Մանուել Քաջունի
Մանուել Քաջունի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1823 |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1903 (80 տարեկան) |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Քաջունի Մանուել (օգոստոսի 11, 1823, Կոստանդնուպոլիս - դեկտեմբերի 1, 1903, Կոստանդնուպոլիս, թաղված է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում), հայ մանկավարժ, բնագետ, փիլիսոփա, գիտության քարոզիչ։ Ավարտել է Վենետիկի Ռափայելյան վարժարանը, 1843 թվականից՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուել Քաջունին ծնվել է 1823 թվականին, Կ. Պոլսում։ Ավարտել է Մուրատ-Ռափայելյան վարժարանը։ Աշխատել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան վարժարաններում որպես ուսուցիչ և տեսուչ, 1848–1851 թվականներին՝ «Բազմավեպի» խմբագրի տեղակալ բնական գիտությունների գծով, 1883 թվականից ղեկավարել է Մուրատ–Ռափայելյան վարժարանը։ 1903 թվականին ընտրվել է Վենետիկի միաբանության թագադիր աբբա։ Պարգևատրվել է իտալական Ասպետական խաչով (1897)։ Քաջունին նպաստել է հայկական վարժարաններում բնագիտական առարկաների դասավանդումը բարելավելու և գիտության պահանջներին համապատասխանեցնելու գործին։ Ստեղծել է մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, մեխանիկայի դասագրքեր, 1869-1875 թվականներին Սուրբ Ղազար կղզում հիմնել ֆիզիկայի ուսումնական լաբորատորիա։ ժամանակի գիտելիքների յուրատեսակ հանրագիտարան է «Արվեստաբանություն կամ շտեմարան գիտելեաց» գիրքը (1875)։ Գյուղատնտեսության տարբեր ճյուղերի վերաբերյալ գիտահանրամատչելի աշխատությունների հեղինակ է։ Քաջունու գլխավոր երկը «Բառգիրք արվեստից և գիտութեանց և գեղեցիկ դպրութեանց» պատկերազարդ հանրագիտարան բառարանն է (1891–1893)։ Քաջունու «Հնախոսություն Հայաստանի» (1855) և «Աշխարհագրություն հին և նոր Հայաստանի» (1857) ուսումնական ձեռնարկները գրված են Ղ․ Ինճիճյանի աշխատությունների հիման վրա։ Առաջարկել է քիմիական նյութերի անվանակարգման սեփական եղանակ, մշակել և շրջանառության մեջ է դրել բազմաթիվ հայերեն գիտական տերմիններ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի Ասպետ խաչ (1897)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այվազյան Հ. Մ., Գիտական եզրաբանության առաջին մշակողը, ԲԵՀ, 1993 համար 3 (77)։
- Այվազյան Հ. Մ., Գրիգորյան Ս. Կ., Հայկական քիմիական անվանակարգության բարեփոխման հիմնախնդիրները, Երևան,1998։
- Միրզոյան Լ., Երևելի Մխիթարյանները՝ Մանուել Քաջունի, Երևան, 2005։
- «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ. Ֆիզիկա, հատոր 12, 1977։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |