Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլորաքիթ լողակտցար (լատին․՝ Phalaropus lobatus), լողակտցարների ընտանիքի թռչուն։ Չվող է, հազվագյուտ։
Մարմնի երկարությունը 18-19 սմ է, թևերի բացվածքը՝ 32-41 սմ, կենդանի զանգվածը՝ 27-30 գ։ Կտուցը փոքր է, սև, ասեղանման։ Հասունի գլուխը, կուրծքը, մարմինը վերևից մոխրագույն են, կզակը, կոկորդը՝ սպիտակ՝ դարչնագույն-նարնջագույն օձիքով, ուսափետուրները՝ դեղնավուն երիզներով։ Էգի գունավորումն ավելի բաց ու ցայտուն նախշերով է։ Թռչելիս տեսանելի են թևի սպիտակ լայն շերտը, մեջքի բաց գույնի շերտերը։ Երիտասարդի մեջքը սև ու դեղին շերտերով է, ներքևից՝ սպիտակ։ Աչքի բիծը լայն է, սևավուն։
Լողալիս ջրի մակերեսից կերը հավաքում է արագ, հաճախ՝ ափին մոտ։ Անհանգիստ թռչուն է, հաճախ տեղափոխվում է տեղից տեղ, թռչում կարճ տարածություններ։ Բնակվում է փոքր ջրափոսերում, լճակներում, լճերում։
Սնվում է անողնաշարավորներով։ Կարիք ունի թվաքանակի, տարածման շրջանների ուսումնասիրության։ Վարքագծով և փետրագունավորմամբ որոշակի գեղագիտ. արժեք է ներկայացնում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| Տաքսոնոմիա | |
---|
|