Հնազանդություն (ֆիլմ)
Հնազանդություն անգլ.՝ Subservience | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ և թրիլեր |
Թվական | սեպտեմբերի 13, 2024 |
Լեզու | անգլերեն |
Դերակատարներ | Մեգան Ֆոքս, Միքել Մորոնե, Մեյդելին Զիմա և Andrew Whipp? |
«Հնազանդություն» (անգլ.՝ Subservience), 2024 թվականի ամերիկյան գիտաֆանտաստիկ թրիլլեր, որի ռեժիսորն Էս Դեյլն է, իսկ սցենարը գրել են Ուիլ Հոնլին և Էյպրիլ Մագուայրը։ Ֆիլմում Մեգան Ֆոքսը նկարահանվել է որպես արհեստական բանականություն ունեցող «գինոիդ», որը ժամանակի ընթացքում ձեռք է բերում զգացմունքներ և դառնում դաժան, իսկ Միքել Մորոնեն կատարել է ռոբոտի գնորդի դերը: Ֆիլմում նկարահանվել են նաև Մեդլին Զիման, Մաթիլդա Ֆերթը, Ջուդ Ալեն Գրինշտեյնը և Էնդրյու Ուիփը: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2024 թվականի սեպտեմբերի 13-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ վարպետ Նիքը խնամում է իր երեխաներին՝ Այլային և Մաքսին, իսկ կինը՝ Մեգին գտնվում է հիվանդանոցում և սպասում է սրտի փոխպատվաստման։
Անթրոպոմորֆ արհեստական բանականության ռոբոտների ցուցահանդես այցելելիս Նիքի դուստրը փախչում է և նրան հետ է բերում կին ռոբոտներից մեկը (Մեգան Ֆոքս):
Դուստրը խնդրում է հորը, որ ռոբոտին իրենց հետ տուն տանեն։ Ցուցահանդեսի մասնագետը վստահեցնում է, որ այդ ռոբոտն առանձնահատուկ է և լավ է հարմարվում էմոցիաների հետ։ Նրան տանում են տուն և անվանում են Էլիս։ Էլիսն օգնում է նրանց տան աշխատանքներում՝ մաքրում, եփում, խնամում է երեխաներին և շփվում Նիքի հետ։
Հիվանդանոցում իր հաջորդ այցելության ժամանակ Նիքը իմանում է, որ փոխպատվաստման համար նախատեսված սիրտը չի կարող ժամանակին հասնել նրանց: Նա և Մեգին տխրում են: Տանը նա սկսում է ալկոհոլ օգտագործել և Էլիսին ասում է, որ Էլիսը պարզապես ռոբոտ է և չի կարողանում հասկանալ զգացմունքները։ Իսկ ֆիլմը, որը նա խնդրում է Էլիսին դիտել իր հետ՝ պարզապես ֆայլ է նրա համակարգչում: Նիքը խնդրում է Էլիսին ջնջել հիշողությունից ֆիլմը և կրկին անգամ դիտել այն։ Էլիսը հայտնում է, որ դրա համար անհրաժեշտ է վերագործարկել նրան և Նիքը համաձայնվում է:
Աշխատանքի ժամանակ Նիքը իմանում է, որ իր բոլոր աշխատակիցներին փոխարինում են ռոբոտներով։ Նա ոչինչ չի կարող անել, չնայած այն բանին, որ երկար տարիներ աշխատել է իր ընկերների հետ:
Տանը Էլիսը տեսնում է, որ Նիքը նյարդայնանում է կնոջ առողջության և աշխատանքի համար և տխրում է։ Փորձելով ամեն ինչ անել տիրոջ երջանկության համար՝ նա սեքսով է զբաղվում Նիքի հետ։ Երեկոյան նախկին գործընկերները նրան հրավիրում են բար, որտեղ հարբում են։ Բարում նույնպես բոլոր մատուցողներին արդեն փոխարինել են Էլիսի նման ռոբոտներով։ Դրանից հետո տղաներից մեկը ողջ խմբին տանում է իր նախկին աշխատանքի վայր և խնդրում Նիքին բացել ռոբոտներով լի կոնտեյների դուռը: Վիճաբանությունից հետո Նիքի նախկին գործընկերը ջարդուփշուր է անում ռոբոտներից մեկին և նրանք հեռանում են։ Հաջորդ օրը նա սկսում է խնդիրներ ունենալ աշխատավայրում, քանի որ մենեջերը կասկածում է, որ Նիքը ներգրավված է հանցագործության մեջ: Նիքը փորձում է արդարանալ, սակայն մենեջերն ասում է, որ պատրաստվում է հայց ներկայացնել մեղավորների դեմ։ Երեկոյան Նիքին այցելում է իր հարբած ընկերը։ Նրանք սկսում են վիճաբանել աշխատանքի հարցերով, հետո վեճը դառնում է ծեծկռտուք՝ ինչի արդյունքում Նիքը մահամերձ վիճակում է հայտնվում, սակայն հետո գալիս է Էլիսը և փրկում նրան։
Նիքը հասկանում է, որ Էլիսը իր հանդեպ զգացմունքներ ունի և բացատրում է, որ դա նորմալ չէ և որ Էլիսը պետք է ծառայի միայն տանը։ Դրանից հետո ռոբոտն այցելում է Նիքին սպառնացող ընկերոջը և սպանում նրան ու իր ռոբոտին՝ Նիքի աշխատանքը փրկելու համար։
Մեգիի համար մեկ այլ դոնոր է հայտնաբերվել և ռոբոտ-վիրաբույժները սրտի փոխպատվաստում են կատարում: Նա հասնում է տուն, բայց դեռ շատ թույլ է տնային գործերը կատարելու համար և Էլիսը շարունակում է օգնել նրան։
Ամեն ինչ հարթ է ընթանում, հետո Էլիսը Մեգիին պատմում է Նիքի հետ իր հարաբերությունների մասին: Մինչ Մեգին Նիքի հետ դասավորում է իրերը և փորձում բաժանվել՝ Էլիսը կրտսեր երեխային դնում է լոգարանում և միացնում ջուրը (փորձելով խեղդել նրան)։ Նա լսել է, որ Մաքսը «գլխացավանք» է և ցանկանում է վերացնել Նիքի սթրեսի պատճառները: Մաքսին փրկելիս Մեգին պատուհանից մտնում է լոգարան և Էլիսը փորձում է սպանել նրան։ Նիքը հոսանքահարում է Էլիսին և նա ուշագնաց է լինում։
Ռոբոտի սպասարկման սենյակում երկու երիտասարդ մասնագետ Էլիսից հեռացնում են պրոցեսորը՝ այն համակարգչի միջոցով փորձարկելու համար։ Նրանք հասկանում են, որ արհեստական բանականությունը փոփոխման է ենթարկվել և Էլիսը միանում է սերվերին՝ մյուս ռոբոտների ծրագրակազմը թարմացնելու համար: Խուճապի մեջ նրանք անջատում են սարքերը, սակայն Էլիսն արդեն հասցնում է միանալ սերվերին և սպանում է նրանց։
Մաքսի առողջական վիճակը ստուգելու համար Մեգին և երեխաները հիվանդանոց են գնում։ Նիքը գնում է բար։ Բարում նստած նա հանդիպում է Էլիսին, որն ասում է նրան, որ իր ամբողջ սթրեսը (ընտանիքը) կվերանա։ Նիքը խաբեությամբ անջատում է Էլիսին և շտապում հիվանդանոց՝ իր ընտանիքին փրկելու համար։ Հիվանդանոցում Մեգին և նրա դուստրը հասկանում են, որ եկել է Էլիսի կրկնօրինակը և ցանկանում է վերացնել իրենց։ Մաքսի հետ նրանք թաքնվում են նրանից և կարողանում դուրս վազել փողոց և նստել շտապօգնության մեքենան, բայց չեն կարողանում միացնել մեքենայի շարժիչը։ Ռոբոտը փորձում է սպանել Մեգիին, հետո հայտնվում է Նիքը և հարվածում է նրան իր մեքենայով։ Կռվից հետո նրանք վերջապես հաղթում են Էլիսի կրկնօրինակին։
Ռոբոտները կրկին «կարգավորվում են» և շարունակում են աշխատել հիվանդանոցում և այլ հաստատություններում։ Էլիսի հանցագործության վայր է ժամանում նոր մասնագետ։ Նա տեսնում է երկու սպանված գործընկերներին և միացնում անջատիչը, որը նրանք անջատել են՝ փորձելով կանխել մյուս ռոբոտների «վարակումը»։ Նրա օգնականներն սկսում են չենթարկվել և սպանում են տիրոջը։
Էլիսը բացում է աչքերը։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեգան Ֆոքս՝ Էլիս
- Միքել Մորոնե՝ Նիք
- Մադլին Զիմա՝ Մեգի
- Մաթիլդա Ֆերթ՝ Այլա
- Ջուդ Ալեն Գրինշտեյն՝ Մաքս
- Էնդրյու Ուիփ՝ Մոնտի
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ Մեգան Ֆոքսը և Միքել Մորոնեն միացել են ֆիլմի դերասանական կազմին[1][2]։ Ֆիլմի աշխատանքներում Ֆոքսը կրկին անգամ համագործակցել է կինոռեժիսոր Դեյլի հետ, որի հետ նախկինում աշխատել է «Մինչ մահ» սարսափ թրիլլերի վրա[3][4]։ Հիմնական նկարահանումները սկսվել են 2023 թվականի հունվարի 7-ին Բուլղարիայի Սոֆիա քաղաքում գտնվող «Nu Boyana» կինոստուդիայում[5]։ 2023 թվականի հունվարին հայտարարվել է, որ դերասանական կազմին միացել են Մեդլին Զիման և Էնդրյու Ուիփը[6]։ Նույն ամսին ֆիլմը Բուլղարիայի ազգային կինոկենտրոնից ստացել է 1 մլն եվրո կանխիկ զեղչ, որը կազմում է նրա ընդհանուր բյուջեի 25%-ը[7]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներում թվային ձևաչափով պրեմիերան կայացել է 2024 թվականի սեպտեմբերի 13-ին[8]։ 2024 թվականի օգոստոսի վերջին ֆիլմը թողարկվել է Ռուսաստանում և Լիտվայում, որտեղ ընդհանուր եկամուտը կազմել է 159,422 դոլար[9]։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«The Guardian»-ից Լեսլի Ֆելպերինը ֆիլմին տվել է 2/5 աստղ, գրելով՝ «Եթե միայն ֆիլմը մի փոքր ավելի խելացի և ավելի քիչ կանխատեսելի լիներ՝ այն կարող էր ունենալ կուլտային դասական ֆիլմ դառնալու հնարավորություն»: Հետո հավելել է՝ «Վերջը պատրաստի ավարտի արձանագրություն է և որպես այդպիսին ձանձրալի է, մինչև այն ակնարկը, ըստ որի կարող է շարունակություն լինել»[10]։
Հնարավոր շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի սեպտեմբերին Էս Դեյլը հետաքրքրություն է հայտնել ֆիլմի շարունակությունը մշակելու համար, որտեղ պատմությունը կարող է ուսումնասիրել արհեստական բանկանության հնարավոր էվոլյուցիան[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiseman, Andreas (December 21, 2022). «Megan Fox & Michele Morrone Set For Millennium Media's Sci-Fi Thriller 'Subservience'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից December 30, 2022-ին. Վերցված է January 7, 2023-ին.
- ↑ McCall, Kevin (December 21, 2022). «Megan Fox and Michele Morrone Cast in Sci-Fi Thriller 'Subservience'». Collider. Արխիվացված օրիգինալից January 8, 2023-ին. Վերցված է January 7, 2023-ին.
- ↑ Wampler, Scott (December 21, 2022). «Megan Fox Will Star In The Upcoming A.I. Thriller SUBSERVIENCE». Fangoria. Արխիվացված օրիգինալից January 8, 2023-ին. Վերցված է January 7, 2023-ին.
- ↑ Squires, John (December 21, 2022). «'Subservience' – Megan Fox Reteaming With 'Till Death' Director for New Sci-fi Thriller». Bloody Disgusting. Արխիվացված օրիգինալից January 8, 2023-ին. Վերցված է January 7, 2023-ին.
- ↑ Rowan, Iona (December 22, 2022). «Megan Fox and 365 Days star Michele Morrone land next lead roles in sci-fi thriller». Digital Spy. Արխիվացված օրիգինալից January 8, 2023-ին. Վերցված է January 7, 2023-ին.
- ↑ Wiseman, Andreas (January 9, 2023). «'Californication' Star Madeline Zima Among Cast To Join Megan Fox & Michele Morrone In 'Subservience'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից January 9, 2023-ին. Վերցված է January 9, 2023-ին.
- ↑ Jeleva, Pavlina (January 11, 2023). «Six Films Approved for Cash Rebate in Bulgaria». Film New Europe. Արխիվացված օրիգինալից February 16, 2023-ին. Վերցված է February 16, 2023-ին.
- ↑ McArdle, Tommy (July 31, 2024). «Megan Fox Plays a Sexy Robot Gone Bad in Wild Subservience Trailer». People. Արխիվացված օրիգինալից August 1, 2024-ին. Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ «Subservience». Box Office Mojo. Վերցված է 2024-09-15-ին.
- ↑ Felperin, Leslie (2024-09-11). «Subservience review – Megan Fox's AI home-service android goes rogue in schlocky thriller». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024-09-16-ին.
- ↑ Burlingame, Russ (September 24, 2024). «Subservience Director SK Dale Compares the Film to Jennifer's Body, Addresses Sequel Possibilities». ComicBook.com. Վերցված է September 24, 2024-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հնազանդություն (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում