Հայաստանի հասարակական կազմակերպություններ
ՀԿ-ների պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից հայաստանյան քաղաքացիական հասարակության ձևավորման սկիզբ ընդունված է համարել 1980-ական թվականների վերջերը, երբ թույլատրվել է պետությունից անկախ համայնքային գործունեությունը, և հասարակության ներսում սկսել են ձևավորվել ժողովրդավարական շարժումներ։ Հայաստանում խորհրդային իշխանության տարիներին (1920-91) քաղաքացիական հասարակության հատվածի զարգացումը կրել է սոցիալական համակարգի տիրապետող ինստիտուցիոնալ կառուցվածքի ազդեցությունը։ Պետությունը վերահսկել է գոյություն ունեցող բոլոր կազմակերպություններն ու միավորումները (կուսակցություններ, արհմիություններ, ՀԿ-ներ, կոմերիտմիություն և այլն),իսկ յուրաքանչյուր անկախ քաղաքացիական միավորում կամ գործողություն դիտվել է որպես վտանգ պետական իշխանությանը։ Խորհրդային շրջանի ՀԿ-ները մեծ մասամբ ծառայել են պետությանը և կոմունիստական գաղափարախոսությանը՝ կամավոր նախաձեռնությունների միջոցով հանրային կարիքները բավարարելու փոխարեն։
ՀԿ-ների գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թ.-ին Երևանում սկսված բնապահպանական շարժմանը մասնակցել են հարյուրհազարավոր մարդիկ, որի շնորհիվ փակվել են շրջակա միջավայրն աղտոտող մի քանի արդյունաբերական ձեռնարկություններ։ Այդ շարժումներն աստիճանաբար միավորվել են ազգային գաղափարի շուրջ ու ձգտել ԼՂԻՄ-ի միավորմանը ՀԽՍՀ-ին և հանրապետության անկախացմանը։ 1990-ական թվականներից արագորեն աճել է ՀԿ-ների թիվը, որոնք խթանել են ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների պաշտպանությունը, ինքնակազմակերպվել արմ. համապատասխան կազմակերպությունների նմանությամբ։ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2001 թ.-ին, ըստ որի՝ Հայաստանում ՀԿ-ի կարգավիճակ ունեն արհմիությունները, տարատեսակ շարժումները, քաղաքացիական նախաձեռնությունները, ձեռնարկատերերի, սպառողների, մշակութային, երիտասարդական, կանանց միությունները, բնապահպանական, բարեգործական, հայրենակցական և ազգային հատկանիշներով ձևավորված կազմակերպություններն ու հիմնադրամները և այլն։ Վերջին շրջանում նկատվում է ՀԿ-ների ներքին խնդիրների հստակեցման և նրանց դաշինքների ձևավորման միտում։ Ներկայումս ՀՀ-ում գործում է մոտ հինգ հազար ՀԿ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |