Հեռուստատեսային աշտարակ, պատվանդան, որի գագաթին տեղակայվում են հեռուստատեսային հաղորդիչ կայանի անտենաները։ Հեռուստատեսային աշտարակի բարձրությունը որոշվում է ըստ հեռուստատեսային կայանի գործողության շառավղի և հաղորդիչ հեռուստատեսային անտենաների քանակի ու չափերի։ Հեռուստատեսային աշտարակի վրա տեղադրվում են նաև գերկարճալիք ռադիոհաղորդումների, ինչպես և ռադիոռելեային ու ռադիոհեռախոսային կապի անտենաներ։ Հեռուստատեսային աշտարակի նախօրինակ կարելի է համարել ՓարիզիԷյֆելյան աշտարակը (1889)՝ շուրջ 300 մ բարձրությամբ և Մոսկվայի ռադիոաշտարակը (1921, նախագծել է Վ. Գ. Շուխովը)՝ 148 մ բարձրությամբ, որոնք 30-ական թթ., երբ սկսեց զարգանալ հեռուստատեսությունը, վերածվեցին հեռուստատեսային աշտարակի։ Աշխարհի ամենաբարձր հեռուստատեսային աշտարակ են Մոսկվայի Օստանկինոյի երկաթբետոնե աշտարակը՝ 533 մ բարձրությամբ (1967, անտենայի բարձրությունն ավելացնելուց հետո՝ 536 մ) և Տորոնտոյի (Կանադա) երկաթբետոնե հեռուստատեսային աշտարակ, որն ունի 550 մ բարձրություն։ Երևանի հին հեռուստատեսային աշտարակը (1956) տիպային է և անտենայի հետ ունի 196 մ բարձրություն, իսկ 1977-ին շարք մտած նոր աշտարակի բարձրությունը 311 մ է։ Երկաթբետոնե աշտարակի գագաթամասը, ուր տեղակայվում են անտենաները, որպես կանոն, լինում է մետաղյա ռադիոհեռուստատեսային սարքավորումը տեղադրվում է աշտարակաբնի ներսում։ Մեծ քաղաքներում հեռուստատեսային աշտարակի հարթակներն օգտագործվում են նաև իբրև դիտահրապարակ, ռեստորան կամ սրճարան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 363)։