Հայկազյան-Թամարյան ազգային դպրոց
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկազյան (այլ կիրառումներ)
Հայկազյան-Թամարյան ազգային դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1875 |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Թավրիզ |
Հասցե | Իրան, Թավրիզ, Լիլիավա թաղամաս |
Հայկազյան-Թամարյան ազգային դպրոց, տարրական, ապա միջնակարգ երկսեռ դպրոց։ Հիմնվել է 1875 թվականին, Թավրիզի Լիլիավա թաղամասում՝ «Հայկազյան» և «Սևան» առևտրական ընկերությունների կողմից։ 1879 թվականին այստեղ հիմնվել է նաև օրիորդաց դպրոց։ 1895 թվականին այդ դպրոցները տեղափոխվել են Թումանյանց եղբայրների կառուցած նոր եռահարկ շենքը (13 դասարանով և սրահով), որը կոչվել է նրանց վաղամեռիկ քրոջ՝ Թամարի անունով։ Այդ թվականից էլ սկսել է կոչվել Հայկազյան-Թամարյան։
20-րդ դարի սկզբին Թավրիզի միակ միջնակարգ ուսումնական հաստատությունն էր։ 1936 թվականին փակվել է, վերաբացվել է միայն 1956-1957 թվականների ուսումնական տարում։ Այդ շրջանից սկսած՝ Թավրիզի ազգային դպրոցները կոչվել են Հայկազյան-Թամարյան-Սահակյան տարրական և միջնակարգ երկսեռ դպրոցներ (կրթության նախարարությունում հայտնի էին «Ասադի» անունով)։ Դասավանդվել են բնական, հասարակական և տեխնիկական գիտություններ, լեզուներ, մեծ ուշադրություն է նվիրվել մանկավարժությանն ու հոգեբանությանը։ Մինչև 1936 թվականը ուսուցումը եղել է հայերեն, այնուհետե՝ պարսկերեն։ Հայոց լեզուն և կրոնը դասավանդվել են արտաժամյա՝ պետական ծրագրից դուրս։ 1950-ական թվականներին դպրոցի վերստացումից հետո պետական տեսուչներ նշանակվել են միայն պարսիկներ։