Հոն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հոն (այլ կիրառումներ)
Հոն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հոնածաղկավորներ (Cornales) |
Ընտանիք | Հոնազգիներ (Cornaceae) |
Ցեղ | Հոն (Cornus) L., 1753 |
Հոն (լատին․՝ Cornus), հոնազգիների ընտանիքի ծառերի և թփերի ցեղ։
Հայտնի է 4, Հայաստանում՝ 1 տեսակ՝ Հոն սովորական (լատին․՝ Cornusmas)՝ տարածված է Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Տավուշի, Զանգեզուրի անտառներում և Սյունիքի մարզի ցածրադիր մասերում։ Մշակովի հոնի լավագույն փոփոխակներ տարածված են նաև Երևանի շրջակա այգիներում (Նորք), Կոտայքի և Արագածոտնի մարզերում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրությունը 4-8 մ է, պսակի տրամագիծը՝ 3-6 մ։ Երկարակյաց է։ Տերևները պարզ են, ամբողջական, հակադիր, ծաղիկները՝ երկսեռ, մանր՝ հավաքված հովանոցանման ծաղկաբույլերում։ Պտուղը կորիզապտուղ է, կարմիր, մսալի։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութ, օղի)։ Մեղրատու է։ Փայտանյութն ամուր է, օգտագործվում է ատաղձագործության մեջ։ Ծառի կեղևը, ճյուղերը և տերևները պարունակում են աղանյութեր[1]։ Հնագույն բժշկության մեջ որպես հակաթունային և վերքեր բուժող միջոց օգտագործում էին հոնի և դրա թփի վերգետնյա կեղևը։ Վերքի վրա դնում են բոված կեղևը և հոնի կտրատած պտուղները։ Հոնի տերևների թարմ հյութը օգտագործվում է որպես աչքի բուժիչ կաթիլներ։ Հոնի պտուղներից պատրաստված թանձր եփուկը քսում են երկու շերտ ծալած թանզիֆի վրա և գլխացավի ժամանակ դնում ճակատին, արմատներից պատրաստած եփուկը խմում ռևմատիզմի, իսկ հատապտղի կորիզներից պատրաստած եփուկը՝ փորլուծության ժամանակ։
Պտուղներն օգտագործում են իբրև տուբերկուլյոզով հիվանդների օրգանիզմը կազդուրող և դիմադրողականությունը բարձրացնող, մեջքի ցավերը հանգստացնող, հաճախակի միզաարձակաությունը կանխող և ականջների աղմուկը դադարեցնող միջոց։ Հոնի ճյուղերի կեղևը և արմատներն օգտագործվում են իբրև խինինին փոխարինող հակադողէրոցքային միջոց։ Հոնի հյութը, մուրաբան և կոմպոտները խորհուրդ է տրվում օգտագործել սակավարյունության, լյարդի հիվանդության, հոդատապի, շաքարախտի ժամանակ՝ իբրև միզամուղ և լեղամուղ միջոց։
Հոնի տերևների եփուկը և պտուղների թուրմը օգտագործում են իբրև ջերմությունն իջեցնող և միզամուղ միջոց, իսկ կեղևից պատրաստած եփուկը՝ որպես դիմադրողականությունը բարձրացնող և գրգռիչ միջոց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոն» հոդվածին։ |
|