Jump to content

Կտտկենի Տիգրանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կտտկենի Տիգրանի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Կարգ Տորոնածաղկավորներ
Ընտանիք Ցախեկեռասազգիներ
Ցեղ Կտտկենի
Տեսակ Կտտկենի Տիգրանի
Լատիներեն անվանում
Sambucus Tigrani
Հատուկ պահպանություն
Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???

Կտտկենի Տիգրանի (լատին․՝ Sambucus Tigrani), ցախեկեռասազգիներ ընտանիքի, կտտկենի ցեղի ծածկասերմ բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2-3 մ բարձրությամբ տերևաթափ թուփ է, որի ճյուղերը սկզբում դարչնագույն են, սպիտակավուն ոսպնյակներով ծածկված, այնուհետև կեղևը ստանում է մոխրագորշավուն գունավորում։ Բնափայտի միջուկը բաց գորշավուն է։ 8-15 սմ երկարությամբ, 2-6,5 սմ լայնությամբ տերևները բարդ են, կենտ փետրաձև, կազմված 5-7 տերևիկներից, ձվաձև-երկարավուն են, խոշոր անհավասար ատամնաեզր, վերևի կողմից՝ փայլուն, կանաչ, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի, մերկ։ Ծաղկաբույլերը երկարավուն-ձվաձև են, նոսր, 5-7 սմ երկարությամբ։ Ծաղիկները դեղնականաչավուն են, 5-7,5 սմ տրամագծով։ 0,5-0,6 սմ լայնությամբ պտուղները մարջանակարմիր են։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հուլիսին։ Չորադիմացկուն է, լուսասեր, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, միանգամայն ցրտադիմացկուն է։ Որպես հազվագյուտ տեսակ գրանցված է Հայաստանի «Կարմիր գրքում»։ Պահպանման ու տարածման խիստ կարիք կա[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական էնդեմիկ է. հանդիպում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Արզնիում, Արայի լեռան վրա, Ապարանում, Վայքում, Հրազդանում, որտեղ աճում է քարքարոտ վայրերում, լեռնալանջերում, թավուտներում[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Վերջերս նաև հայտնաբերվել է 1 պոպուլյացիա Վրաստանում։ Հայաստանում հայտնի է հինգ ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Տեսակի գոյությանը վտանգ չի սպառնում։ Բնակության շրջանը կարող է կրճատվել, քանի որ այն աճում է գյուղատնտեսական հանդակների և բնակավայրերի ընդարձակման ինտենսիվ յուրացման տարածքներում։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 270։
  2. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտտկենի Տիգրանի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտտկենի Տիգրանի» հոդվածին։