Jump to content

Հայերը Սոչիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերը Սոչիում սկսել են հաստատվել 19-րդ դարի վերջից: 21-րդ դարի սկզբին Սոչիում բնակվում է շուրջ 100 հազար հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ շուրջ 150 հազար: Նրանց շրջանում, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի հայերի շրջանում ընդհանրապես, կան ինչպես համշենահայեր, այնպես էլ Հայաստանից, Վրաստանից վերաբնակված և Խորհրդային Ադրբեջանից տեղահանված հայեր։

1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ այստեղ բնակվել է 180 հայ: Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների տարիներին տեղի հայ բնակչությունը նկատելիորեն ավելացել է ի հաշիվ Արևմտյան Հայաստանից և Անդրկովկասից եկած փախստականների, ինչն արդյունք էր հայոց ցեղասպանության և նորաստեղծ հայկական պետության անկայուն քաղաքական վիճակի:

Սոչիի շրջանի վարչական տարածքի մեջ մտնում են նաև Ադլերը, Խոստան, Լազարևսկոյեն, որտեղ նույնպես հայկական համայնքներ կան: 1955 թվականին կառուցված Սոչիի նավահանգստի նախագծի հեղինակն է ճարտարապետ Կարո Հալաբյանը:

1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին Սոչիում հայ ազգային կյանքը սկսել է աշխուժանալ: Համայնքը ստվարացել է Աբխազիայի հակամարտության գոտուց, Ջավախքից, Ախալցխայի և Ծալկայի շրջաններից և Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանի շրջաններից արտագաղթածների հաշվին:

Ստեղծվել է «Սևան» հայկական մշակութային կենտրոնը, որը կազմակերպել է շաբաթօրյա և կիրակնօրյա հայկական դպրոցներ: 1990-1991 ուսումնական տարում քաղաքի վեց դպրոցներում բացվել են հայկական դասարաններ (ընդամենը՝ 1500 աշակերտ), 19 ռուսական դպրոցներում ուսուցանվում է հայոց լեզու, իսկ մանկավարժական ուսումնարանին կից՝ հայկական դպրոցների տարրական դասարանների համար՝ ուսուցիչների պատրասաման խումբ: Սոչիի համալսարանում բացվել է հայագիտական ֆակուլտետ:

Լույս են տեսնում «Սևան», «Լույս Համշենի» (հայերեն, ռուսերեն), «Արմյանսկիե վեստի» ռուսերեն պարբերականները:

Սոչիի քաղաքային դումայում կան հինգ հայազգի պատգամավորներ:

1992 թվականից գործում է սուրբ Խաչ մատուռը: Հետագայում կառուցվել են սուրբ Սարգիս եկեղեցին, սուրբ Սարգիս տաճարը, սուրբ Հովհաննես եկեղեցինկազմակերպվել է նաև հայ կաթոլիկների համայնքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։