Մաքսիմիլիան (Մաքսիմ) Եգորովիչ Մեսմախեր
Մաքսիմիլիան (Մաքսիմ) Եգորովիչ Մեսմախեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1842 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 4, 1906 (64 տարեկան) |
Վախճանի վայր | Դրեզդեն, Գերմանական ռայխ |
Ոճ(եր) | էկլեկտիկ ճարտարապետություն և ճարտարապետական մոդեռն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1866) և Սուրբ Պետրոսի դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Massandra Palace?, Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչի պալատ և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա |
Պարգևներ | |
Maximilian Messmacher Վիքիպահեստում |
Մաքսիմիլիան (Մաքսիմ) Եգորովիչ Մեսմախեր (գերմ.՝ Maximilian von Messmacher, մարտի 21, 1842, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 4, 1906, Դրեզդեն, Գերմանական ռայխ), էկլեկտիկայի ժամանակաշրջանի ռուս ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս և գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բազմաթիվ շենքերի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքսիմիլիան Մեսմախերը ծնվել է 1842 թվականի մարտի 21-ին Սանկտ Պետերբուրգում, կառքեր պատրաստող գերմանացի վարպետի ընտանիքում։ Նա վաղ է կորցրել հորը, բայց մայրը, չնայած նյութական մեծ դժվարություններին, օգնել է որդուն, որ լավ կրթություն ստանա։ 1850 թվականին Մաքսիմիլիանը ընդունվել է Սուրբ Պետրոսի անվան Գլխավոր գերմանական ուսումնարանը, որը ավարտելուց հետո՝ 1857 թվականին, սկսել է պարապմունքները Արվեստների խրախուսման ընկերության նկարչական դպրոցում։ 1860 թվականին Մեսմախերը ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիան, իսկ 1861 թվականին արժանացել է Փոքր արծաթե մեդալի՝ որսորդական տնակի նախագծի համար։ 1866 թվականին ակադեմիան ավարտելիս նա ստացել է Մեծ ոսկե մեդալ՝ քաղաքամերձ առանձնատան նախագծի համար։ Այդ պարգևը հնարավորություն է տվել Մեսմախերին՝ շարունակելու ուսումը արտասահմանում՝ որպես Ակադեմիայի թոշակառու։
Երիտասարդ ճարտարապետի արտասահմանյան շրջագայությունը սկսվել է 1867 թվականի մայիսի 1-ին։ Մեսմախերը եղել է Իտալիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հունաստանում և Թուրքիայում։ Ճամփորդության ընթացքում նա շատ է նկարել։ Մեսմախերի նկարներն ու ակվարելները հիացական գնահատանքի են արժանացել Ռուսաստանում։ Արվեստների ակադեմիան Մեսմախերին ուղարկել է Համաշխարհային ցուցահանդեսին, որտեղ մրցատյանը նրան «Արվեստի համար» մեդալ է շնորհել։ Իտալիայում համագործակցելով Վիկտոր Կոսսովի հետ՝ նա աշխատել է Սիցիլիայի Տաորմինյան թատրոնի վերականգնման վրա։ Սանկտ Պետերբուրգ վերադառնալուց հետո նրան տրվել է ճարտարապետության ակադեմիկոսի կոչում (1872 թվական)։
Կարիերան Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1873 թվականին տիտղոսակիր խորհրդականի պաշտոնում նա աշխատանքի է անցել Շինարարատեխնիկական կոմիտեում, իսկ 1874 թվականին սկսել է կոմպոզիցիա դասավանդել Արվեստների խրախուսման ընկերության նկարչական դպրոցում։ 1877-1879 թվականներին Մեսմախերը Ա. Շամբախերի հետ միասին վերափոխումներ և շինարարություն է կատարել արվեստների խրախուսման ընկերությանը կայսեր կողմից շնորհված շենքում։ 1880 թվականին պետքարտուղար Ալեքսանդր Պոլովցովի հրավերով նա զբաղեցրել է բարոն Ալեքսանդր Շտիգլիցի նորաստեղծ Տեխնիկական նկարչության կենտրոնական ուսումնարանի տնօրենի պաշտոնը։
Մեսմախերի գլխավոր կառույցներն են. Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչի պալատը (տուն թ. 122՝ Մոյկա գետի ափին, Անգլիական պողոտա 2-4, 1882-1885 թվականներ)՝ կառուցված Ալեքսանդր Սաբուրովի առանձնատան հիման վրա (1844 թվական, ճարտարապետ` Դմիտրի Եֆիմով) և Սանկտ Պետերբուրգում գտնվող բարոն Շտիգլիցի Կենտրոնական ուսումնարանի շենքը, Ալեքսանդր Երրորդի պալատը Ղրիմի Մասսանդրում (այժմ`մասսանդրովյան պալատ-թանգարան)։
1877-1888 թվականներին Մեսմախերը եղել է Իսակիևյան տաճարի գլխավոր ճարտարապետը։ 1882 թվականին նրա անմիջական մասնակցությամբ են ընթացել տաճարի շենքի անհավասար իջվածք տված հիմքի վերանորոգման եզակի աշխատանքները։ Մեսմախերի մշակած նախագծով տաճարի քառասունութ բազմատոննանոց սյուներից յուրաքանչյուրը թեքված վիճակից ճշգրիտ ուղղահայաց վիճակի են բերել ընդամենը վեց բանվոր։
1884 թվականի մարտի 31-ից Մեսմախերը եղել է տեխնիկական և մասնագիտական կրթության գծով Ժողովրդական լուսավորության նախարարության Գիտական խորհրդի հատուկ բաժնի անդամ[1]։
Նա բարոն Շտիգլիցի Տեխնիկական նկարչության կենտրոնական ուսումնարանի շենքի կառուցողն էր և նրա առաջին տնօրենը (1877-1896 թվականներ)[2]։
1897 թվականի վերջին Մաքսիմիլիան Մեսմախերը տեղափոխվել է Գերմանիա, որտեղ շարունակել է կազմել ճարտարապետական նաշագծեր և դասավանդել ճարտարապետություն։ Նա մահացել է 1906 թվականի փետրվարի 4-ին Դրեզդենում։ Թաղված է Յոհաննիսֆրիդհոֆի լյութերական գերեզմանոցում։
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեոնորա Մաքսիմիլիանովա Կոնդիայնը (1899-1986 թվականներ)՝ նկարչուհի , գծանկարիչ, մանկական գրքերի ձևավորող, դասագրքեր կազմող, Մեսմախերի և նկարչուհի Վ. Անդրեի (1865—1918 թվականներ) դուստրն էր և աստղագետ Կոնդիաիյնի (1889—1937 թվականներ) կինը։
Նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ Ծովափնյա փողոց, տուն 45, Իվան Շտրոմի հետ համատեղ՝ Վերա Գագարինայի առանձնատան ներքնահարդարում, 1873-1874 թվականներ։
- Սմոլնու փողոց, տուն 1՝ Սմոլնու Հարության տաճարի սրբապատկերաշար, 1873-1875 թվականներ (չի պահպանվել)։
- Կիրոչնայա փողոց, տուն 28ա՝ լեյբգվարդիայի սակրավորների գումարտակի Կոսմայի և Դամիանոսի եկեղեցին, 1876-1879 թվականներ (վերակառուցվել է, չի պահպանվել)։
- Մեծ Ծովափնյա փողոց, տուն 38՝ Նկարիչների խրախուսման ընկերության շենք, 1877-1878 թվականներ (վերակառուցված է)։
- Չայկովսկու փողոց, տուն 11 / Մոխովայա փողոց, տուն 2՝ Դմիտրի Ստրոգանովայի առանձնատանը կից եկեղեցի, 1878—1882 թվականներ (վերակառուցված է)։
- Պալատական գետափնյա, տուն 26՝ Մեծ իշխան Վլադիմիր Ալեքսանդրովիչի պալատի ներքին հարդարում (այժմ՝ Գիտնականների տուն), 1882-1885 թվականներ։
- Մոյկա գետի գետափնյա, տուն 122 (Անգլիական պողոտա, տուն 2-4)՝ Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքանդրովիչի պալատական համալիր։ Ներառված է Ալեքսանդր Սաբուրովի՝1844 թվականին կառուցված առանձնատունը՝ ճարտարապետ Դմիտրի Եֆիմովի, 1882-1885 թվականներ։
- Միլլիոննայա փողոց, տուն 36 / Ձմեռային ջրանցքի առափնյա, տուն 3՝ Պետական խորհրդի արխիվի շենք՝ Վլադիսլավ Կառլովիչի մասնակցությամբ, 1883-1887 թվականներ։
- Սոլյանոյ նրբանցք, տուն 13՝ բարոն Շտիգլիցի տեխնիկական նկարչության կենտրոնական ուսումնարանի շենք, 1885-1886 թվականներ (ընդարձակում)։
- Ծովակալության գետափնյա, տուն 8 / Ազովյան նրբանցք, տուն 1 / Սևծովյան նրբանցք, տուն 5՝ Մեծ իշխան Միխայիլ Միխայլովիչի պալատ, 1885-1888 թվականներ։
- Սոլյանոյ նրբանցք, տուն 15՝ բարոն Շտիգլիցի տեխնիկական նկարչության կենտրոնական ուսումնարանին կից թանգարանի շենք, 1885-1896 թվականներ։
- Նևայի պողոտա, տուն 39՝ Անիչկովի պալատի ներքին հարդարում, 1886-1887 թվականներ (չի պահպանվել)։
- Կրյուկովի ջրանցքի առափնյա, տուն 12՝ Նադեժդա Պոլովցովայի ախոռն ու ձիարշավարանը, 1887 թվական։
- Անգլիական առափնյա, տուն 18՝ Մեծ իշխան Պավել Ալեքսանդրովիչի պալատի ներքին հարդարումը, 1888-1892 թվականներ։
- Մեծ Ծովափնյա փողոց, տուն 52՝ Ալեքսանդր Պոլովցովի առանձնատան ներքին հարդարում, 1888-1892 թվականներ։
- Նևայի պողոտա, տուն 22-24՝ Սուրբ Պետրոսի գերմանական լյութերական եկեղեցու ներքին հարդարանքը, 1896-1899 թվականներ (շենքը վերակառուցված է)։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тыжненко Т. Е. Максимилиан Месмахер (серия: Зодчие нашего города). — Л: Лениздат, 1984. — 151 с.
- «Մաքսիմիլիան (Մաքսիմ) Եգորովիչ Մեսմախեր». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Список учеников Петришуле, изданный к 100-летнему юбилею школы — Namens-Verzeichniss, Deutschen Gauptschule St. Petri, am 1. October 1862.
- Добина А. О. Система обучения в Центральном училище технического рисования барона А. Л. Штиглица в период директорства М. Е. Месмахера. // Актуальные проблемы теории и истории искусства: сб. науч. статей. Вып. 4. / Под ред. А. В. Захаровой, С. В. Мальцевой. — СПб.: НП-Принт, 2014. С. 477—482. ISSN 2312—2129.
- С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764—1914. — Спб.: Товарищество Р. Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 359. — 454 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմիլիան (Մաքսիմ) Եգորովիչ Մեսմախեր» հոդվածին։ |
|
- Մարտի 21 ծնունդներ
- 1842 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 4 մահեր
- 1906 մահեր
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ռուս նկարիչներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- XIX դարի ճարտարապետներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկյա մեդալով պարգևատրվածներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի շրջանավարտներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի պրոֆեսորներ
- Դրեզդենում մահացածները
- Էկլեկտիկա
- Ղրիմի ճարտապետներ
- Մոդեռնիզմի ճարտարապետներ
- Մոսկվայի ճարտարապետներ
- Պետրիշուլեի գիտնականներ
- Ռուս ճարտարապետներ
- Ռուսական կայսրության ճարտարապետներ
- Սանկտ Պետերբուրգի ճարտարապետներ