Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովվամախաղ (լատին․՝ Capsella), ծտապաշար[1], ճնճղկահաց, եզան ճակտիկ, ճնճղկաբլիթ, ճնճղպաշար, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 6, Հայաստանում՝ 1 տեսակ՝ հովվամախաղ սովորական (C. bursa-pastoris)։
Տարածված է բոլոր մարզերի ցածրադիր և միջին գոտիներում։ Աճում է ճամփեզրերին, այգիներում, բանջարանոցներում, աղբոտ վայրերում, ամայի տարածքներում և այլն։
Ցողունը պարզ է կամ ճյուղավորվող, բարձրանում է՝ 10-60 սմ։ Մերձարմատային տերևները կոթունավոր են, փետրաբաժան՝ հավաքված վարդակում, ցողունայինները՝ նստադիր, ամբողջական, նշտարաձև, գոգավոր-ատամնաեզր։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է ապրիլից մինչև ուշ աշուն։ Պտուղը հակաեռանկյունաձև պատիճակ է (արտաքին տեսքով հիշեցնում է պայուսակ, այստեղից՝ հովվամախաղ անվանումը)։
Դասը ընդգրկում է 25 տեսակ[2]։
Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, լեղամուղ, արյան ճնշումն իջեցնող միջոց։ Ուտելի է և մեղրատու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|