Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին սլավոներեն, սլավոնական ամենահին գրական լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի սլավոնական ճյուղի հարավային խմբին (մեռած)։ Նախապես հին սլավոներենը եղել է մակեդոնական մի խոսվածք (բարբառ), որի համար գիր է ստեղծվել IX դ.։ Իբրև գրավոր լեզու մշակվել ու հարստացել է շնորհիվ թարգմանական գրականության։ Միջէթնիկական լեզվի դեր է կատարել նախ արևմտյան, ապա հարավային և արևելյան սլավոնների համար։
Սկսած XI դարից հին սլավոներենը հիմք է դարձել եկեղեցասլավոնական լեզվատարբերակների գոյացման համար։ Կառուցվածքով թեքական է։ Հնչյունական համակարգի բնորոշ գծերից են՝ թուլացած ձայնավորների գործածությունը, անլիաձայնությունը (օրինակ՝ брада, глава, հմմտ. ռուս. борода, голова), երկար ու կարճ, նաև ռնգային ձայնավորների, փափուկ ու կոշտ բաղաձայնների առկայությունը ևն։ Գերակշռել են բաց վանկերը։ Ունեցել է սեռի (արական, իգական, չեզոք), թվի (եզակի, երկակի, հոգնակի), հոլովի կարգեր, անվանական և դերանվանական հոլովումներ, դիմավոր (եղանակաժամանակային) և անդեմ ձևեր։ Գրավոր աղբյուրներն ավանդվել են կիրիլիցա և գլագոլիցա գրատեսակներով։
- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
- ↑ (unspecified title) — P. 37.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 411)։
|