարակախոս |
Զբաղեցրած պաշտոններ | ambassador of Iran to France? |
Երեխաներ | Freydoun Malkom? |
Mirza Malkam Khan Վիքիպահեստում |
Միրզա Մելքում Խան - Հովսեփ Հակոբի Մելքումյան (1834[1][2], Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան - 1908[1][2], Հռոմ, Իտալիա), հայազգի իրանական պետական գործիչ, դիվանագետ, լուսավորիչ, գրող և հրապարակախոս, ով համարվում է Իրանի լուսավորական շարժման կնքահայրը։ Նա վերափոխեց հիմնովին պարսկական նոր գրականությունը, հատկապես գեղարվեստական արձակը ու սկիզբ դրեց դրա զարգացմանը։ Միրզա Մելքում Խանը առավելապես հայտնի է որպես սոցիալական ռեֆորմատոր և լուսավորական։ Առաջին քրիստոնյան է, ով Պարսկաստանի մեջ ստացել է «միրզա» (իշխան) տիտղոսը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրզա Մելքում Խանը ծնվել է Իրանի մեծությամբ երրորդ քաղաք Սպահանում՝ Նոր Ջուղա թաղամասում։ Սպահանն եղել է մի կարևոր կենտրոն պարսկահայության համար, մանավանդ Նոր Ջուղա թաղամասը։ Նրա հայրը՝ Աբրահամի որդի Հակոբը ազգությամբ հայ էր, ով ուներ արևմտամետ հայացքներ և փորձեց հնարավորության սահմաններում ամեն ինչ անել՝ որդուն ուղարկելու Եվրոպա։ Ինչպես վկայում է պարսիկ հայտնի գրող Համիդ Ալգարը, Միրզա Մելքում Խանի ընտանիքը հայկական էր՝ Արցախ աշխարհից և սերունդն էր հայկական ազնվական տոհմի։
Սկզբնական կրթությունը ստացել է Թեհրանում։ 1847 թվականին՝ տասներեք տարեկանում տեղափոխվում է Փարիզի Մուրադյան վարժարան, որտեղ ձեռնամուխ է լինում գիտելիքների ձեռքբերմանը։ Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո վերադառնում է Իրան և կարգվում է որպես շահի թարգմանիչ։
Թեհրանում հիմնում է քոլեջ՝ «Արվեստների Տուն», դասավանդելով բնական ու հասարակական գիտություններ։ Բացի այդ, սկսում է դասավանդել «Գիտությունների Տանը», որտեղ պարսկերեն էր թարգմանում զանազան եվրոպացի մասնագետների հոդվածներ։ Շուտով նա մտնում է Եվրոպա ուղևորվող դիվանագիտական պատվիրակությունում՝ տանելով բազմապիսի աշխատանքներ ի հօգուտ Իրանի։ Այնուհետև նա բարձր դիրք է զբաղեցնում դիվանագատական գործունեությունում և ուղևորվում Եգիպտոս, Վիենա, Բեռլին, Լոնդոն, Հռոմ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1856 – 1857 թթ.-ին պարսկական պատվիրակության կազմում Փարիզում մասնակցել է Մեծ Բրիտանիայի հետ հաշտության պայմանագրի «Միրզա Մելքում Խան» կնքմանը։ Միրզա Մելքում Խանը, չհանդուրժելով տեղի հոռի բարքերը, անվերջ քննադատում էր ֆեոդալական կարգերը լիբերալ դիրքերից։ Իրանցիների ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու նպատակով՝ նա XIX դարի կեսերին հիմնում է «Ֆարամուշխանե»՝ «Մոռացության տուն» ընկերությունը, որը հարթակ էր՝ ծավալելու իր քարոզչական գործունեությունը։ Պետք է նշել, որ այդ կազմակերպությունը սկզբում դրական արձագանք էր գտնում իշխանությունների կողմից, սակայն, շուտով հայտնի դառնալով նրանց սահմանադրական գաղափարների նկրտումները, համարվեց մասոնական, իսկ նրա անդամները հետապնդվեցին։ Իրականում․ նրանց բուն նպատակն էր երկրում հաստատել սահմանափակ միապետական կարգեր, որտեղ կստեղծվեին բուրժուական կառույցներ, որի պայմաններում կպաշտպանվեին մարդու և մասնավոր սեփականության իրավունքները։ Հետապնդվելով կառավարության կողմից՝ Մելքում խանը բնակություն հաստատեց Անգլիայում և չնայած այն հանգամանքին, որ նորից վերադարձավ Իրան և այդ անգամ հիմնադրեց «Մարդկություն» գաղտննի կազմակերպությունը, այնուամենայնիվ, նրան պարզ դարձավ, որ նա անվերջ հալածվելու է և պետք է գործունեությունը շարունակի արտերկրից, մասնավորապես՝ Անգլիայից։ Նա այդ ընթացքում հասցնում է հանրության դատին հանձնել մի շարք աշխատանքներ, որոնցից են՝ «Գիրք մարդկության մասին», «Առաջընթացի աղբյուրը», «Շեյխն ու վեզիրը», «Գիրք մութ երևույթների մասին», որոնցում հեղինակը նույնպես բարձրաձայնում էր մարդու ազատության անհրաժեշտության մասին։
Հայտնի լինելով որպես սոցիալական բարեփոխիչ և տեղափոխվելով Անգլիա՝ իր գիտական շարադրություններն ու պիեսները սկսեց տարածել «Ղանուն»՝ «կանոն, օրենք» ամսագրի միջոցով, որը նպաստեց իրանցի ժողովրդի կենսամակարդակի բարելավմանը։ Անմնացորդ նվիրված լինելով իր ժողովրդին՝ նա անընդհատ հիմնավորում էր, որ խորհրադանական համակարգը միակ ճանապարհն է արժանապատիվ ապագա կերտելու համար։ Այդ ամենը համարելով ժամանակի հարց՝ նա ավելի եռանդուն կերպով իր ծառայությունը ծավալեց գեղարվեստական գրականության ասպարեզում, մասնավորապես Իրանի թատերագրության առաջ, և դա այն դեպքում, երբ գոյություն ոչ մի աշխարհիկ կատակերգություն, այն էլ սոցիալական ուղղվածությամբ։ Մելքում խանը հանդիսացավ իրանական կատակերգության կնքահայրը և մեծ ուշադրություն դարձրեց լեզվի զարգացմանը, մասնավորապես հնարավորության սահմաններում զտեց դաշտը արաբական անհասկանալի արտահայտություններից, որը հնարավորություն տվեց դրամատուրգին ավելի հասկանալի նկարագրելու տիրող աղաղակող անօրինակությունները, ժողովրդին թալանող կառավարիչների կաշառակերությունը, սրամիտ ձևով խարազանելու եսամոլությունն ու տարբեր արատավոր երևույթներ։
Իրանցիների ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու նպատակով՝ նա 1858 թվականին հիմնում է «Ֆարամուշխանե» [Մոռացության Տուն] ընկերությունը, որը հարթակ էր՝ ծավալելու իր քարոզչական գործունեությունը։ Ընկերությունը պրոպագանդել է Իրանը եվրոպական ձևով բարեփոխելու, ինչպես նան բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն նախապատրաստելու Միրզա Մելքում Խանի ծրագրերը։ 1858 թվականին նշանակվել է պարսկական դեսպանատան խորհրդական Ֆրանսիայում (այդ ժամանակ էլ ընտրվել է ֆրանսիական Արևելյան ընկերության պատվավոր անդամ)։ 1862 թվականին Շահի հրամանով «Ֆարամուշխանէ»-ն ցրել են, իսկ Միրզա Մելքում Խանին ձերբակալել և աքսորել են երկրից։ Սակայն շուտով հրավիրվել է և աշխատանքի նշանակվել Կ․ Պոլսի պարսկական դեսպանատանը, ուր պաշտոնավարել է (ընդմիջումներով, 1871 թվականին Պարսկաստանի պրեմիեր մինիստրի խորհրդականն էր) մինչև 1872 թվականը, ծավալել հրապարակախոսական լայն գործունեություն, թուրքական մամուլում հանդես եկել քաղաքական, տնտեսագիտական հոդվածներով, պարսկերենի ռեֆորմի հարցերով և այլն։ Իր գրական, քաղաքական, հրապարակախոսական աշխատանքը շարունակել է Լոնդոնում, ուր 1872 թվականին նշանակվել է Պարսկաստանի դեսպան Մեծ Բրիտանիայում։ 1878 թվականին մասնակցել է Բեռլինի կոնգրեսին, պաշտպանել Պարսկաստանի շահերը ընդդեմ Թուրքիայի։ Այդ ծառայության համար Շահը Միրզա Մելքում խանին շնորհել է «Նազիմ Էդ-Դոուլե» [Մեծ Դեսպան], «Միրզա» [Իշխան] տիտղոսները և նշանակել (բացի Անգլիայից) նաև Պարսկաստանի դեսպան Գերմանիայում։ 1890—1893 թվականներին Լոնդոնում Միրզա Մելքում Խանը տպագրել է «Կանուն» [Օրենք] պարսկական պարբերականը (լույս է տեսել 42 համար), որը կարևոր դեր է խաղացել Պարսկաստանի հասարակական-քաղաքական մտքի զարգացման գործում։ Միրզա Մելքում խանը պարսկական նոր գրականության ստեղծողներից է, գեղարվեստական գրականության մեջ ներմուծել է ժողովրդական խոսակցական լեզուն, հիմք դրել սոցիալական դրամատուրգիային։ Իր կատակերգություններում բացահայտել և ձաղկել է երկրում տիրող չարաշահումները, կաշառակերությունն ու անօրինականությունները։ 1889 թվականին Միրզա Մելքում Խանը հեռացվել է պետական ծառայությունից, բայց 1899 թվականին նորից նշանակվել է Պարսկաստանի դեսպանորդ Հռոմում։
Պարսկական պատմագիտությունը բարձր գնահատելով Միրզա Մելքում Խանին՝ նրան համեմատել է ֆրանսիական լուսավորիչներ Վոլտերի և Ժան Ժակ Ռուսոյի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica, 1968.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսիսյան Հ., Շեխոյան Լ., «Իրանի ժամանակակից գրականության պատմության ակնարկներ», Երևան, 1989 թ.,
- Վարդապետ Առաքել, «Հայ-Իրանական պատմություն», Թավրիզ, 1874,
- Համիդ Ալգար, «Միրզա Մելքում Խան», Լոս Անջելես, 1973 թ.,
- Ռային Իսմայիլ, «Միրզա Մելքում Խան - կենսագրություն»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելքոմ խան» հոդվածին։ |
|