Մասնակից:Hovhannisyan Mariam/Ավազարկղ
Հայկական քանդակներ և հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական քանդակներ և հուշարձաններ, հայկական միջնադարյան քանդակը նախ և առաջ մոնումենտալ քանդակն է, որ հարդարում է եկեղեցական և մեմորիալ կառույցները: Քանդակով հարուստ են և առանձին կանգնած հուշարձանները՝ քառանիստ կոթողներն ու խաչքարերը: Հայկական միջնադարյան արվեստում քանդակի առաջնային նշանակությունը պայմանավորված էրմիդիս՝ եռաշերտ շարվածքով, երբ երկու շարք սրբատաշ քարերը միացվում էին կրաշաղախով[1], իսկ մակերեսը ստանում էր գեղարվեատական մշակում:
Տրդատ Մեծի օրոք քրիստոնեության ընդունումը և Գրիգոր Լուսավորչի կողմից ծավալված մշակութային և լուսավորչական գործունեության արդյունքում Հայաստանում կառուցվում են եկեղեցիներ և վանքեր, որոնք հարդարվում են քրիստոնեական խորհրդանշաններով և տեսարաններով: Այս իմաստով կարևորվում է վաղ շրջանը, երբ ուրվագծվում (4-5-րդ դդ.) և ապա վերջնականապես ձևավորվում են (7-րդ դ.) հայկական միջնադարյան քանդակի գեղարվեստական ավանդույթները՝ արևելաքրիստոնեական արվեստի համատեքստում: Ոչ պակաս կարևոր էր Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև գտնվելը, որը նախանշում է նաև երկրի մշակութային զարգացման ուղղությունները: Հայկական միջնադարյան քանդակի մասնագիտական ուսումնասիրությունը սկիզբ է առել Ն. Մառի ղեկավարած Անիի հնագիտական աշխատանքների շրջանում[2]: Հայկական եկեղեցիներում քանդակը հանդես է գալիս որպես արտաքին ու մասամբ էլ ներքին հարդարանքի հիմնական տարր և այդ ավանդույթն, ինչպես համայն քրիստոնյա աշխարհում, ձևավորվել էր եկեղեցու մասին ունեցած սիմվոլիկ պատկերացումների (Մոսվսեսի տաճարը, Երկնային Երուսաղեմը) հիման վրա: Քանդակն առաջին հերթին ընդգծում է եկեղեցիների մուտքերը, լուսամուտները, ճակատները, քանի որ պատկեր-խորհրդանշանները Բարձրյալի հետ հաղորդակցման խորհուրդն ու գործառույթն ունեին:
5-6-րդ դարերի եկեղեցիների քանդակային հարդարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ բազիլիկներին (5-6-րդ դդ.) բնորոշ էին խորհրդանշական պատկերներ՝ շրջանի մեջ առնված հավասարաթև խաչեր՝ լրացված հավերժական կյանքը խորհրդանշող բուսական և երկրաչափական մոտիվներով: Հաճախ խաչերը կարճ ձողի կամ աստիճանավոր հիմքի՝ Գողգոթայի լեռան վրա են բարձրացված[3]: Հատկանշական է, որ հարավային Կովկասում միայն Հայաստանի տարածքում են հանդիպում միացագիր (crus monogramatica) խաչեր՝ Փրկչի անվան երկու ոճավորված տառերի/մասնիկների համակցմամբ Աղցք, Քասաղ, Էջմիածին: Նման վաղագույն խաչեր են պատկերված Վանքասարի (Արցախ) ժայռափոր համալիրում, Աղցքի դամբարանում, ինչպես նաև Լեռնակերտի, Տիգրանակերտի (Արցախ), Ծիծեռնավանքի, Ագարակի, Երերույքի, Բայբուրդի, Փարպիի բազիլիկների ճակատներին:
Այս շրջանի համար բնորոշ են նաև խաղողի որթի, արմավենու/արմավիկների, ականթի և շուշանածաղիկի պատկերները, ինչպես նաև թռչունների, երբեմն մենամարտող կենդանիների՝որպես հավատի հաղթանակի և հավերժական պայքարի սիմվոլների[4]: Նշված ժամանակահտվածում գրեթե բացակայում են սյուժետային պատկերները: Թերևս որպես բացառություն կարելի է դիտարկել Էջմիածնի մայր տաճարի վրա Պողոս առաքյալի և նախավկա Թեկղայի պատկերները, նաև Աղցքի դaմբարանի Դանիելի և առյուծների ու վարազի որսի տեսարանները (5-րդ դ.)[5]:
7-րդ դարի քանդակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական միջնադարյան քանդակի զարգացման առաջին բարձր կետը 7-րդ դարն է և այն համընկնում է ճարտարապետության «ոսկեդարի» հետ: Ի հայտ են գալիս նոր հորինվածքներ, տեղ է տրվում գեղարվեստական և պատկերագրական տարատեսակ լուծումների: Գրեթե պարտադիր են դառնում սրբազան և դոնատորական պատկերները (Մրեն, Պեմզաշեն, Պտղնի): Շրջանառվում են խաչային հորինվածքների բազմազան տեսակներ. Ուղղահայաց ձգված, բլթակավոր, հյուսածո, գեմայապատ: Երկրաչափական և բուսական տա��րերը (քիվերը, պատուհանների կամարունքերը) հմայում են իրենց դասական զարդամոտիվների բազմազանությամբ: Քանդակում կարևոր տեղ են գրավում կրոնական խորհրդաբանությամբ կենդանիների և թռչունների պատկերները. եղջերու, ցուլ, խոյ, արջ, այծ, աղավնի, սիրամարգ, արծիվ (Բարեկամավան, Ծոբ, Ծպնի, Թալին, Ագարակ, Ծիրանավոր, Զվարթնոց և այլն): Լայն կիրառում են ստանում սրբազան կերպարներն ու քրիստոսաբանական թեմաները. Քիստոս (Մրեն, Օձուն), Աստվածամայրը Մանկան հետ (Դվին, Օձուն, Պեմզաշեն), առաքյալներ (Էջմիածին), սրբեր, այդ թվում սուրբ Զինվորներ (Դվին), ինչպես նաև Համբարձում (Օձուն, Պտղնավանք), Ավետում (Օձուն)[6]: Այդ կերպարների և տեսարանների ավելի ընդարձակ պատկերաշարերի ենք հանդիպում քառանիստ կոթողներին, որոնց կերպարները սրբապատկերներ են հիշեցնում[7]: 7-րդ դ. ամենակարևոր ձեռքբերումը եկեղեցական կառույցի և քանդակային հարդարանքի ներդաշնակ սինթեզն է, որ փայլուն կերպով իրականացվում է Զվարթնոցում (Ներսես Շինարար, 652 թ.): Այստեղ խուլ կամարաշարերը բոլորում են կառույցի երեք հարկաբաժինները և այս հորինվածքը ուղղակի աղերսներ ունի Երուսաղեմի Հարության ռոտոնդայի (327) ճարտարապետության և Երկնային Երուսաղեմի վերացական կերպարի հետ: Բացի այդ Զվարթնոցում առաջին անգամ ներկայցվում է Դրախտային այգին՝ խաղողի որթի և նռան ծառի իրար հաջոդող պատկերներով, որոնց խորքին հայտնվում են մարդկային ֆիգուրներ և կենդանի(ներ)՝ արջ: Խուլ կամարաշարն ու Դրախտային այգին, ընդհանուր առմամբ սերելով ուշ անտիկ և վաղքրիստոնեական արվեստից, ի շնորհիվ Զվարթնոցի մեկընդմիշտ մտնում և ներշնչման աղբյուր են դառնում հաջորդ դարաշրջանների հայկական կառույցների համար[8]: Անդրադառնալով վաղ շրջանի հուշարձաններին Թորոս Թորամանյանը հատկապես նշում է անտիկ արվեստի կենդանի շունչի առկայությունը: Խուլ կամարաշարի տարատեսակներ հանդիպում ենք նաև Բագրատունիների և Զաքարյանների դարաշրջաններում: Իսկ զվարթնոցյան Դրախտային այգին յուրովի մեկնաբանություն է ստանում Թալինի կաթողիկեի (7-րդ դ. 2-րդ կես), Աղթամարի Սբ Խաչի (915-921), ինչպես նաև 13-րդ դ. սկզբի անիական եկեղեցիներում: Հայկական «ոսկեդարը» ընդհատվում է արաբական արշավանքներով:
Մշակութային վերելք (9-11 դարեր)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանը և հարավային Կովկասը արաբներից ազատագրելուց հետո սկսվում է մշակութային վերելքի նոր շրջան, ակտիվ եկեղեցաշինությունը ուղղեկցվում է քանդակագործական նոր հորինվածքներով և լուծումներով: Առաջին ծիծեռնակները խաչքարերն են, որ մասամբ շարունակում են քառանիստ կոթողների ավանդույթը՝ ձևավորելով ինքնատիպ հորինվածքային և պատկերագրական համակարգ: Հայաստանում թագավորությունների ժամանակաշրջանը՝ 9-11-րդ դդ. բնութագրվում է մի քանի խոշոր մշակութային կենտրոնների և գեղարվեստական դպրոցների ձևավորմամբ՝ Շիրակում (Շիրակավան, Արգինա, Կարս, Անի), Տայքում (Իշխան, Բանակ, Չորդվան, Խախու), Վասպուրականում (Աղթամար), Սյունիքում (Տաթև, Բղենո-Նորավանք): 915-921 թթ. Գագիկ Արծրունու պատվերով կառուցվում է հայկական ինքնատիպ հուշարձաններից մեկը՝ Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին: Կառույցի առանձնահատկությունը եկեղեցու համեստ չափսեր են, որի ճակատները Մանուել ճարտարապետը կարողացել է հարդարել քանդակների աննախադեպ քանակով և առանձին տեսարաններով: Աննախադեպ է նաև այստեղի կենդանական աշխարհն՝ այդ թվում առասպելական: Աղթամարի իրար հաջորդող ու չընդհատվող տեսարանների և պատկերների շարքերը կարծես Սուրբ Գրքի վիզուալ արտահայտություններ լինեն:
Այս «իդեալական աշխարհում» իրենց տեղն են գտել նաև Գագիկ թագավորի ու Արծրունյաց տան սրբացված նախնիների մոնումենտալ պատկերները[9]:
9-11-րդ դդ. հայկական քանդակը հարուստ է դոնատորական պատկերներով: 895 թ. Երզնկայի (Անիի մոտ) եկեղեցու գլխավոր մուտքի տիմպանին պատկերված են երկու հեծլյալ իշխաններ՝ հրեշտակների ուղեկցությամբ, որոնք ներկայանումեն Մանուկը գրկած Աստվածամորը: 10-րդ դարի երկրորդ կեսին Սանահինի և Հաղբատի վանքերի գլխավոր եկեղեցիների (Սբ Ամենափրկիչ 966, Սբ Նշան 976) արևելյան ճակատներին հայտնվում են Գուրգեն և Սմբատ Բագրատունի թագաժառանգների բարձրաքանդակները[10]: Իսկ Բագրատունյաց կրտսեր ճյուղի ներկայացուցիչները (Տայք)՝ Բագրատն ու Դավիթը հանդիսավոր կերպով պատկերվում են Օշկվանքո��մ (963-973): Աղթամարի և Օշկվանքի հորինվածքները պատկերագրական ուղիղ աղերսներ ունեն բյուզանդական կայսերական հանդիսավոր պատկերների հետ (Կոստանտինի և Հուստինիանոսի խճանկարը, Սբ. Սոֆիա, 10-րդ դ. վերջ): Իսկ Հաղբատի գրեթե կլոր քանդակ հանդիսացող Սմբատ Բագրատունու ֆիգուրը իր հետագա զարգացումն է ստանում Անիի Գագիկ թագավորի երկու մետրանոց աձանում, որը ժամանակին հարդարել է Սբ Գրիգոր՝ Գագկաշեն եկեղեցու ճակատը (1001-1020, Տրդատ ճարտարապետ): Դիմահայած քանդակային դեմքերի մի ամբողջ շարք է առկա Տաթևի Պողոս և Պետրոս եկեղեցու արտաքին խորշերի մեջ կամ դրանց կամարունքերին: Նրանք հաճախ դիտարկվում են որպես պատվիրատուներ, սակայն ավելի հավաստի է թվում վերջիններիս սիմվոլիկ բնույթը՝ որպես լուսատուների ալեգորիաներ: Տաթևը միակ օրինակը չէ: Սյունյաց աշխարհի և հայկական քանդակի ինքնատիպ հուշարձան է Բղենո Նորավանքը(1058): Գլխավոր եկեղեցու երեք ճակատները՝ բացի արևմտյանից, գոտևորել են Տերունական տեսարաններով քանդակազարդ սալաքարեր (միջինը՝ 80x100 սմ)՝ Ավետումից մինչև Յուղաբեր կանայք Սուրբ Գերեզմանի մոտ: Պահպանվել է 8 տեսարան: Մի շարք խորհրդանշական իմաստ ունեցող կերպարներ և հորինվածքներ ի հայտ են գալիս10-11-րդ դդ. քանդակում և լայն կիրառում են ստանում հատկապես 13-րդ դ. հուշարձաններում: Նման հորինվածքներից են Ճանկող արծիվը (Աղթամար, Օշկվանք, Անի, Եղվարդ, Բարձրաքաշ, Խորանաշատևն), իրեն կամ այլ թռչնի կտցող, վզերով փաթաթված թռչունները (Աղթամար, Վանստան, Նոր Վարագավանք, Թանահատ ևն), խոյի և ցուլի պրոտոմներ ներկայացնող ծավալային քանդակները (Աղթամար, Գյումբեթ քիլիսե), ֆանտաստիկ կենդանիները՝ գրիֆոնները, հուշկապարիկները, սֆինքսները, վիշապները (Աղթամար, Խախու, Վանստան, Հառիճ, Մակարավանք, Բուրթելաշենևն) : 12-13-րդ դդ. սահմանագիծը նշանավորվում է հարավային Կովկասը սելջուկներից ազատագրելու և Հայաստանում Զաքարյան եղբայրների իշխանության հաստատումով: Այս ժամանակից մինչև 15-րդ դ. մշակութային դադարի շրջանը հայկական միջնադարյան արվեստն ու հատկապես քանդակը կրկին վերելքի շրջան են ապրում: Զաքարյանների և նրանց հպատակ իշխանների նախաձեռնությամբ կառուցվում են մի շարք նշանակալից վանքային համալիրներ՝ հաճախ ճոխ և ինքնատիպ հարդարանքով: Ընդորում այժմ քանդակը նաև ինտերերի կարևոր մաս է դառնում: Օրինակ, գմբեթը կրող առագաստներին տեղադրում են ավետարանիչների խորհրդանիշները (Գանձասար, Արենի): Ներքին հարդարանքի դերն առավել արտահայտվում է գավիթներում:
Նոր մշակութային վերելք, Զաքարյանների շրջան (12-13-րդ դարեր)
[խմբագրել | խմբագրել կոդը]Զաքարյանների կառավարման օրոք իր երկրորդ ծաղկումն է ապրում Անին: Նրա կառույցների շարքում իրենց ինքնատիպ հարդարանքով առանձնանում են Բախտաղեկի, Տիգրան Հոնենցի, Աղջկաբերդի և Կուսանացի եկեղեցիները[11]: Այդ հորինվածքը բաղկացած է եկեղեցու ճակատներով ծավալվող խուլ կամարաշարերից և Երկնային այգին մարմնավորող քանդակազարդ գոտուց՝ բնակեցված թռչուններով, կենդանիներով, երբեմն էլ՝ մարդկային ֆիգուրներով: Այս հորինվածքը պատկերագրորեն սերում է Զվարթնոցից և դառնում է Զաքարյանների շրջանի Անի մայրաքաղաքի գեղարվեստական հնարքներից մեկը՝ ստանալով «picturesque» ոճ անվանումը: Նույն ժամանակաշրջանում ի հայտ է գալիս նաև եկեղեցիների արևելյան պատի ինքնատիպ հարդարման հորինվածք՝ մեծադիր խաչի, պատուհանի շրջանակի և դեկորատիվ երկրաչափական վադյակների համադրությամբ (Հովհաննավանք, Ախթալա, Քոբայր):
Դարաշրջանի թերևս ամենաբնորոշ հարդարման տարերից է շթաքարը, (մուքարնասը), որը լայն կիրառում է ստանում և՛ հարդարման մանր տարրերում (քիվ, մուտքի և պատուհանի շրջանակներ), և՛ մոնումենտալ հորինվածքներում (գավթի երդիկի ծածկ, աստիճան, պատի անկյունայինհատված)՝ ձևավորելով կոնստրուկտիվ էլեմենտ լինելու պատրանք: Թերևս ամենատպավորիչը շքամուտքի ձևավորումն է (Նեղուցի վանքը), Անիի Սբ Առաքելոցի գավիթը): Այս ժամանակաշրջանում մեծ տեղ է տրվում բեմառաջների ձևավորմանը, որոնց ճակատները հարդարված են խուլ կամարաշարով Գոշավանք, Ցաղաց քար, քանդակազարդ ռոմբերով կամ վարդյակներով Հառիճ, Գանձասար, Մակարավանք, Մարմաշեն, ցանցանման զարդատարերով, աստղերով կամ բազմանկյուններով Ուշի, Աստվածընկալ], Աղջոց վանք, Վանստան, Գտչավանք: Այս շարքում բացառիկ է Թեղենյաց վանքի բեմառաջը՝ երկրաչափական, բուսական և թռչնային պատկերների համադրությամբ, որ հորինվածքային ընդհանրություններ ունի վաղքրիստոնեական պատվարների հետ: Բոլոր զարդատարրերը արված են «ասեղնագործ» քանդակի եղանակով, հաճախ կիրառվում է պոլիխրոմիան՝ բազմագույն քարերի համադրությունը: Նույն այս սկզբունքով և գեղարվեստական ոճով են հարդարվում նաև մուտքերը՝ իրար կցված բազմագույն աստղերի, քառաթերթերի և բազմանկյունների համադրությամբ (Նոր Վարագավանք, Դեղձնուտ, Հառիճ)[12]: 13-14-րդ դդ. եկեղեցիների տիմպանները, երբեմն նաև ֆասադները աչքի են ընկնում աստվածաշնչյան թեմաներով արված քանդակային մոնումենտալ և ծավալային հորինվածքներով: Դրանցից են Քրիստոսը Պողոս և Պետրոս առաքյալների հետ (Նորավանք), Քրիստոսի Երկրորդ Գալուստը, Պողոս և Պետրոս առաքյալները (Աղջոց վանք)[13], Տասը կույսերը (Հովհաննավանք), Տիրամայրը մանկան հետ (Ամաղու-Նորավանք, Արենի, Սպիտակավոր), ինչպես նաև Հայր Ատվածո (Նորավանք) պատկերները:
Ուշմիջնադարյան քանդակ (16-18-րդ դարեր)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական քանդակի ուշ միջնադարյան շրջանը ընդգրկում է 16-18-րդ դարերը:
Այն մի կողմից սերտորեն կապվում է միջնադարյան ավանդական ձևերի հետ, մյուս կողմից՝առևտրական ճանապարհների միջոցով հաղորդակից լինում եվրոպական և իրանական մշակո��յթներին: Այդ ազդեցությունները էլ ավելի ցայտուն կերպով անդրադառնում են համապատասխանաբար Իրանում և եվրոպական տարբեր երկրների հայկական գաղութներում ստեղծված հուշարձաններում: Այդ համտեքստում է, որ արևմտյան պատկերագրության կնիքն ենք զգում Նախիջևանի 17-րդ դ. մի շարք եկեղեցիների քանդակային հորինվածքներում. «Թովմայի անհավատությունը» (Ագուլիսի Սբ Թովմա), «Աստվածամայրը մանկան հետ» (Ագուլիսի Սբ Քրիստափոր, Ցղնայի Սբ Աստվածածին), «Աստվածամոր թագադրությունը» (Աստապատի Սբ Վարդան), Քրիստոսի խաչելությունը (Ցղնայի Սբ Աստվածածին)[14]:
Սակայն դարաշրջանի հուշարձանների մեծ մասը հիմնվում և շարունակում են հայկական միջնադարյան ավանդույթները: Քանդակային հարդարանքի հարուստ և ինքնատիպ լուծում ունի այդ դարաշրջանում կառուցված Էջմիածնի մայր տաճարի զանգակատունը: Եռահարկ կառույցի ողջ մակերեսը ընդգրկող քանդակային հարդարանքը բաղկացած է բուսական, հյուսկեն և երկրաչափական տարրերից բաղկացած զարդաքանդակ գոտիներից, քիվերից, շրջանակներից, որմնասյուներից,որոնք լրացվում են իրական և մտածածին կենդանիների և թռչունների ծավալային պատկերներով, ինչպես նաև ֆիգուրներով՝ Քրիստոս Ամենակալ, Գրիգոր Լուսավորիչ և Տրդատ Մեծ:
Իր ներդաշնակ և համալիր արտաքին քանդակային հարդարանքով առանձնանում է Դարաշամբի Սբ Ստեփանոս նախավկա եկեղեցին (պատմական Արտազ գավառ, այժմ՝ Իրանի Հանրապետության Մակվի շրջան), որի համատեքստում խտացել են հայկական ողջ միջնադարի ավանդույթներն ու սկզբունքները:
Արևմտյան շքամուտքը պսակված է շթաքարային շքեղ հորինվածքով, իսկ ճակատները հարդարում են «Խաչելություն», «Հարություն», «Սբ Ստեփանոսի քարկոծումը», «Աստվածամայրը մանկան հետ», «Աստվածամոր ավետումը», «Քրիստոսի ծննուդն ու մոգերի երկրպագությունը» հորինվածքները:
Եկեղեցու թմբուկի ձևավորման համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Էջմիածնի մայր տաճարի թմբուկը՝ անկյունային պարուրաձև որմնասյուներով, հյուսածո սլաքաձև որմնակամարներով և, ամենակարևորը՝ թմբուկի նիստերին առկա առաքյալների պատկերներով[15]: Ի դեմս Սբ Ստեփանոսի ակընհայտ է դառնում հայ արվեստի ժառանգական կապը քրիստոնեական արվեստի ձևավորման վաղ շրջանի ազգային ավանդույթների և գեղարվեստական ընկալումների հետ:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mikayelyan, Lilit (2009). Древние корни строительной техники «мидис» // ВОН. 2009. № 2. С. 131-144. էջեր 131–144.
- ↑ Марр Н.Я. (1934). Ани: книжная история города и расскопки на месте городища, Л.-М.
- ↑ Պետրոսյան, Հ. (2008). Խաչքար. Ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը. Երևան. էջեր 10–54.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Հակոբյան, Զ. (2016). Հայկական վաղմիջնադարյան քանդակը (4-7-րդ դարեր). ԵՊՀ. էջեր 26–51.
- ↑ Ազարյան, Լ. (1975). Վաղ միջնադարյան հայկական քանդակը. Երևան: ՍՍՀ ԳԱ. էջեր 22–25.
- ↑ Հակոբյան, Զ. (2016). Հայկական վաղմիջնադարյան քանդակը (4-7-րդ դարեր). ԵՊՀ.
- ↑ Գրիգորյան, Գ. (2012). Հայաստանի վաղ միջնադարյան քառանիստ կոթողները. Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Հակոբյան, Զ. (2006). Զվարթնոցի խորհրդաբանական կերպարը. պատկերների մեկնաբանման շուրջ. «Էջմիածին», Զ (5). էջեր 76–85.
- ↑ Sirarpie Der Nersessian (1965). Aght'amar, Church of the Holy Cross (English). Harvard University Press.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Մնացականյան, Ստ. (1976). Հայկական աշխարհիկ պատկերաքանդակը. Երևան: ՀՍՍՀ ԳԱ. էջեր 68, 76–79.
- ↑ Կարապետյան, Ս. (2011). Անի 1050. Երևան, ՀՃՈւ հիմնադրամ. էջեր 122–128.
- ↑ Азатян, Ш. (1987). Порталы в монументальной архитектуре Армении IV-XIV вв. Ереван: Советакан грох.
- ↑ Զաքարյան, Լ. (2007). Աղջոց Սուրբ Ստեփանոս. Երևան: ԵՊՀ.
- ↑ Այվազյան, Ա. (2017). Նախիջևան. Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ. Երևան: Հեղինակային.
- ↑ Հախնազարյան, Ա. (2012). Արտազի երեք վանքերը (PDF). Երևան: ՀՃՈՒ.