Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուլ եղինջ սպիտակ (լատին․՝ Lamium album), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
30-80 սմ բարձրությամբ հորիզոնական կոճղարմատով մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Ցողունը ուղիղ է և ցրված մազիկներով ծածկված։ Երկար կոթուններով, սրածայր, ատամնաեզր, երկարավուն-սրտաձև տերևները հակադիր դասավորված են քառանիստ ցողունի վրա։ Վերին տերևների անոթներում օղակներով դասավորված են խոշոր, երկշուրթ ծաղիկները։ Թավոտ բաժակը զանգակաձև է և ունի սրված ատամիկներ։ Կարճ, թեքված խողովակով պսակը սպիտակ է։ Երկարավուն-ձվաձև պտուղները եռանիստ ընկուզիկներ են[1]։
Աճում են անտառներում, թփուտներում, աղբավայրերում, այգիներում և բանջարանոցներում։ Հանդիպում է Հայաստանի բոլոր մարզերում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են խուլ եղինջի՝ ծաղկման շրջանում հավաքվող ծաղիկները։ Ծաղկապսակները պարունակում են դաբաղանյութեր, լորձանյութեր, սապոնիններ, եթերային յուղ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, գլիկոզիդներ, խոլին, գիստամին, ասկորբինաթթու և այլն։ Ծաղիկներից պատրաստում են թեյ, որն օգտագործում են սակավարյունության, թոքերի հիվանդությունների, թութքի և մաշկային բորբորքումների դեպքում[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.