Jump to content

Կանանց սուլթանատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուրեմ Սուլթան

Կանանց սուլթանատ, կամ կանանց սուլթանություն (թուրքերեն՝ Kadınlar saltanatı, օսման.՝ قاد��نلر ساطنتي), ընթացք Օսմանյան կայսրության պատմության մեջ, երբ կանայք մեծ ազդեցություն են ունեցել պետական գործերի վրա[1]։ Կանանց սուլթանության սկիզբը ընդունված է համարել 1550 թվականը, իսկ ավարտը՝ 1656 թվականը[2]։

Տերմինի ծագումը և հայեցակարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]
 Թուրքիայի պատմություն
Թուրքիայի զինանշան
Սելջուկյաններ
Թյուրքերի միգրացիա
Սելջուկյան կայսրություն
Իկոնիայի սուլթանություն
Անատոլիայի մոնղոլական գրավում
Մոնղոլական կայսրություն
Հուլավյաններ
Օսմանյան կարստություն
Օսմանյան կայսրություն
Առաջին համաշխարհային պատերազմ
Հայոց ցեղասպանություն
Թուրքիայի Հանրապետություն
Անկախության պատերազմ
Մուստաֆա Քեմալ Աթաթուրք
Թուրքերի ներխուժումը Կիպրոս
Հեղաշրջման փորձ Թուրքիայում (2016)
Թուրք-Սիրիական կոնֆլիկտ

Թուրքիայի պորտալ

«Կանանց սուլթանատ» տերմինը ներմուծել է թուրք պատմաբան Ահմեդ Ռեֆիկ Ալտինայը 1916 թվականին իր համանուն գրքում, որտեղ նա կանանց սուլթանատը դիտարկում էր որպես Օսմանյան կայսրության անկման պատճառ[3]։

Լեսլի Փիրսը նույնպես կանանց սուլթանատը դիտարկում է այս տեսանկյունից, սակայն մի շարք նախապաշարմունքներ է մատնանշում[4]։ Այդ նախապաշարմունքների պատճառը այն բացասական միտքն էր, որ կինը չի կարող կանգնել իսլամական պետության գլխին։ Փիրսը գրում է, որ շեյխ ուլ-իսլամ Ջաֆեր Մուստաֆա Սունուլլահ Էֆենդին 1599 թվականին բողոքել է քաղաքական գործերին կանանց միջամտությունից։ Այդ ժամանակից ի վեր Սուլեյման Փառահեղի իշխանության ավարտից հետո ընկած ժամանակահատվածը (լճացման և դրան հաջորդած անկման ժամանակահատվածը) համարվում է կանանց կառավարման բացասական հետևանքը։ Սակայն Լեսլի Փիրսը նշում է, որ 1656 թվականին կանանց սուլթանատի ավարտից հետո կայսրության անկումն ամենևին էլ չի դանդաղել, այլ ընդհակառակը՝ արագացել է։ Եվ իրոք, Լեսլի Փիրսը, Իլբեր Օրտայլը և մի շարք այլ պատմաբաններ 1683 թվականին Վիեննայի ճակատամարտում կրած պարտությունը կապում են Օսմանյան կայսրության անկման հետ, որը տեղի է ունեցել կանանց սուլթանության ավարտից հետո[1]։ Ինչ վերաբերում է հենց կանանց սուլթանատին, ապա այն ավելի շուտ հետևանք էր, քան անկման պատճառ։ Կայսրության ղեկավարումը սուլթանից պահանջել է երկար մնալ մայրաքաղաքում․ Քանունիի նվաճումների դարաշրջանն ավարտին էր մոտեցել արդեն նրա կառավարման երկրորդ կեսին, քանի որ Օսմանյան պետության սահմանները հասել էին Սրբազան Հռոմեական Կայսրությանը, Ռուսական թագավորությանը և Պարսկաստանին։ Ամռան սկզբին արշավանքի դուրս եկած բանակը, միևնույն է, մնացել էր գրավման համար անհնարին հեռավորության վրա։ Արշավները դարձել էին անշահավետ ֆինանսական առումով[5]։

Այսօր «կանանց սուլթանատ» տերմինը հիմնականում օգտագործվում է այն ժամանակահատվածի համար, երբ կանայք իշխանությանը ավելի շա�� էին մոտ, քան օսմանյան պատմության ցանկացած այլ շրջանում։ Այսպես, թե այնպես օսմանյան կանայք անհամեմատ ավելի քիչ իշխանություն ունեին և ավելի հեռու էին բացարձակությունից, քան այն ժամանակվա եվրոպացի կանայք (օրինակ ՝ Եկատերինա II–ը կամ Եղիսաբեթ I–ը

Օսմանյան կայսրությունում, ի տարբերություն այլ միապետությունների, կանանց թույլատրելի չէր կառավարել երկիրը։ Բացի այդ, սուլթանները պաշտոնական ամուսնության փոխարեն նախընտրում էին կին–հարճերին[6]։ Դա արվում էր, հավանաբար, սուլթանի վրա ավելորդ ազդեցություն թույլ չտալու համար։

Սուլեյման Քանունին չեղարկեց այս կանոնը, երբ իր օրինական կինը դարձրեց Հյուրեմ Սուլթանին։ Հյուրեմին փոխարինելու եկան երկու հասեկիները, որոնք հետագայում դարձան վալիդեներ՝ սկզբում Նուրբանուն, իսկ հետո՝ Սաֆիեն (ով պաշտոնական կին չէր), որոնք մեծ ազդեցություն ունեցան սկզբում ամուսինների (Սելիմ II և Մուրադ III), ապա նաև որդիների (Մուրադ III և Մեհմեդ III) վրա։ Ենթադրվում է նաև, որ Միհրիմահը նույնպես ազդեցություն է ունեցել եղբոր վրա։ Իր իշխանության գագաթնակետին կանանց սուլթանատը հասել է Քյոսեմ սուլթանի օրոք, որը վալիդե դարձավ միանգամից երկու սուլթանի՝ Մուրադ IV–ի և Իբրահիմ I-ի օրոք, ինչպես նաև Իբրահիմի մահից հետո ազդեցություն է ունեցել թոռան վրա։ Այս ժամանակաշրջանը վերջացավ Քյոսեմի սպանությամբ. նրան փոխարինելու եկավ Մեհմեդ 4-րդի մայրը՝ Թուրհան Սուլթանը, ով վալիդե դարձավ 35 տարեկանում։ Հենց Թուրհանի նախաձեռնությամբ 1656 թվականին մեծ վեզիրի պաշտոնում նշանակվեց Մեհմեդ Քեփրյուլին. այդ նշանակումը դարձավ կանանց սուլթանության վերջը[7]։

Օսմանյան կայսրությունում կանանց կառավարման ավարտը չի նշանակում նաև նրանց՝ կառավարման վրա ազդեցության դադարեցում։ Ինչպես և նախկինում վալիդեն շարունակել է զբաղվել բարեգործությամբ։ Բացի քաղաքականության վրա ազդեցություն ունենալուց, նրանք զբաղվել են մզկիթների, դպրոցների, հիվանդանոցների շինարարությամբ, նրանք նաև մեծ եկամուտներ են ունեցել, որոնք տնօրինել են ինքնուրույն։ Դրա վառ օրինակն են վերջին երկու վալիդեները՝ Բեզմիալեմ Սուլթանը և Պերտևնիալ Սուլթանը։ Սակայն կանանց սուլթանության ժամանակաշրջանի (հատկապես Քյոսեմի օրոք) համեմատ նրանց ազդեցությունը ներքին և արտաքին քաղաքականության վրա շատ աննշան է եղել։

Ներկայացուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց սուլթանության հիմքերը դրած կին է համարվում Հյուրեմ Սուլթանը։ Մի շարք դարերի ընթացքում առաջին անգամ սուլթանն ամուսնացել էր իր հարճի հետ։ 1534 թվականին մահանում է վալիդե Հաֆսա Սուլթանը։ Մինչ այդ, 1533 թվականին, չափահաս դարձած որդու՝ Մուստաֆայի հետ Մանիսա է ուղարկվում Հյուրեմ Սուլթանի վաղեմի մրցակից Մահիդևրանը։ 1536 թվականի մարտին մեծ վեզիր Իբրահիմ փաշան, որն ավելի վաղ հենվում էր Հաֆսայի աջակցության վրա, մահապատժի է ենթարկվում Սուլթան Սուլեյմանի հրամանով, իսկ նրա ունեցվածքը բռնագրավվում է։ Վալիդեի մահը և մեծ վեզիրի մահապատիժը բացում են Հյուրեմի ճանապարհը՝ սեփական իշխանությունը ամրապնդելու համար։

Սուլթան Սուլեյմանը, ով ժամանակի մեծ մասն անցկացնում էր արշավանքներում, պալատում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ էր ստանում բացառապես Հյուրեմից։ Սուլեյմանը ավելի վաղ հենվում էր մոր հետ նամակագրության վրա, մոր մահից հետո իր քաղաքական խորհրդական է դարձնում Հյուրեմին։ Բացի այդ, Հյուրեմ Սուլթանը ընդունել է օտարերկրյա դեսպաններին, պատասխանել օտարերկրյա կառավարիչների գրություններին, ազդեցիկ ազնվականների և նկարիչների նամակներին։ Նրա նախաձեռնությամբ Ստամբուլում կառուցվել են մի քանի մզկիթներ, բաղնիքներ և մեդրեսեներ։

Սուլթանի վրա Հյուրեմի ազդեցության հետևանքներից մեկը Մուստաֆայի մահապատիժն էր 1553 թվականին[8]։ Այս կերպ Հյուրեմը հասավ իշխանության ոչ միայն իր, այլև իր որդու՝ Սելիմի համար։

Նուրբանուն կանանց սուլթանության շրջանի առաջին վալիդե սուլթանն է։ Նրա դերը սկսեց բարձրանալ արդեն իր ամուսնու կենդանության օրոք։ Սելիմը Օսմանյան կայսրությունում «հարբեցող» մականունն էր ստացել՝ գինու օգտագործման պատճառով, սակայն բառի իսկական իմաստով հարբեցող չէր։ Եվ այնուամենայնիվ, պետական գործերով զբաղվում էր Մեհմեդ Սոկոլլուն, ով Նուրբանուի ազդեցության տակ էր։ Նուրբանուի դերն աճեց, երբ գահին բարձրացավ նրա որդին՝ Մուրադ III-ը։ Վերջինս քիչ էր զբաղվում պետական գործերով՝ գերադասելով հարեմային հաճույքները։ Նրա օրոք քաղաքականության մեջ մեծ դեր սկսեցին խաղալ սուլթանական հարեմի կանայք, մասնավորապես ինքը՝ Նուրբանուն և Մուրադի հարճ Սաֆիեն։ Նրանց գլխավորած պալատական խմբավորումները միմյանց, ինչպես նաև բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ինտրիգներ էին հյուսում՝ հաճախ հասնելով նրանց պաշտոնանկությանը և մահապատժին։ Մուրադ III-ի օրոք զգալիորեն աճել էր կոռուպցիան, նորմ էին դարձել կաշառակերությունը և քավոր-սանահերությունը։

Սաֆիեի ազդեցությունը կտրուկ աճել է Նուրբանուի մահից հետո։ Սաֆիեի հեղինակությունը մեծ է եղել, 1590 թվականի զեկույցում վենետիկցի Ջովաննի Մորոն գրել է. «նա իշխանություն ունի որպես արքայազնի մայր, երբեմն նա միջամտում է պետության ներքին գործերին, նա շատ հարգված է այս հարցում, Նորին մեծությունը լսում է նրան և համարում է խելամիտ ու իմաստուն»[9]։

Մուրադի կառավարման օրոք այն, ինչը դեռ երկու սերունդ առաջ ավանդույթների լուրջ խախտում կհամարվեր, դարձել էր պալատական կյանքի օրգանական մասը։ Այդ ընթացքում ստեղծվել էր դինաստիական նոր ինստիտուտ, որտեղ պետության մեջ որոշիչ դերերից մեկը խաղում էր սուլթանի ավագ որդու և գահաժառանգի մայրը։ Սաֆիեի խաղացած դերը համեմատվում էր եվրոպական պետություններում թագուհու դերի հետ և նույնիսկ եվրոպացիների կողմից նա դիտվում էր որպես թագուհի[10]։ 1595 թվականին Մուրադ III-ը մահանում է, նրա տեղը զբաղեցնում է Սաֆիեի որդին՝ Մեհմեդ III-ը։ Սաֆիեն, որպես վալիդե սուլթան, հսկայական իշխանություն և մեծ ազդեցություն է ունեցել որդու վրա։

Սաֆիեից հետո մեկը մյուսի հետևից եղել են երեք վալիդեներ (Հանդան սուլթան, Հալիմե սուլթան և Մահֆիրուզե Հադիջե սուլթան), որոնք պատմության մեջ մեծ դեր չեն խաղացել, քանի որ ռեգենտի պաշտոնում են գտնվել կարճ ժամանակահատված (2-ական տարի՝ յուրաքանչյուրը)։

Քյոսեմը սուլթանի առաջին ֆավորիտը չէր, ինչպես նաև՝ նրա ավագ որդու մայրը չէր։ 1604 թվականին Ահմեդը որդի է որդի է ունենում՝ Օսմանին։ Վերջինիս մայրը հույն Մահֆիրուզեն էր, ով որպես վալիդե մեծ ազդեցություն չուներ նույնիսկ Օսմանի օրոք[11]։ Քյոսեմը սուլթանից բազմաթիվ երեխաներ ուներ, ինչը նրան թույլ էր տվել նման բարձունքների հասնել պալատում։ Նրա որդիներն էին սուլթաններ Մուրադ IV-ը և Իբրահիմ I-ը, ինչպես նաև շեհզադե Քասիմը, իսկ դուստրերն էին՝ Այշեն, Ֆաթման և Հանզադեն։ Հավանաբար, նրա երեխաներն են եղել նաև Սուլեյմանը և Գևհերհանը։ Քյոսեմն իր դուստրերին ամուսնացրել է ազդեցիկ պետական գործիչների հետ, ովքեր վայելում էին նրա աջակցությունը և փաստացի կազմում էին նրա կուսակցությունը[11]։

Դեսպան Քրիստոֆոր Վալյերը Քյոսեմի մասին 1616 թվականին գրել է․ «Նա սուլթանի հետ կարող է անել այն, ինչ որ խելքին փչի, և լիովին տիրում է նրա սրտին, նրան երբեք ոչինչ չի մերժվում»։ Դեսպան Կոնտրարինին, այնուամենայնիվ, նշել է, որ նա «մեծ իմաստությամբ իրեն զսպում է ��ուլթանի հետ կարևոր հարցերի և պետական գործերի մասին շատ հաճախ խոսելուց»։ Նման զգուշավորությունը ուղղված էր նրան, որ չզրկվեր սուլթանի բարեհաճությունից, որը չէր պատրաստվում կախում ունենալ կանանցից։

Ահմեդի կառավարման ժամանակ Քյոսեմը քաղաքական ոլորտում առանձնապես ազդեցություն չի ունեցել։ 1617 թվականին սուլթանի մահից հետո գահին են նստեցրել նրա եղբորը՝ Մուստաֆա I-ին, ով, ի հեճուկս Օսմանյան արքունիքի ավանդույթների, չէր սպանվել այն պահին, երբ նրա ավագ եղբայրը գահ Էր բարձրացել։ Նման փաստը բացատրում են նրանով, որ Մուստաֆան մտավոր հետամնաց է եղել կամ առնվազն տառապել է հոգեկան խանգարմամբ, ինչպես նաև դինաստիայի ճակատագրի հանդեպ հոգատարությամբ (երբ Ահմեդը դարձել է սուլթան, նա դեռ երեխաներ չի ունեցել, հետևաբար նրա մահը կսպառնար ընդհատել դինաստիան)։ Ըստ որոշ տվյալների (որոնք սովորաբար մատուցում էին Վենետիկի դեսպանները), Մուստաֆային մահից փրկել է Քյոսեմը, որը հույս ուներ դրանով փրկել նաև իր երեխաներին շատ հավանական սպանությունից[12]։

Քյոսեմն ուղարկվել է Հին պալատ։ Արդեն հաջորդ տարի Մուստաֆան պաշտոնազրկվել է, թեև չի սպանվել։ Սուլթան է դարձել Ահմեդի 14-ամյա որդին՝ Օսմանը, որի հաջող կառավարումն ընդհատվել է 1622 թվականին, երբ ենիչերիների խռովության արդյունքում նա բռնվել և սպանվել է։ Կրկին սուլթան է դարձել Մուստաֆան, թեև նա հայտարարել էր, որ չի ցանկանում իշխել։

Հաջորդ տարի հերթական պետական հեղաշրջման արդյունքում գահին է բազմել Մուրադը։ Քանի որ սուլթանի արյուն թափելու և հեղաշրջում կազմակերպելու կասկածն ընկել էր Քյոսեմի վրա, նա ստիպված է եղել արդարանալ դատավորների առջև։ Լինելով նոր փադիշահի մայրը՝ Քյոսեմը բարձրացել է վալիդեի աստիճանի և հին պալատից տեղափոխվել Թոփքափըի պալատ։ Մուրադ IV-ը սուլթան է դարձել ընդամենը տասնմեկ տարեկան հասակում, որի պատճառով մինչև 1632 թվականը, փաստորեն, ամբողջ իշխանությունը գտնվել է Քյոսեմի և նրա կուսակցության ձեռքում։ Ինքը՝ Քյոսեմը, պաշտոնապես ռեգենտի տիտղոս է կրել[13]։

1640 թվականին երեխաներ չունեցած Մուրադ 4-րդի մահից հետո նրան հաջորդել է մինչ այդ կենդանի մնացած եղբայրներից միակը՝ Իբրահիմը[14]։ Նրա կառավարման առաջին տարիներին իշխանությունը կրկին Քյոսեմի ձեռքում էր։ Հետագայում մոր և որդու միջև հարաբերությունները փչացել են։ Ենիչերիների կողմից 1648 թվականին հերթական հեղաշրջումից և Իբրահիմի սպանությունից հետո Քյոսեմի դերը կրկին աճում է. գահին է բազմում Մեհմեդը՝ Իբրահիմի որդին, կանանցից մեկից՝ Թուրհանից[15]։ Մեհմեդի կառավարման առաջին տարիները նշանավորվեցին անվերջ ինտրիգներով՝ Քյոսեմի և Թուրհանի դիմակայության ֆոնին։ 1651 թվականին Քյոսեմը սպանվեց, նրա մահվան մեջ հաճախ մեղադրում են Թուրհանին։

Թուրհանը համարվում է կանանց սուլթանատի ժամանակաշրջանի վերջին վալիդեն։ Իբրահիմը մահացավ, երբ նրա ավագ որդին ընդամենը 6,5 տարեկան էր։ Մեհմեդի կառավարմամբ Թուրհանը պետք է ստանար վալիդեի տիտղոսը։ Սակայն իր երիտասարդության և անփորձության պատճառով Թուրհանը վալիդե չդարձավ, իսկ նրա տեղը զբաղեցրեց Քյոսեմը։ Վալիդեի տիտղոսի վերականգնման հետ մեկտեղ Քյոսեմը ստացավ նաև մանկահասակ սուլթանի ռեգենտի տիտղոսը։ Բայց Թուրհանը չափազանց փառասեր կին էր, որպեսզի առանց պայքարի նման բարձր պաշտոնը զիջեր։ 1651 թվականին Քյոսեմը սպանվեց, նրա մահվան մեջ հաճախ մեղադրում են Թուրհանին։ Իր մրցակցուհու մահվանից հետո Թուրհանը դարձավ վալիդե։ Որպես ռեգենտ նա ղեկավարեց հսկայական Օսմանյան կայսրությունը՝ մինչև իր որդու չափահաս դառնալը։ Հենց նրա նախաձեռնությամբ է մեծ վեզիր դարձել Մեհմեդ Քյոփրյուլյուն։

Թուրհանը կայսրության մեծ «շինարար» էր։ Նրա առաջին նախագիծը իրականացվել է 1658 թվականին։ Թուրհանը Դարդանելի մուտքի մոտ երկու ամրոց է կառուցել։ Այս նախագիծը Թուրհանին դրեց նույն աստիճանին, ինչպես Մեհմեդ Նվաճողին և մյուս սուլթաններին, որոնք նույն շրջանում կառուցել են բերդեր։ Սակայն Թուրհանն ամենամեծ ճանաչմանը հասավ՝ Ստամբուլում ավարտին հասցնելով Նոր մզկիթի կառուցումը։ Այս մզկիթի շինարարությունը սկսել է Սաֆիե Սուլթանը։ 1665 թվականին շինարարության ավարտից հետո համալիրը, որի մեջ մտնում էր ոչ միայն մզկիթը, այլև դպրոցը, հասարակական բաղնիքները, շուկան և գերեզմանոցը, կնոջ կողմից կառուցված առաջին Կայսերական մզկիթի համբավ է ստացել։

Կանանց սուլթանության ավարտի պատճառները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեհմեդ IV-ի տապալումից հետո գահին է բարձրացել նրա եղբայր Սուլեյման II-ը։ Նա և հաջորդ սուլթանները գահին են բազմել արդեն հասուն տարիքում։ Այսպիսով, վալիդե–ռեգենտի անհրաժեշտությունն ինքնըստինքյան վերացել է։ Բացի այդ, որդու գահին բարձրանալու պահին վալիդեները կա՛մ մահացած են եղել, կա՛մ եղել են պատկառելի տարիքում, ինչը թույլ չի տվել նրանց միջամտել պետության գործերին։ Վալիդեի ազդեցությունն ու նշանակությունը թուլացել են։

Բացի այդ, Քյոփրյուլյուի դիրքի բարձրացմամբ գործերի մեծ մասի վարումը փոխանցվել է մեծ վեզիրին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Կանանց սուլթանատին փոխարինելու է եկել Քյոփրյուլյու ընտանիքի դարաշրջանը։

Ազդեցության գնահատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխող կանանց նկատմամբ հակակրանքի հիմքերը անհիմն չէին։ Երբեմնի ստրկուհիները և վալիդեի կարգավիճակին հասած–ռեգենտ կանայք հաճախ պատրաստ չէին քաղաքական գործեր վարել։ Նրանց պարտականությունն էր նշանակել կարևոր պետական պաշտոնյաների, ինչպիսիք էին մեծ վեզիրի պաշտոնը և ենիչերիների առաջնորդին։ Հենվելով իր մերձավորների վրա՝ սուլթանուհիները հաճախ են սխալներ թույլ տվել։ Սուլթանատում ծաղկում էր քավոր–սանիկությունը։ Կանայք իրենց հովանավորյալների ընտրությունը կատարելիս հենվում էին ոչ թե նրանց ունակությունների կամ տոհմի նվիրվածության, այլ էթնիկ հավատարմության վրա։ Մեկ այլ պատճառ էր հանդիսանում մեծ վեզիրների հաճախակի փոփոխությունը։ 17-րդ դարի սկզբին նրանց պաշտոնավարության տևողությունը միջինում մեկ տարուց մի փոքր ավելի էր։ Եվ որպես հետևանք՝ կայսրության կառավարման մեջ առաջանում էր քաղաքական մասնատվածություն և քաոսային վիճակ[16]։

Մյուս կողմից, կանանց կառավարումն ուներ նաև իր դրական կողմերը։ Այն թույլ է տվել պահպանել եղած միապետական կարգը, որը հիմնված էր բոլոր սուլթանների մի տոհմի պատկանելության վրա։ Սուլթանների անձնական թերությունները կամ անիրազեկությունը (ինչպիսիք են հոգեկան հիվանդ Մուստաֆա I-ը, դաժան Մուրադ IV-ը և կիսախելագար ու վատնող Իբրահիմ I-ը) փոխհատուցվել են իրենց կանանց կամ մայրերի ուժով։ Կանանց սուլթանությունը թուլացրել է սուլթանի իշխանությունը, այն դարձրել ավելի կոոպերատիվ և բյուրոկրատական[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 İlber Ortaylı Tarihimiz ve Biz. — Timaş. — 119 с.
  2. İlber Ortaylı Son İmparatorluk Osmanlı. — İstanbul: Timaş, 2012. — С. 78. — 208 с. — ISBN 975-263-490-7
  3. Ahmet Refik Altınay Kadınlar Saltanatı. — Tarih Vakfı Yayınları, Mayıs 2005. — ISBN 975-333-192-4
  4. Leslie P. Peirce The Imperial Harem. Women and Sovereignty in the Ottoman Empire. — Oxford University Press, 1993. — ISBN 978-0-19-508677-5
  5. Женский Султанат (1541—1687)
  6. Caroline Finkel Osman's dream: the story of the Ottoman Empire, 1300-1923. — John Murray Publishers Ltd, 2005. — ISBN 0-7195-5513-2
  7. Lucienne Thys-Senocak Ottoman Women Builders: The Architectural Patronage of Hadice Turhan Sultan (Women and Gender in the Early Modern World). — Ashgate Publishing, 2007. — ISBN 0-7546-3310-1
  8. Rüknü Özkök - Mustafa Barış Özkök Malazgirt'ten Dumlupınar'a. — С. 150. — ISBN 978-605-111-252-7
  9. Peirce L. P. The Imperial Harem: Women and Sovereignty in the Ottoman Empire. — New York: Oxford University Press, 1993. — P. 94.
  10. Peirce L. P. The Imperial Harem: Women and Sovereignty in the Ottoman Empire. — New York: Oxford University Press, 1993. — P. 95.
  11. 11,0 11,1 Peirce L. P. The Imperial Harem: Women and Sovereignty in the Ottoman Empire. — New York: Oxford University Press, 1993. — P. 105.
  12. Peirce L. P. The Imperial Harem: Women and Sovereignty in the Ottoman Empire. — New York: Oxford University Press, 1993. — P. 106.
  13. Фрили Дж. Тайны османского двора. Частная жизнь султанов. — Смоленск: Русич, 2004. — С. 172.
  14. Rüknü Özkök - Mustafa Barış Özkök Malazgirt'ten Dumlupınar'a. — С. 182,183. — ISBN 978-605-111-252-7
  15. Gelişim Hachette Ansiklopedisi. — Т. 9. — С. 3096.
  16. Josef Matuz Das Osmanische Reich. Grundlinien seiner Geschichte. — Darmstadt: Wissenschaftliche Buchgesellschaft, 2008. — С. 136, 169.
  17. Daniel Goffman The Ottoman empire and early modern Europe. — Cambridge: Cambridge University Press, 2004. — С. 63.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lord Kinross Osmanlı İmparatorluğu'nun Yükselişi ve Çöküşü. — İstanbul: Altın Kitaplar, 2008. — 233, 274, 296-304 с.
  • Prof Yaşar Yücel-Prof Ali Sevim Türkiye tarihi. — İstanbul: Atatürk Kültür Dil ve tarih Yüksek Kurumu yayınları. — Т. 2. — С. 298.
  • Prof Yaşar Yücel-Prof Ali Sevim Türkiye tarihi. — İstanbul: Atatürk Kültür Dil ve tarih Yüksek Kurumu yayınları. — Т. 3. — С. 18, 29, 42, 106-109.
  • Jean Paul Roux (Türkçesi:Prof Aykut Kazancıgil, Lale Aslan Özcan) Türklerin Tarihi. — İstanbul: Kabalcı yayınevi, 2004. — С. 403.
  • Encyclopaedia Britannica. — Expo 70 ed., William Benton pub. — Т. 19(стр. 876), 13(стр. 478), 22 (стр. 274).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]