Հայաստանի օգտակար հանածոներ
Մակերևույթի ձևավորման երկրաբանական պայմանների և ընդերքի բարդ կառուցվածքի հետևանքով Հայաստանն աչքի է ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ և նրանց շատ տեսակների պաշարների հարստությամբ։ Հայաստանում դեռևս հայտնաբերված չեն վառելիքային օգտակար հանածոների արդյունաբերական պաշարներ։ Մինչդեռ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոները ունեն խոշոր գործնական նշանակություն։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը։
Մետաղային օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հայտնաբերվել են 30 տարբեր մետաղների ավելի քան 900 հանքավայրեր և երևակումներ։ Մետաղների բոլոր հիմնական խմբերը` գունավոր, սև, ազնիվ մետաղները և հազվագյուտ ու ազնիվ տարրերը ունեն տարբեր տնտեսական արժեք[1]։
Գունավոր մետաղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գունավոր մետաղներից Հայաստանը հարուստ է հատկապես` պղնձի, ��ապարի, ցինկի, և ալյումինի հումքի պաշարներով։
Պղինձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետության տարածքում հայտնաբերված գունավոր մետաղներից գործնական նշանակության տեսակետից առաջին տեղը պատկանում է պղնձին։ Երկրաբանական տվյալների համաձայն այն առաջինն է նաև իր տարածվածությամբ։ Հանրապետության տարածքում հայտնաբերված պղնձի պաշարների 80-90 %-ը կենտրոնացված են Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում։ Արդյունաբերական նշանակություն ունեցող պղնձի պաշարներով հաջորդ տեղը պատկանում է Հայաստանի հյուսիսային հատվածին։ Այստեղ հատկապես նշանավոր են Ալավերդու և Շամլուղի հանքավայրերը։ Վերջերս պղնձամոլիբդենային խոշոր հանքավայր է հայտնաբերվել Թեղուտ գյուղի մոտ։ Այս հանքավայրում պղնձի և մոլիբդենի պաշարները գնահատվում են 500 մլն տ։ Հանքավայրերում պղնձի պարունկությունը կազմում է 1.5-5 %, իսկ Կապանի հանքավայրի որոշ հատվածներում այն հասնում է 10-14 %-ի։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պղինձը հեշտ մշակվող, բայց շատ երկարադիմացկուն մետաղ է, այդ պատճառով այն օգտագործվում է մեքենաշինության բոլոր բնագավառներում։ Դրանցից արտադրվում է մեքենաների դետալներ, մասեր, խողովակներ։ Գունավոր այդ մետաղից արտադրվում է նաև էլեկտրահաղորդիչ լարերի մեծ մասը, հատկապես բարձրավոլտ էլետրահաղորդիչ լարերը (որոնցով էլետրաէներգիան մղվում է մեծ հեռավորությունների վրա) հիմնականում արտադրվում են պղնձից։ Դրանք ալյումինի լարերի համեմատությամբ ավելի երկարադիմացկուն են։ Պղնձից են արտադրվում նաև կենցաղային նշանակություն ունեցող շատ արտադրատեսակներ։ Պղնձի ձուլման գործընթացում անջատվում են ծծմբային գազեր, ոոնք հումք են հանդիսանում ծծմբաթթվի արտադրության համար, որն օգտագործվում է տնտեսության տարբեր բնագավառներում։ Իսկ պղնձաձուլության թափոներն օգտագործվում են մի այլ քիմիկատի` պղնձաջասպի արտադրության համար, որն լայնորեն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, որպես պարարտանյութ։
Մոլիբդեն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ տարածքում հայտնաբերված գունավոր մետաղների շարքում գործնական նշանակության տեսակետից շատ կարևոր է մոլիբդենի դերը։ Հատկանշական է այն, որ մոլիբդենի համաշխարհային պաշարների 7-9 %-ը գտնվում է միայն Սյունիքի մարզում։ Այն հանդես է գալիս պղնձի հետ միասին։ Հանրապետությունում առկա մոլիբդենի տասնյակ հանքավայրերից ու երևակումներից գործնական նշանակություն ունեն հատկապես Քաջարանի ու Ագարակի հանքավայրերը։ Քաջարանի հանքավայրի հանքանյութի մեջ մոլիբդենի պարունակությունը կազմում է 0.1 - 0.2 %: Հանրապետությունում հայտնաբերվել են նաև մի շարք այլ հանքավայրեր, որոնցից հետագայում նշանակալից դեր կարող են խաղալ Դաստակերտի, Շիկահողի, Թեղուտի, Հանքավանի և Լիճքի հանքավայրերը։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլիբդենն ունի տնտեսական մեծ նշանակություն։ Այն առաջին հերթին հանդիսանում է որպես լեգիրող մետաղ։ Մոլիբդենն օգտագործվում է հատկապես պողպատի արտադրության մեջ։ Այն բարձրացնում է պողպատի որակը (բարձրացնում է նրա դիմացկունությունը, կռելիության աստիճանը)։ Այն ավելի հաճախ օգտագործվում է հատուկ նշանակություն ունեցող պողպատ արտադրելու համար։ Այդ պատճառով էլ մոլիբդենի նշանակությունը հատկապես մեծ է մետաղահատ հաստոցաշինության, ռազմական և տիեզերական մեքենաշինության բնագավառներում։ Մոլիբդենն խոշոր նշանակություն ունի նաև էլետրատեխնիկական արդյունաբերության մեջ, նրանից արտադրված մոլիբդենի թելը օգտագործվում է էլեկտրալամպերի արտադրության համար։
Բազմամետաղներ (կապար, ցինկ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետությունում արդյունաբերական նշանակություն ուեն բազմամետաղային` կապարա-ցինկային հանքավայրերը։ Վերջիններս գտնվում են Սյունիքի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերի տարածքներում։ Երկրաբանների գնահատմամբ հանրապետությունում հայտնաբերված բազմամետաղային մի քանի տասնյակ հանքավայրերից արդյունաբերական նշանակություն ունեն Ախթալայի, Կապանի, Ղազմայի (Վայոց ձորի մարզ) հանքավայրերը։ Այս հանքավայրերից գործնական նշանակություն ունի Ախթալայի բազմամետ��ղային հանքավայրը, որտեղ կառուցված է հարստացուցիչ ֆաբրիկա։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամետաղները, այդ թվում ցինկն ու կապարը, լայն կիրառություն ունեցող գունավոր մետաղներ են, որոնց նշանակությունը հատկապես մեծ է ճշգրիտ մեքենաշինության, էլետրատեխնիկական արդյունաբերության և այլ բնագավառներում։
Նեֆելինային սիենիտ (ալյումինի հումք)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալյումնի արտադրության համար խոշոր հունքային բազա է հանդիսանում հանրապետությունում առկա նեֆելինային սիենիտների պաշարները։ Այս առումով, մեծ հետաքրքրություն են ներկայացնում Թեժ լեռան մոտ առկա նեֆելինային սիենիտների խոշոր պաշարները, որոնց հումքի բազայի վրա մշակվել է ալյումինի արտադրության տեխնոլոգիա։ Նեֆելինային սիենիտների պաշարներ կան նաև Շվանիձոր գյուղի մոտ (Սյունիքի մարզ)։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալյումինը, որպես թեթև մետաղ, շատ խոշոր նշանակություն ունի ինքնաթիռաշինության, ռազմական արդյունաբերության և շատ այլ բնագավառներում։
Դոլոմիտ (մագնեզիումի հումք)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետությունում մետաղային մագնեզիումի համար հումքային բազա կարող է հանդիսանալ դոլոմիտների խոշոր պաշարները։ Այս տեսակետից գործնական նշանակություն կարող են ունենալ Արզականի (Կոտայքի մարզ) և Լուսաձորի (Տավուշի մարզ) դոլոմիտների հանքավայրերը։ Բացի նշվածներից, մագնեզիտի հանքավայրեր և երևակումներ հայտնաբերվել են նաև Գեղարքունիքի մարզում (Շորժայի, Ջիլի և այլն)։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագնեզիումը լայնորոն օգտագործվում է ինքնաթիռաշինության, ռազմական արդյունաբերության և շատ այլ բնագավառներում։
Սև մետաղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ տարածքում հայտնաբերվել են սև մետաղների պաշարներ, որոնցից գործնական նշանակություն կարող են ունենալ առաջին հերթին երկաթի հանքաքարի պաշարները։
Երկաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնաբերված երկաթի հանքավայրերը իրենց պաշարներով, հանքային կազմով, շահագործման և տրանսպորտա-աշխարհագրական պայմաններով համարժեք չեն։ Արդյունաբերական առավել մեծ արժեք են ներկայացնում Հրազդանի, Կապուտանի և Սվարանցի երկաթի հանքավայրերը։
Կապուտանի հանքավայրը գտնվում է Կոտայքի մարզի Կապուտան գյուղի մոտ, Երևանից մոտ 25 կմ հեռավորության վրա։ Այստեղ երկաթի միջին պարունակությունը 28-30 % է կազմում։ Այս հանքավայրի հաստատված արդյունաբերական պաշարները կազմում են շուրջ 244 մլն տ, իսկ հեռանկարային պաշարները` 400 մլն տ։ Հրազդանի հանքավայրը գտնվում է անմիջապես Հրազդան քաղաքի մոտ, մետաղի միջին պարունակությունը 32 % է, արդյունաբերական պաշարները կազմում են 50 մլն տ, հեռանկարային պաշարները` 150 մլն տ։ Այս երկու հանքավայրերն էլ ունեն արդյունահանման համար նպաստավոր լեռնաերկրաբանական և տրանսպորտային պայմաններ։ Համեմատաբար խոշոր են Սվարանցի հանքավայրի պաշարները։ Այն գտնվում է Սյունիքի մարզում։ Այս հանքավայրում երկաթի պարունակությունը կազմում է 21 %, իսկ կանխատեսված պաշարները գնահատվում են շուրջ 1 մլրդ տ։ Հանքավայրի շահագործման տրանսպորտային, բնակլիմայական պայմանները այնքան էլ բարենպաստ չեն։ Կապուտանի ու Սվարանցի հանքավայրերի երկաթի հանքաքարը բարձր որակի է և կարող է օգտագործվել բարձրորակ պողպատի արտադրության համար։ Հանրապետության տարածքում երկաթի հանքաքարի պաշարներ հայտնաբերված են նաև Սյունիքի մարզի հարավային մասում, Բազումի լեռնալանջերին, Նոյեմբերյանի մոտ և այլ վայրերում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են երկաթի հանքաքարի կանխատեսված պաշարները կազմում են 3.8 մլրդ տ։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթի հանքաքարի բազայի վրա է հիմնվում սև մետաղաձուլությունը։ Այն հանդիսանում է պողպատի արտադրության հիմքը։
Ազնիվ մետաղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետության տնտեսության համար կարևոր նշանակություն ունեն այստեղ հայտնաբերված ազնիվ մետաղների պաշարները։
Ոսկի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազնիվ մետաղներից Հայաստանում կարևոր նշանակություն ունեն ոսկու պաշարները։ Հանրապետության տարածքի ընդերքում ոսկին ի հայտ է գալիս տարբեև ձևերով։ Այն առկա է գունավոր մետաղների կոմպլեքսային հանքավայրերում, բազմամետաղների, պղնձի, մոլիբդենի հետ։ Սակայն նրա հիմնական պաշարները գտնվում են զուտ ոսկու հանքավայրերում։ Այդպիսի հանքավայրերի թիվը այստեղ անցնում է մեկ տասնյակից, որոնք հիմնականում գտնվում են Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու մարզերում։ Ոսկու հանքավայրերից այժմ գործնական մեծ նշանակություն ունեն Սոթքի (Գեղարքունիքի մարզ) և Մեղրաձորի (Կոտայքի մարզ) հանքավայրերը, որտեղ կատարվում է արդյունահանման աշխատանքներ։ Վերջերս շահագործման են հանձնվել նաև Լիճքվազ-թեյի և Տերտերասարի ոսկու հանքավայրերը։ Ընդ որում, պարզված է, որ Լիճքվազ-Թեյի հանքավայրում կա մաքուր ոսկու 17 տ, իսկ Տերտերասարի հանքավայրում` 3 տ պաշար։ Կառուցման մեջ է գտնվում Ամուլսարի հանքավայրը որը ունի մոտ 74 տոննա ոսկի և 294 տոննա արծաթ։
Հազվագյուտ ու ազնիվ տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի տարածքում կան տիտանի, նիկելի, վոլֆրամի, ծարիրի (սուրմա), սնդիկի, բիսմութի և այլ հազվագյուտ տարրերի պաշարներ։ Սրանք կարող են հանդիպել (Քաջարանի, Ագարակի, Դաստակերտի, Թեղուտի) և այլ կոմպլեքսային հանքավայրերում։ Տիտանի պաշարներ հայտնաբերվել են պղնձամոլիբդենային հանքավայրերում, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի մարզերում, նիկելի և կոբալտի պաշարներ` Գեղարքունիքի (Սոթքի հանքավայր) և Շիրակի (Ամասիայի հանքավայր) մարզերում, վոլֆրամի պաշարներ կան Լոռու (Գուգարքի երևակում), Կոտայքի (Հանքավանի հանքավայր) մարզերում, ծարիրի պաշարներ կան Գեղարքունիքի (Սոթքի հանքավայր), Վայոց ձորի (Ազատեկի, Հերհերի հանքավայրեր), Շիրակի (Ամասիայի հանքավայր) մարզերի տարածքում, վոլֆրամի պաշարներ կան Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, բիսմութի պաշարներ են հայտնաբերվել Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, մկնդեղի պաշարներ` Շիրակի (Ամասիայի հանքավայր), Սյունիքի, Լոռու մարզերում։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տարրերը հեռանկարային մեծ նշանակություն կարող են ունենալ հատկապես ճշգրիտ մեքենաշինության մեջ։
Ոչ մետաղային օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ մետաղական օգտակար հանածոներից հանրապետության ընդերքը հարուստ է հատկապես քարանյութերով։ Հանրապետության տարածքը գրեթե ամբողջությամբ ծածկված է հրաբխային քարանյութերի համատարած շերտով։ 1920-ական թվականներից մինչև 1980-ական թվականների վերջերը հանրապետության տարածքում հայտնաբերվել են տարբեր տեսակի քարանյութերի ավելի քան 700 հանքավայրեր։ Գործնական նշանակության տեսակետից Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված քարանյութերից ներկայումս առավել կարևորները ` տուֆերը, բազալտները, անդեզիտները, պեմզան, պեռլիտները, հրաբխային խարամները, մարմարները, գրանիտները, կրաքարերը, բենտոնիտները, հրակայուն կավերն են։
Տուֆ
[խմբագրել | խմբ��գրել կոդը]Տուֆերը ծակոտկեն թեթև քարատեսակներ են, որոնք առաջացել են հրաբխային ժայթքումների արգասիքներից։ Հանրապետությունում տուֆերի հանքավայրերի գերակշիռ մասը գտնվում է անմիջապես երկաթուղուն մոտ կամ նրանից 20 կմ հեռավորության վրա։ Այս հանգամանքը բարձրացնում է տուֆաքարի օգտագործման տնտեսական նշանակությունը։ Այստեղ հայտնաբերված են տուֆաքարի ավելի քան 110 հանքավայրեր, որոնց երկրաբանական պաշարները գնահատվում են 2.5 միլիարդ խորանարդ մետր։
Ըստ որոշակի հատկանիշների Հայաստանում տուֆերը բաժանվում են հինգ հիմնական տիպերի` Արթիկի, երևանյան, անիական, Բյուրականի և ֆելզիտային։
Արթիկի տիպի տուֆերը, որոնցով հայտնի են Արթիկի, Տուֆաշենի, Զառինջ-Ձիթևանքի, Կաթնաղբյուրի, Մարալիկի, Մաստարա-Սառնաղբյուրի հանքավայրերը, լինում են տարբեր գույների` վարդագույն, կարմրավուն, մանուշակագույն, սև, մոխրագույն։
Անիական տիպի տուֆեր կան Անիպեմզայի, Հայկաձորի և Խարկովի հանքավայրերում։ Դրանք լինում են դեղին, բաց կարմրավուն, մուգ կարմիր, մուգ վարդագույն և նարնջագույն։
Երևանյան տիպի տուֆերը, որոնցից կան Անիի, Ալագյազի, Ապարանի, Երնջատափի, Վահրամաբերդի, Ջաջուռի, Մայիսյանի, Մարմարաշենի, Հայկավանի, Կապսի, Խաչքարի, Արաքսի, Լուկաշենի, Մրգաշատի, Հոկտեմբերյանի, Կարմրաշենի, Կաթնաղբյուրի, Մաստարայի, Թալինի, Արագյուղի, Եղվարդի, Օհանավանի, Լեռնապարի, Արամուսի, Առինջի, Գառնիի, Գեղարդի, Ջրվեժի, Ձորաղբյուրի, Արգավանդի, Բաղրամյանի և այլ հանքավայրերում, ունեն կարմիր, վառ կարմիր, մոխրագույն, սև, գորշ, մուգ գորշ, վարդագույն, գորշ մանուշակագույն գույներ զանազան երանգներով։
Բյուրականի տիպի տուֆերով հայտնի են Ագարակի, Աշտարակի, Բյուրականի, Կոշ-Ուջանի, Թալիշ-Շամիրամի, Փարպիի, Օշականի, Աղավնատան հանքավայրերը, որոնք ունեն սև բծերով կարմիր, վարդագույն, սև բծերով, գորշ սև և այլ գույներ։
Ֆելզիտային տիպի տուֆերով հայտնի են Մեծավանի, Դեբեդի, Նորադուզի, Ծովագյուղի, Մարտիրոսի, Գետափի, Այգեձորի, Կարմիրաղբյուրի հանքավայրերը։ Ֆելզիտային տուֆերն ունեն կարմրավուն, վարդագույն կարմիր, կապտավուն, սպիտակ, բաց երկնագույն, կաթնագույն և այլ գույներ։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուֆաքարերը ձայնի ու ջերմության վատ հաղորդիչ են։ Տուֆերի կարևոր առանձնահատկություն է նաև նրա երկարակեցությունը։ Այլ տեսակի որմնանյութերի համեմատ տուֆերը ավելի ծակոտկեն են և թեթև։ Բացի արժեքավոր որմնանյութ լինելուց, տուֆերն օգտագործվում են նաև թեթև լցանյութեր (Խիճ, ավազ) արտադրելու համար, դրանք նաև օգտագործվում են որպես ֆիլտրող նյութեր, մանրացված տուֆը կարելի է օգտագործել հողի բերքատվությունը բարձրացնելու համար (մանրացված տուֆը հողի հետ խառնվելով` դրանք անձրևների ժամանակ կլանում են խոնավությունը և հետո դանդաղ հաղորդոււմ է հողին)։
Բազալտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում գործնականում շատ խոշոր դեր են խաղում բազալտներն ու դրա խմբին պատկանող մյուս ապարները (անդեզիտները և անդեզիտաբազալտները)։ Հրաբխային ժայթքումների ժամանակ երկրի մակերես է դուրս գալիս հսկայական քանակությամբ լավա, որի սառչելուց հետո առաջացել են արտավիժած բազմատեսակ ապարներ` բազալտներ, անդեզիտներ, անդեզիտաբազալտներ։ Հայաստանում հրաբխային բոլոր տեսակի ապարներից ամենից լայն տարածում ունեն բազալտներն ու դրանց տարատեսակները։ Նրանց պաշարները հատկապես խոշոր են Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքի շրջակայքում։ Հայաստանի տարածքում հայտնաբերված բազալտի երկրաբանական պաշարները գնահատվում են 125 մլրդ մ³:
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուֆաքարի համեմատությամբ բազալտները ավելի ամուր են, դիմացկուն, կարծր, թթվակայուն, համեմատաբար դժվար մշակվող։ Այն ունի նաև ջերմամեկուսիչ բարձր հատկանիշներ։ Բազալտները անհիշելի ժամանակներից օգտագործվել են Հայաստանում բնակավայրերի, եկեղեցիների կառուցման համար։ Երևանի և հանրապետության մյուս բոլոր քաղաքների տուֆակերտ բոլոր շենքերի հիմքերն ու ստորին հարկերը, կառուցված են սրբատաշ և դրվագված բազալտաքարերով։ Բազալտները Հայաստանում կիրառվում են նաև կամուրջների, ջրատեխնիկական և այլ բարդ կառույցներում։ Այն լայն կիրառություն ունի նաև քանդակագործության և հուշարձանների կառուցման գործում, ինչպես նաև փողոցների, հատկապես մայթերի ձևավորման, շենքերի աստիճանների կառուցման համար։ Բազալտը մանրացված վիճակում, որպես խիճ, լայնորեն օգտագործվում է բարձրորակ բետոնի արտադրության համար։
Մարմար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետության բնական քարանյութերի շարքում առանձնահատուկ կարևոր տեղ ունեն մարմարները։ ՀՀ տարածքում հայտնաբերված են մարմարի ու մարմարեցված կրաքարի 28 հանքավայր։ Ուսումնասիրված հանքավայրերի պաշարները կազմում են ավելի քան 21 մլն մ³, որից արդյունաբերական կարգի` 17 մլն մ³: Հայտնի են Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի մարզերը։ Այժմ եղած մարմարի հանքավայրերից շահագործվում են Արարատի, Իջևանի ու Ենոքավանի, Աղվերանի հանքավայրերը։
Յուրահատուկ է Խոր Վիրապի հանքավայրի մարմարը, այն ունի սև գույն` սպիտակ, դեղին երանգներով։ Մեծ նշանակություն է ունեցել Մարմարաշենի օնիքսանման մարմարիհանքավայրը։ Այն ուի սպիտակավուն, ոսկյա դեղին, կանաչավուն և այլ տարբեր երանգներ։ Այժմ գործնական նշանակություն ունի Արտավազդի օնիքսանման մարմարի հանքավայրը, որի արդյունաբերական պաշարները կազմում են 500 հազար մ³: ներկայումս արդյունաբերական խոշոր նշանակություն ունի Իջևանի մարմարի հանքավայրը։ Այս և մյուս հանքավայրերից արդյունահանված մարմարը մշակվում է Նուռնուսի քարամշակման և Երևանի «Հայմարմար» գործարաններում։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմարներն իրենց դեկորատիվ և ֆիզիկամեխանիկական հատկությունների շնորհիվ համարվում են բարձրորակ դեկորատիվ նյութ շենքերի ոչ միայն արտաքին ձևավորման, այլև ներքին հարդարման համար։ Հայկական գունավոր մարմարները ոչ միայն բարձրորակ հումք են շինարարության տարբեր բնագավառներում օգտագործվող երեսպատման սալեր արտադրելու համար, այլև այն օգտագործվում է քանդակագործության մեջ, ինչպես նաև լայն սպառման առարկաների, զարդերի արտադրության համար։
Գրանիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանը հարուստ է նաև գրանիտի պաշարներով։ Դրանց առավել խոշոր պաշարները գտնվում են Տավուշի և Կոտայքի մարզերում։ Հանրապետության տարածքում հայտնաբերված գրանիտի խմբի ապարների հանքավայրերի թիվը հասնում է 50-ի։ Գրանիտի հետախուզված պաշարները կազմում են ավելի քան 30 մլն մ³:
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհիշելի ժամանակներից գրանիտները Հայաստանում օգտագործվում են հուշարձանների պատրաստման համար։ Այժմ դրանք առավել լայնորեն օգտագործվում են նաև շինարարական նպատակներով, հիմնականում արտադրում են երեսպատման սալիկներ։ Առանձին դեպքերում այն օգտագործվում է նաև կառույցների արտաքին ձևավորման համար։
Հրաբխային խարամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաբխային խարամները բնական թեթև, ծակոտկեն ապարներ են, որոնք հրաբխային ժայթքումների արդյունք են, ունեն կարմիր, սև գույներ` իրենց բազմաթիվ երանգներով։ Հանրապետության տարածքում հայտնաբերված և հետազոտված են հրաբխային խարամների 30-ից ավելի հանքավայրեր։ Դրա պաշարներով առավել հարուստ են Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերը։ Հանրապետության հրաբխային խարամի շահագործվող խոշորագույն հանքավայրը Կարմրաշենի հանքավայրն է, որի պաշարները կազմում են շուրջ 53 մլն մ³: Նշանավոր են նաև Քարահունջի, Շինուհայրի, Գավառի, Լճաշենի, Պեմզաշենի ու այլ հանքավայրեր։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաբխային խարամները բարձր որակի թեթև լցանյութեր են, որոնց բազայի վրա արտադրվում է թեթև և ֆիզիկամեխանիկական բարձր հատկություններ ունեցող բետոն, այն օգտագործվում է նաև որպես զտող նյութ, ձայնամեկուսիչ իրեր և շատ այլ արտադրանք թողարկելու համար։
Պեմզա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեմզան հրաբխային ժայթքման արդյուն է։ Բնական վիճակում այն լինում է մանր ավազի և ավելի խոշոր կտորների ձևով։ Հանրապետության տարածքում կա պեմզային 70 հանքավայր, որոնցից առավել խոշորները գտնվում են Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։ Գործնական նշանակության տեսակետից առավել կարևոր են ԱՆԻԻ և Պեմզաշենի հանքավայրերը։ Այս հանքավայրերի պեմզան առավել թեթև ու ծակոտկեն է և պատկանում է «Անիի տիպին»։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեմզան օգտագործվում է թեթև միջնորմային սալիկներ ու բլոկներ արտադրելու համար, բացի դրանից հանդիսանում է որպես բարձրորակ զտող, մաքրող նյութ և հղկանյութ։
Պեռլիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեռլիտները ունեն հրաբխային ծագում, կազմված են այսպես կոչված հրաբխային ապակուց։ Պեռլիտը հանդես է գալիս ավազի ու խճի տեսքով։ Պեռլիտների պաշարներով ու որակով Հայաստանի Հանրապետությունը աշխարհում եզակի տեղ է գրավում։ Այստեղ հայտնաբերված են պեռլիտի տասնյակ հանքավայրեր, որոնք հիմնականում գտնվում են Աբովյան-Հրազդան հանգույցում ու Արագածի լեռնալանջին։ Առավել հայտնին Արագածի հանքավայրն է։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համեմատաբար ոչ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ պեռլիտները փափկում են, իսկ դրանց մեջ բնականորեն պարունակվող աննշան ջուրը վերածվում է գոլորշու, որի ներքին ճնշման ազդեցությամբ փքված պեռլիտի ծավալային կշիռը մեծ չափով իջնում է։ Դա հնարավորություն է տալիս պեռլիտից արտադրելու գերթեթև երկաթբետոնե ու շինարարական այլ իրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն հատկապես սեյսմիկ գոտիներում բարձրահարկ շենքերի կառուցման համար։ Բացի շինանյութերից, պեռլիտներից կարելի է ստանալ հարյուրից ավելի արտադրատեսակներ, այդ թվում` զտող նյութեր, ապակու բոլոր տեսակները, ապակե պլաստիկա և այլն։
Բենտոնիտ, դիատոմիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ տարածքում հայտնաբերված են բենտոնիտների ու դիատոմիտների խոշոր պաշարներ։ Բենտոնիտների առավել խոշոր պաշարներ կան Իջևանից ոչ հեռու գտնվող Սարիգյուղի մոտ։ ՀՀ տարածքում կան բենտոնիտների 55 հանքավայր ու երևակում, իսկ արդյունաբերական պաշարները շուրջ 63 մլն տ է։
Դիատոմիտային կավերի խոշոր պաշարներ կան Արտաշատում ու Սիսիանում։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենտոնիտային և դիատոմիտային կավերը մեծ պահանջարկ ունեն նավթարդյունաբերության և երկրաբանության մեջ, ինչպես նաև օգտագործվում են որպես մաքրող նյութ։
Քարաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործնական նշանակության տեսակետից մեծ հետաքրքրություն են ներկայացնում այստեղ գտնվող քարաղի խոշոր պաշարները։ Առավել հայտնին Երևանի ու նրա շրջակայքում գտնվող բարձրորակ կերակրի աղի պաշարներն են։ Այդպիսի հումքի խոշոր պաշարներ կան նաև Արարատյան դաշտի արևմտյան հատվածում` Հոկտեմբերյանի շրջակայքում։ Հանրապետությունում հայտնաբերված քարաղի կանխատեսված պաշարները գնահատվում են 300-320 մլրդ տոննա։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարաղը ոչ միայն բարձր որակական հատկանիշներ ունի որպես խոհանոցային աղ, այլև սննդի արդյունաբերության բոլոր բնագավառներում ու քիմիական արդյունաբերության մեջ օգտագործելու համար։
Հանքային ջրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական լեռնաշխարհը հռչակված է իր բազմաթիվ սառը և տաք հանքային ջրերով, որոնցից վերջինները մեծ մասամբ հայտնի էին ջերմուկ անունով։ Հնում նշանավոր էին Էլեգիայի (Եղեգի),Վարշակի, Վայոց ձորի ջերմուկները և այլն։ Մեր հանրապետության տարածքում մեծ հռչակ ունեն Ջերմուկի, Դիլիջանի, Արզնիի, Բջնիի և այլ հանքային աղբյուրները, որտեղ գործում են առողջարաններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լ. Հ. Վալեսյան, Հայկական ՍՍՀ տնտեսական աշխարհագրություն, Երևան, 1981 թ.: