Կիսամոս[1] (հուն․՝ Κίσσαμος[2]), հայտնի է նաև որպես Կաստելի (Καστέλι, անգլ.՝ Kastelli[3]), փոքր քաղաք Հունաստանում՝ Կիպրոսից հարավ-արևմուտք, Կրետեի ծովի Կիսամոս ծովածոցի ափին, Խանիայից 40 կմ արևմուտք։ Կիսամոս համայնքի (դիմա) վարչական կենտրոնը Խանիա ծայրամասային միավորի Կրետե ծայրամասում։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 4236 մարդ է[2]։ Այժմ քաղաքը այստեղ գտնվող վենետիկյան ամրոցի անունով երբեմն անվանում են նաև Կաստելի։
Ժամանակակից Կիսամոսը նավահանգիստ և ձկնորսական գյուղ է։ Զբոսաշրջություն գրեթե չկա։ Քաղաքային հնագիտական թանգարանի հավաքածուում, որը տեղակայված է նահանգապետի հնագույն նստավայրում, գտնվում են տեղի հնագիտական պեղումների բրածոները, այդ թվում՝ հռոմեական խճանկար, անտիկ Ֆալասանդրա քաղաքից պելիկա և այլ հնություններ։ Կիսամոսից հարավ գտնվում են անտիկ հայտնի Պոլերինա (Πολυρρηνία) քաղաքի, իսկ արևմուտք՝ Ֆալասանդրայի փլատակները։
2002 թվականին 5,7 մլն տարեկան վաղ հոմինինի 29 հետքեր են հայտնաբերվել Տրախիլոս (Τράχηλος) գյուղի լողափի ափամերձ ժայռերում՝ Կիսամոսից 4 կմ հյուսիս-արևմուտք[4]։ Հնարավոր է, որ հետքերը պատկանում են գրեկոպիտեկուսին[5][6]։ 2017 թվականի սեպտեմբերին Կիսամոսի Կաստելի հնագիտական օբյեկտի տեղամասից ջնջվել են 40 ուսումնասիրված հետքերից 10-ը[7]։
Կիսամոսը E65 (EO90) ավտոմայրուղու արևմտյան վերջնակետն է, որն անցնում է ժամանակակից Կրետեի հյուսիսային լողափով։ Կիսամոսից լաստանավային ծառայություն է ստեղծվել Պելեպոնեսում գտնվող Յիտիոն նավահանգիստ՝ Անտիկիթիրայի և Կիտիրայի միջով, նաև զբոսանավակներ են գնում Գրամվուսա կղզի և Գրամվուսա կղզում գտնվող այսպես կոչված «ծովահենների» Բալոս ծովածոց (արևմտյան Կրետեի բնական տեսարժան վայրերից մեկը Էլաֆոնիսի կղզու հետ միասին)։
↑Балканские страны, юг // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 104—105. — ISBN 5-85120-055-3.