Մանուշակ
Մանուշակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մալպիգիածաղկավորներ (Malpighiales) |
Ընտանիք | Մանուշակազգիներ (Violaceae) |
Ցեղ | Մանուշակ (Viola) L., 1753 |
Մանուշակ (լատին․՝ Viola), մանուշակազգիների ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի, երբեմն կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 500 տեսակ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկանում է Մանուշակազգիների (Violanceae) ընտանիքին։ Տերևները ամբողջական են, հերթադիր են կամ արմատամերձ վարդակով, սովորաբար՝ տերևակիցներով։ Ծաղիկները միայնակ են, երկսեռ, հնգաթերթ, մանուշակագույն, սպիտակ կամ բազմագույն։ Ստորին տերևներն օվալաձև են, արտահայտված սղոցաեզր, վերինները՝ նշտարաձև։ Պտուղը եռափեղկ տուփիկ է։ Հասունանալիս այն բացվում է և թափվում են մանր, ձվաձև, ներքևի մասում ստորակետի նման կեռացած, բաց դարչնագույն սերմերը։ Նրանց մակերեսը թեթև կնճռոտված է, փայլուն կամ հազվադեպ՝ փայլատ։ 1000 սերմը կշռում է 0,5 գրամ։ Բույսը բացառապես սերմերով է բազմանում և լավ է աճում թեթև ավազային, նոսր ցանքով հողատեսքերում։ Թե հողում և թե սերմնանյութի մեջ ու լաբորատորիայում սերմերը իրենց ծլունակությունը կարող են պահպանել մինչև չորս տարի։ Ներքին հարկի մոլախոտ է, կուլտուրական բույսերին ճնշում է մատղաշ հասակում, հատկապես ուշ և նոսր ցանքերում[1]։ Ծաղկում է գարնանը և ամռան սկզբին։ Պտուղը եռափեղկ տուփիկ է։ Հայտնի է մանուշակի շուրշ 500 տեսակ, մասնավորապես Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և հանդերում։
Տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուշակների ցեղն իր մեջ ընդգրկում է բավական շատ տեսակներ, որոնցից աչքի ենընկնում եռագույն մանուշակը (V. tricolor L.), որը վայրի վիճակում հանդիպում է Եվրոպական համարյա բոլոր երկրներում, ինչպես նաև հոտավետ (V. odorata L.) և եղջերավոր (V. cornula L.) մանուշակները, որոնց վայրի վիճակում կարելի է հանդիպել Սովետական Միության տարբեր վայրերում, գլխավորապես Կովկասում։ Սելեկցիայի և հիբրիդիզացիայի շնորհիվ ստացվել են խոշորածաղիկ եռագույն մանուշակների (V. t. maxima) բազմաթիվ սորտեր։
Դեկորատիվ տեսակներից խիստ արժեքավոր են նաև վիթխարի ծաղիկեր կրող եռագույն մանուշակների մի շարք սորտեր, որոնց ծաղիկների տրամագիծը հասնում է 7-8 սմ-ի։ Եռագույն մանուշակը ծաղկման առատության, բազմերանգ ծաղիկների և մշակության պարզության շնորհիվ մեծ ժողովրդականություն վայելող բազմամյա ծաղկաբույսերից մեկն է։ Մշակության մեջ օգտսգործվում է որպես երկամյա, իսկ երբեմն նաև՝ որպես միամյա։ Մի շարք մասնագետների հաջողվել է սերմերից ստացված բույսերից ընտրել և աճեցնել այնպիսի բույսեր, որոնց ծաղիկները կրում են մեկական գույն, ինչպես, օրինակ՝ լրիվ դեղին կամ սպիտակ, մուգ կապույտ և այլն։ Ներկայումս միայն եռագույն մանուշակի տարբեր սորտետով հնարավոր է ձևավորել գեղեցիկ ծաղկեթփեր, ղևանդներ և այլն։ Կարելի է օգտագործել նաև նույն ժամկետում ծաղկող վարդակակաչների հետ միասին։
Եռագույն մանուշակի թփիկը կոմպակտ է։ Տարբեր սորտերի բարձրությունը տատանվում է 15-25 սմ-ի սահմաններում։ Ծաղկում է խիստ առատ, մանր ու խոշոր, բազմերանգ ծաղիկներով, որոնց տրամագիծը հասնում է 4-7 սմ-ի։ Այսպես, օրինակ՝ Վելիկան սորտի ծաղիկների տրամագիծը հասնում է 7-7,5 սմ-ի։ Բացի դրանից, շատ խոշոր ծաղիկներ կրող սորտերից աչքի ենընկնում Ռուբինը՝ մուգ կարմիր, Կանդիսսիման՝ սպիտակ, մուգ կապույտ, դեղին-ոսկեգույն, դեղին աչիկ կրող, Դոկտոր Ֆաուստը՝ սև գույնի ծաղիկներով և այլն։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուշակները բազմանում են թփիկների բաժանումով, կտրոններով և սերմերով։ Եռագույն մանուշակը սովորաբար բազմացվում է միայն սերմերով։ Որպեսզի գարնանից մինչև աշուն բույսերը անընդհատ առատորեն ծաղկեն, Երևանի պայմաններում ցանքը ջերմատներում պետք է կատարել փետրվար ամսից ոչ շուտ։
Վաղ գարնանը առատորեն ծաղկող բույսեր ունենալու համար անհրաժեշտ է ցանքը կատարել հուլիսի վերջերին։ Այս դեպքում նախասածիլումը սովորաբար կատարվում է ջերմոցի գրունտում կամ արկղերի մեջ, տախտակյա վահանակների ստվերի տակ։ Մինչև բույսերը բաց գրունտ տեղափոխելը, որը կատարվում է սեպտեմբեր ամսին, անհրաժեշտ է լավ կոփել և սովորեցնել դրսի պայմաններին։ Հաջորդ տարվա գարնանը այդ բույսերը արդեն կարելի է օգտագործել ծաղկային զանազան ձևավորումերում։ Եռագույն մանուշակն իրեն ավելի լավ է զգում կիսաստվերում։ Սակայն փորձերը ցույց են տվել, որ Երևանի պայմաններում արևոտ, լուսավոր հողամասերում մշակվող բույսերը, որոնք ստեղծվում են գարնան ցանքից, ամբողջ տարվա ընթացքում փարթամորեն ծաղկում են մինչև աշուն։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում՝ 14 տեսակ՝
- Մանուշակ անուշահոտ (V. odorata),
- Մանուշակ կովկասյան (V. caucasica),
- Մանուշակ դաշտային (V. arvensis),
- Մանուշակ ժայռային (V. rupestris) և այլն։
Կովկասյան մանուշակ հանդիպում է Սյունիքի մարզում (Խուստուփ լեռ), աճում է կրաքարային ժայռերի ճեղքերում, ալպյան գոտու խճաքարոտ, խոնավ լանջերին (2800-3000 մ բարձրալեռներում), ծաղիկները դեղին են, մանուշակ սոմխեթականը (V. somchetica)՝ Լոռու և Տավուշի մարզերում՝ մարգագետիններում, անտառեզրերին, բացատներու մանուշակ ծաղիկները խոշոր են, մանուշակագույն, բուրավետ։ Այս տեսակները կովկասյան բնաշխարհիկներ են, գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, թփուտներում, մարգագետիններում, գետերի և առվակների ափերին, չոր, քարքարոտ վայրերում և այլն։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, աղաղանյութեր, գլիկոզիդներ, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C և այլն։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ տեսակներ դեղաբույսեր են։ Մանուշակի որոշ տեսակներ օգտագործվում են ծաղկաբուծության, եթերայուղերի արտադրության և բժշկության մեջ։ Պատրաստուկներն օգտագործում են որպես խորխաբեր միջոց և մաշկային հիվանդությունների (էկզեմա, որքին) ժամանակ։ Մանուշակը ունի հանգստացնող ազդեցություն հիստերիայի, նյարդդային գրգռվածության, կծկանքների, անքնության ժամանակ։ Այն օգտագործում են ռևմատիզմի և մաշկային հիվանդությունների դեպքում։ Հնուց մանուշակի օշարակը համարել են փորլուծության դեմ լավագույն միջոց։ Մանուշակի յուղով մշակում են գլխի մաշկաբորբը, այն գործածում են են դեմքի այտուցմանն և շուրթերի ճաքի դեպքում։ Յուղն օգտագործում են նաև քոսի, փուչիկանման բշտիկների բուժման համար[2]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանուշակ։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 37-39։
- Գիշերային մանուշակ։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 61-65։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Имханицкая Н. Н. Семейство фиалковые (Violaceae) // Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 2. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1981. — С. 40—45.
- Ботаника. Энциклопедия «Все растения мира»: Пер. с англ. (ред. Григорь��в Д. и др.) — Könemann, 2006 (русское издание). — С. 923—926. — ISBN 3-8331-1621-8.
- Юзепчук С. В., Клоков М. В. Род 905. Фиалка — Viola L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1949. — Т. XV. — С. 350—479. — 742 с. — 4000 экз.
- Fritz Köhlein: Viola - Veilchen, Stiefmütterchen, Hornveilchen. Eugen Ulmer, Stuttgart 1999, ISBN 3-8001-6655-0.
- Elisabeth Mayer: Wildfrüchte, Wildgemüse, Wildkräuter. 2. Aufl., Leopold Stocker Verlag, Graz 2001, ISBN 3-7020-0835-7, S. 31–32.
- Marion Nickig, Elke von Radziewsky: Stiefmütterchen und Veilchen. Ellert & Richter, Hamburg 1999, ISBN 3-89234-837-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Никитин В. В. Ключ для определения фиалок (Viola L.) флоры Восточной Европы и Кавказа (pdf) Արխիվացված 2009-02-20 Wayback Machine
- Энциклопедия декоративных садовых растений — Фиалка
- Veilchenhomepage.
- The American Violet Society. Արխիվացված 2015-08-01 Wayback Machine
- Zahlreiche Detailaufnahmen bei botanische-spaziergaenge.at
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուշակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուշակ» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 255)։ |