Jump to content

Կենսաբանական անվտանգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսաբանական անվտանգություն, ժամանակակից կենսատեխնոլոգիաների կիրառմամբ ստացված մթերքների օգտագործման հնարավոր անբարենպաստ ազդեցությունից մարդու առողջության և բնական միջավայրի պահպանության ապահովումը։ Ժամանակակից կենսատեխնոլոգիան երկակի բնույթ ունի։ Այն մի կողմից զգալիորեն նպաստում է մարդու բարեկեցության աճին, հատկապես՝ պարենային մթերքների, գյուղատնտեսական և առողջապահության հետ կապված կենսական պահանջների բավարարմամբ, մյուս կողմից՝ ակնհայտ վնասակար ազդեցություն է թողնում կենսաբանական բազմազանության և մարդու առողջության վրա, ուստի, որպես արդյունաբերության բարձր արտադրողական ճյուղ, այն կենսաբանական անվտանգության տեսակետից կանոնակարգման և վերահսկման կարիք ունի։ ՄԱԿ-ի շրջանակներում մշակվել և 2000 թվականին Մոնրեալում ընդունվել է «Կենսաբանական անվտանգության մասին» արձանագրություն, ըստ որի՝ անհրաժեշտ է առևտրի և շրջակա միջավայրի պահպանության պահանջները համաձայնեցնել կենսատեխնոլոգիական արդյունաբերության հետ։

Կենսաբանական անվտանգության ապահովման սկզբունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբանական անվտանգության ապահովման սկզբունքներն են՝

  1. կենսաբազմազանության պահպանումը
  2. գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության սահմանափակումների և պահանջների իրավական ակտերով ապահովվածությունը
  3. ազգաբնակչության առողջության և կենսաբազմազանության վրա գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հնարավոր վնասակար ներգործության ռիսկերից ապահովումը
  4. գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ որոշումների կայացման ընթացում հավատարմագրված գիտական կազմակերպությունների, գիտական փորձագետների, պաշտոնապես ստեղծված կենսաբանական անվտանգության ազգային իրավասու մարմնի, ազգային համակարգող կենտրոնի և հանրության մասնակցությունը
  5. գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ որոշումների կայացման օբյեկտիվությունը, օրինականությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը
  6. գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների անվտանգ գործածության համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման ֆինանսական և նյութատեխնիկական նախադրյալների ապահովումը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։