Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճակնդեղ խոշորարմատ (լատին․՝ Beta macrorhiza), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
30-60 (80) սմ բարձրությամբ, ուղիղ կամ պառկած ցողունով և հաստ իլիկանման, ներսում կարմիր արմատով բազմամյա խոտաբույս է։ Ծաղկակից տերևները լայն-ձվաձև են, ծաղիկները՝ գերազանցող։ Ծաղկաբույլը երկարացած է և հասկանման[1]։
Աճում է Դարեղեգիսի (Եղեգիս գետի կիրճ) և Սևանի (Արեգունի լեռնաշղթա) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Դաղստանում, Արևելյան Անդրկովկասում, Անատոլիայում և Իրանում[1]։
Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1600-2200 մ բարձրությունների վրա, ինչպես նաև չոր քարքարոտ լանջերին, տափաստանում, մարգագետնատափաստանում և լճերի ավազոտ ափերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-սեպտեմբերին։ Կուլտուրական ճակնդեղի վայրի ազգակիցն է[1]։
Խոցելի տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակի հիմնական արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Մեկ պոպուլյացիան աճում է «Սևան» ազգային պարկի տարածքում։ Սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես կրճատվող տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։