Jump to content

Ճնճղապաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մատիտեղ ճնճղուկիից)
Ճնճղապաշար
Ճնճղապաշար
Ճնճղապաշար
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հնդկացորենազգիներ (Polygonaceae)
Ենթաընտանիք Հնդկացորենայիններ (Polygonoideae)
Տրիբա Polygoneae
Ցեղ Մատիտեղ (Polygonum)
Տեսակ Ճնճղապաշար (P. aviculare)
Միջազգային անվանում
Polygonum aviculare

Ճնճղապաշար, ծտապաշար, մատիտեղ թռչնի, ճնճղկապաշար (լատին․՝ Polygonum aviculare), մատիտեղազգիների ընտանիքի միամյա բույս։ Ցողունը կանգուն է կամ գետնատարած, փռվող։ Տերևներն ամբողջական են, հերթադիր, ծաղիկները տերևածոցերում են, սպիտակ կամ վարդագույն։ Աճում է ամենուրեք, թուրմը բժշկության մեջ օգտագործվում է որպես արյունահոսությունը դադարեցնող և միզամուղ դեղամիջոց։ Սխալմամբ ճնճղապաշարը նույնացվում է ծտապաշարի (Capsella) հետ, որը խաչածաղկավորների ընտանիքի միամյա կամ երկամյա բույսերի ցեղ է։ Տերևները նստադիր են, ամբողջական։ Ծաղիկները մանր են, սպիտակ, վարդագույն կամ դեղնավուն։ Պտուղը պատիճակ է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա մոլախոտ է։ Ցողունները միջին հաշվով ունեն 30-40 սմ երկարություն։ Տալիս է 5300 սերմնապտուղ։ Ծլում է վաղ գարնանը։ Ծաղկումը սկսվում է հունիսից և շարունակվում ամբողջ ամառվա ընթացքում։ Սերմերը երկար տարիներ հողում կարող են պահպանել իրենց ծլունակությունը։ Աճում է գրեթե բոլոր հողերում։ Ունի լավ զարգացած առանցքային արմատ, որի վերին ծայրին առաջացող բողբոջներից բույսը խիստ ճյուղավորվում է՝ տալով կարճ, շեշտված հանգույցներ։

Հենց այդ հանգույցներից էլ սկսվում են սրավուն-էլիպսաձև տերևներն ու նրանց ծոցից՝ 2-5-ական մանր, սպիտակ, կանաչավուն կամ վարդագույն ծաղիկները։ Բույսի սերմերը հեշտությամբ թափվում են՝ աղբոտելով հիմնականում հողը, ապա սերմնանյութը։ Պտուղը եռանիստ է, թխագորշ, շատ մանր։ Ծաղիկները կանաչ են՝ սպիտակ կամ վարդագույն ծածկույթներով[1]։ Լավ մշակված հողում արագ զարգանում է՝ ձևավորելով համատարած գորգ՝ խեղդելով մյուս բույսերին։ Այս բույսերից ստանում են ներկեր (արմատներից-կապույտը)։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հայաստանի ցածրադիր, նախալեռնային ու լեռնային գոտիներում։ Ավելի շատ հանդիպում է ճամփեզրին, առուների ափերին, գյուղամիջյան ճանապարհներին։ Հանդիպում է նաև Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Սկանդինավիայում։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատղաշ տերևները կարելի է օգտագործել որպես սնունդ աղցանների, ապուրների և տերևներից պատրաստված խյուսերի մեջ։ Դաղստանում այն օգտագործում են որպես կարկանդակի միջուկ[2]։

Բուժական ազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի բազմակողմանի ազդեցություններ, որոնք պայմանավորված են բույսի մեջ բազմաթիվ կենսաբանական միացությունների առկայությամբ։ Այն բարձրացնում է մեզի օրական արտադրությունը, մեզի հետ միասին դուրս բերում նատրիումի և քլորի պիոններ։ Արգելակում է քարերի գոյացմանը միզուղիներում, միզապարկում և երիկամներում։ Դրականորեն է ազդում աղեստամոքսային համակարգի գործունեության վրա` շնորհիվ իր դաբաղող, հակաբորբոքային, մանրէասպան հատկությունների։ Բույսը իջեցնում է արյան անոթների պատի թափանցելիությունը, բարձրացնում արյան մակարդելիությունը։ Բույսն ունի նաև ներքին բոլոր օրգանների, հատկապես արգանդի հարթ մկանների կծկողունակությունը բարձրացնող հատկություն։ Կիրառվում է միզաքարային հիվանդությունների, միզաթթվային դիաթեզի, միզածորանների խրոնիկական բորբոքումների, մի շարք մաշկային հիվանդությունների բուժման դեպքում։ Իր դաբաղող հատկության շնորհիվ կիրառվում է գաստրիտների և էնտերիտների (լուծով ընթացող) բուժման ժամանակ։ Բույսի արյունականգ և կծկող հատկությունները պայմանավորում են նրա հաջող կիրառումը արգանդի ատոնիկ արյունահոսությունների և թութքի բուժման մեջ։

Կիրառման եղանակները։ Ջրաթուրմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

երեք ճաշի գդալ հումքը լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել երկու հարյուր միլիլիտր եռման ջուր։ Փակել կափարիչով և տասնհինգ րոպե եփել ջրային բաղնիքում, եռացող ջրի մեջ։ Հովացնել սենյակային ջերմության պայմաններում մինչև քառասունհինգ րոպե, քամել, մնացորդային հումքը, մզել և թափել։ Ստացված ջրաթուրմի ծավալը հասցնել երկու հարյուր միլիլիտրի ավելացնելով համապատասխան քանակությամբ եռացած ջուր։ Խմել 1/2 - 1/3-ական բաժակ, օրական երկուսից երեք անգամ, ուտելուց առաջ։ Բույսից կարելի է պատրաստել ջրաթուրմ արտաքին օգտագործման համար վերոհիշյալ եղանակով` վերցնելով հումքի կրկնակի բաժին։

  • Է. Գ. Ղուկասյան - Բուժում դեղաբույսերով։ Երևան։ «Նարեկացի» 1992 թվական էջ 77

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Knotgrass: Polygonum aviculare». NatureGate. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. Ռ․Ս․Կարապետյան, Հայաստանում տարածված մոլախոտների ատլաս, 1980

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]