Jump to content

Հայկ Խանումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Խանումյան
Արցախի Հանրապետություն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ծննդյան օր՝ սեպտեմբերի 12, 1984 (40 տարեկան)
Ծննդավայր՝Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Հայկ Ռուբենի Խանումյան (սեպտեմբերի 12, 1984(1984-09-12), Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական և հասարակական գործիչ Արցախի Հանրապետությունում, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ 2013 թ. փետրվարից։ 2015 թ. մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ ընտրությունների արդյունքում Ազգային վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր։ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 12-ին, Խորհրդային Հայաստանի Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Իջևան քաղաքի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 դպրոցում, 2001 թ. ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժինը։ 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան, քաղաքագիտության գծով մասնագիտացել Կովկասի ինստիտուտում (Երևան)[3], իսկ եվրոպական ուսումնասիրությունների գծով՝ Ստրասբուրգի համալսարանում[3]։ 2009-2010 թթ. քաղաքագիտական առարկաներ է դասավանդել Արցախի պետական համալսարանում[3]։

2010 թ. մի խումբ ընկերների հետ ստեղծել է Արցախի եվրոպական շարժում հասարակական կազմակերպությունը, որի նպատակը միջազգային ոչ կառավարական սեկտորում Արցախը ճանաչելի դարձնելն էր[4]։

Ամուսնացած է Դիանա Մովսիսյանի հետ։

Լրագրողական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թ.-ից սկսած Հայկ Խանումյանն ակտիվորեն հանդես է գալիս մամուլում, հեղինակային սյունակներ վարելով Մեդիամաքսում (mediamax.am), ապա՝ Սիվիլնեթում (civilnet.am)։ Հրապարակախոսական հոդվածներում Հ.Խանումյանը հիմնականում անդրադառնում է Արցախին վերաբերող հարցերին՝ հաճախ քննադատության ենթարկելով Արցախի իշխանություններին և նրանց վարած քաղաքականությունը[5][6]։

Ընդդիմադիր քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկ Խանումյանը 2014 թվականին

Հայկ Խանումյանը երկար տարիներ Արցախի Հանրապետությունում հանդես է եկել որպես ընդդիմադիր գործիչ[7]։

2011 թվականին տված հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ ինքն ընդգծված ազգայնական է, Արցախի հարցում բացառում է որևէ տարածքային զիջում, կողմ է Արցախի թերբնակեցված շրջանների ինտենսիվ վերաբնակեցմանը[3]։

2012 թվականին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների ժամանակ սատարել է ընդդիմության թեկնածու Վիտալի Բալասանյանին և նախընտրական արշավում համակարգել վերջինի շտաբի հասարակայնության հետ կապերը[8]։

2013 թվականի հունվարին Լեոնիդ Հայրապետյանի և Վարդան Առուստամյանի հետ հայտարարել է «Ազգային վերածնունդ» կուսակցության ստեղծման մտադրության մասին և նույն թվականի փետրվարի 23-ին կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության ժամանակավոր նախագահ, իսկ նույն թվականի նոյեմբերին՝ կուսակցության նախագահ[9]։

Պատգամավորական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսի 3-ի Արցախի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններում իր ղեկավարած «Ազգային վերածնունդ» կուսակցությունից ընտրվել է 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր[10]։

Արցախի ՏԿԵ նախարար

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի դեկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Հայկ Խանումյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար[1]։

Քրեական գործ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության դատախազությունը քրեական գործ է հարուցել նախարար Հայկ Խանումյանի նկատմամբ՝ մեղադրելով, որ նա, որպես նախարար, անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել, ծառայության նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, ոչ պատշաճ է կատարել համապատասխան իրավական ակտերով և իմ կողմից նշված պայմանագրերով նախատեսված պարտականությունները, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափ կազմող 69 միլիոն 485 հազար ՀՀ դրամի գումար վնաս[11]։ Հայկ Խանումյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել[11]։

Տարածքների հանձնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնո գյուղում հանդիպել է տեղի բնակչության հետ և հայտարարել, որ Աղավնո, Ներքին Սուս գյուղերի ու Բերձոր քաղաքի բնակիչները պետք է մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը լքեն իրենց բնակավայրերը, քանի որ այդ օրը տվյալ տարածքները հանձնվելու են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[12]։ Բնակչության հեռացման գործընթացը վերահսկում և կազմակերպում է նախարար Հայկ Խանումյանը[12][13]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Խանումյանը ֆիլմ է նկարահանել Ադրբեջանի ազգային հերոսի կոչմանն արժանացած Ալլահվերդի Բագիրովի մասին։ Ֆիլմում նա ներկայացրել է Ակնայում Ալլահվերդի Բագիրովի տապանաքարի տեղադրման պատմությունը։ Խանումյանը Ֆիլմում ներկայացել է, որ 1994 թվականին այդ տապանաքարը տեղադրել է Բագիրովի մարզընկեր ֆուտբոլիստ Ռազմիկ Պետրոսյանը։ Ներկայացվել է նաև, որ տարիներ անց Ռազմիկ Պետրոսյանը ցանկացել է նոր տապանաքար տեղադրել՝ փոխարինելով հինը։ Արցախի Հանրապետության իշխանություններից թույլտվություն ստանալու նպատակով Հայկ Խանումյանը դիմել է այն ժամանակ ազգային անվտանգության տնօրեն Արշավիր Ղարամյանին։ Նոր տապանաքարի տեղադրման արարողությունը նույնպես տեղ է գտել ֆիլմում։ 2018 թվականին Ալլահվերդի Բագիրովի նոր տապանաքարը մի խումբ երիտասարդների կողմից տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաք և ոչնչացվել[14]։

  1. 1,0 1,1 Հայկ Խանումյանի մասին տեղեկություններ Արցախի Հանրապետության կառավարության կայքում, արխիվացված 07․01․2021թ․։
  2. «Հայկ Խանումյանը՝ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «արտաքին հղում|bot=InternetArchiveBot». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. «արտաքին հղում|bot=InternetArchiveBot». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. Հայկ Խանումյանի սյունակը Մեդիամաքսում
  6. «Հայկ Խանումյանի սյունակը Սիվիլնեթում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. «Խանումյանին ծեծելու դեպքով հարուցված քրգործը կարճվել է. Որոշումը կբողոքարկվի» հոդված panarmenian.net կայքում, արխիվացված 12․08․2022թ․։
  8. Վիտալի Բալասանյանի ներկայացուցիչ. Արցախում ընտրություններն անցել են ազատ, բայց անարդար
  9. «Նոր կուսակցություն Ղարաբաղում» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 12․08․2022թ․
  10. Հայկ Խանումյանի կենսագրությունը Արցախի Հանրապետության ազգային ժողովի կայքում, արխիվացված 12․08․2022թ․
  11. 11,0 11,1 «Հայկ Խանումյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը». Հայկ Խանումյան» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 12․08․2022թ․)։
  12. 12,0 12,1 «Հայկ Խանումյանը Աղավնոյի, Բերձորի եւ Սուսի բնակիչների հետ քննարկել է մինչեւ օգոստոսի 25-ը տարհանման հարցերը» հոդված news.am կայքում, (արխիվացված 07․08․2022թ․)։
  13. «Երբ վառում ես բնակարանները՝ ջնջում ես ամեն ինչ, խաչ ես քաշում, որ այդտեղ վերադառնալու ես». Հայկ Խանումյան» հոդված aravot.am կայքում, (արխիվացված 12․08․2022թ․)։
  14. «Մի քարի պատմություն» հոդված civilnet.am կայքում, (արխիվացված 12․08․2022թ․)։