Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | ակադեմիական ինստիտուտ |
Հիմնադրված է | 1966 |
Տիպ | Գիտահետազոտական ինստիտուտ |
Նախագահ | Արսեն Արտաշեսի Առաքելյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Հասրաթյան փողոց 7, 0014, Երևան, Հայաստան |
Կայք | molbiol.sci.am |
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ (ՄԿԻ), հիմնադրվել է 1966 թվականին Հայաստանում մոլեկուլային կենսաբանության ոլորտում հետազոտությունների զարգացման նպատակով։ 20-րդ դարի ընթացքում ՄԿԻ-ում տարվող ուսումնասիրությունները զգալի ներդրում ունեցան նուկլեինաթթուների, սպիտակուցների, բջիջների և բջջային օրգանելների կառուցվածքաֆունկցիոնալ կազմավորման օրինաչափությունների պարզաբանման գործում։
Գործունեության հիմնական ոլորտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր ՄԿԻ գիտական հետազոտությունները ուղղված են ուսումնասիրելու բջջային ակտիվության կարգավորման մեխանիզմները և նրանց խանգարումները օրգանիզմի տարբեր ախտաբանական վիճակներում, ներառյալ աուտաիմունային, աուտաբորբոքային, վարակիչ, օնկոլոգիական, հոգեկան և ուղեղանոթային հիվանդություններ։ Ուսումնասիրություններն անցկացվում են in vivo, in vitvo, in situ և in silico և տարվում գենետիկական, բջջային, թաղանթային և ենթաբջջային մակարդակներում։ Առանձին ուշադրություն է բևեռված իմունային և ազդանշանային համակարգերի միջնորդանյութերին։ Հետազոտություններում օգտագործվում են փորձարարական կենդանիներ, բջջային կուլտուրաներ, կլինիկան նյութ և համակարգչային մոդելներ։ Տարվող հետազոտությունների կարևորագույն ուղղություն է հայկական գենոմի ուսումնասիրությունը՝ պաթոգենոմիկայի, էկոգենոմիկայի, իմունագենոմիկայի և պոպուլյացիոն գենոմիկայի մոտեցումների կիրառմամբ։
Հիմնական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԿԻ-ում տարվող ուսումնասիրությունները թույլ են տալիս պարզաբանել մի շարք բազմագործոն բնույթի պոլիգենային հիվանդությունների մոլեկուլաբջջային պաթոմեխանիզմները, նույնականացնել հիվանդությունների մոլեկուլային կենսամարկերներ և թերապևտիկ թիրախներ և հայտնաբերել պոտենցիալ թերապևտիկ արժեք ունեցող նոր ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր։ Հետազոտությունների արդյունքների կիրառման ոլորտը ներառում է հիվանդությունների մոլեկուլային ախտորոշումը, կանխորոշումը, կանխարգելումը և բուժումը, ինչպես նաև հիվանդության ընթացքի վերահսկում և օգտագործվող թերապիայի արդյունավետության գնահատում։ Տվյալ ուղղությամբ ՄԿԻ-ն ունի մի շարք մշակումներ և հանդիսանում է համապատասխան արտոնագրերի սեփականատեր։
Գիտական արտադրանք, մշակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԿԻ 2007-2011 թթ. գիտական արտադրանքը ներառում է 13 գրքեր, 117 հոդվածներ արտասահմանյան ամսագրերում, 103 հոդվածներ հայաստանյան ամսագրերում, 238 հրապարակումներ միջազգային գիտաժողովների նյութերում և 12 արտոնագրեր։ ՄԿԻ գիտնականների կողմից մշակվել են թեսթ-համակարգեր շիզոֆրենիայի և գերհոգնածության ախտանիշի մոլեկուլային ախտորոշման համար, նորարարական մոտեցումներ տարբեր տիպի լեյկոզների և սոլիդ ուռուցքների քիմիաթերապիայի անհատական կուրսի ընտրության համար, նոր հակավիրուսային պատրաստուկ դաբաղի և Նյու-Կասլի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար ու մի շարք այլ պրոդուկտներ։
Միջազգային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԿԻ-ն ինտեգրված է միջազգային գիտական տարածքում և սերտորեն համագործակցում է մի շարք ճանաչված արտասահմանյան գիտական կենտրոնների և համալսարանների հետ։ Համագործակցությունը իրագործվում է համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև համատեղ գիտաժողովների, դպրոցների և սեմինարների կազմակերպման մակարդակով։ 2007-2011 թթ. ՄԿԻ-ն հյուրընկալել է 30 արտասահմանյան գիտնականների 12 երկրներից, իսկ ՄԿԻ-ի 25 գիտնականներ հյուրընկալվել են արտասահմանյան կազմակերպությունների կողմից, միջազգային գիտաժողովներում ՄԿԻ գիտաշխատողների կողմից ներկայացվել են 87 բանավոր զեկույցներ, կազմակերպվել է 4 միջազգային գիտաժողով և մեկ միջազգային դպրոց։
Գործընկեր կազմակերպությունները Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում ՄԿԻ-ն համագործակցում է հանրապետության գլխավոր համալսարանների, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ՀՀ ԱՆ գիտաբժշկական կենտրոնների և մի շարք այլ կազմակերպությունների հետ։ Համագործակցությունը իրագործվում է գիտատեխնիկական համագործակցության պայմանագրերի հիման վրա համատեղ ծրագրերի իրականացման, համատեղ լաբորատորիաների և ամբիոնների ստեղծման և համատեղ գիտաժողովների, դպրոցների ու սեմինարների անցկացման մակարդակով։
Մարդկային ներուժ և ենթակառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտում աշխատում է 140 մարդ, այդ թվում՝ 15 գիտության դոկտորներ և 45 գիտության թեկնածուներ։ ՄԿԻ կազմի մեջ մտնում են 17 գիտահետազոտական և 3 գիտակրթական ենթամիավորումներ։ ՄԿԻ-ում գործում են՝ գիտական խորհուրդը, երիտասարդ գիտնականների խորհուրդը և էթիկայի կոմիտեն։ Սպասարկող և ծառայողական ենթամիավորներից են՝ գրադարանը, համակարգչային լոկալ ցանցը, կենդանանոցը, մարդու ԴՆԹ-երի նմուշների բանկը և բջջային գծերի հավաքածուն[1]։