Jump to content

Խորքային հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորքային հոգեբանություն (գերմ.՝ Tiefenpsychologie), հասկացություն, որն ընդգրկում է ժամանակակից արտասահմանյան հոգեբանության մի շարք ուղղություններ, որոնք ուսումնասիրում են անհատի ակտիվության «խորքային սկզբունքները»՝ անգիտակցական հակումներն ու միտումները։ Խորքային հոգեբանությունն ընդգրկում է Զիգմունդ Ֆրեյդի, Յունգի, Ադլերի ուսմունքները, նեոֆրեյդիզմը, «ես»-ի հոգեբանությունը և այլն։

Ֆրեյդը առաջատար է համարել սեռական բնազդի հետ կապված էներգիան (լիբիդո) և ագրեսիայի բնազդը։ Ըստ Ադլերի գլխավորն ինքնահաստատման ձգտումն է («իշխանության կամքը»)։ Յունգն ընդլայնել է անգիտակցականի ֆունկցիաների և կառուցվածքի մասին պատկերացումը՝ առաջ քաշել ժառանգական բնույթի «կոլեկտիվ անգիտակցականի» գաղափարը։

Խորքային հոգեբանությունը սերտ կապի մեջ է հոգեբուժության հետ։ Հոգեկան հիվանդություններն այդ ուղղության ներկայացուցիչները մեկնաբանել են որպես գոյության համամարդկային դժվարությունների ու կոնֆլիկտների դրսևորումներ, որոնք առանձին անհատների մոտ սուր և բացահայտ ձևեր են ընդունել։ Այսպես, Ֆրեյդը նևրոզների, երազների, որոշ սխալների հիմքում տեսնում է անգիտակցական հոգեկան մեխանիզմները։ Նշված երևույթը նա համարել է «փոխզիջողական կազմավորում», որն արտացոլում է անգիտակցական հակումների և գիտակցական «ես»-ի դիրքորոշումների բախումները։ Խորքային հոգեբանությունն ուսումնասիրում է նաև արտամղումը, սևեռումները (ֆիքսացիա), սիմվոլացումը, ռեգրեսիան և այլն։ Այն իր ազդեցությունն է թողել պսիխոսոմատիկական բժշկության և սոցիոմետրիայի վրա։

Վերջին տասնամյակներում առաջ են եկել խորքային հոգեբանություն նոր ուղղություններ, որոնք միաժամանակ գտնվում են էկզիստենցիալիզմի, ֆենոմենոլոգիայի, նեոթոմիզմի և բիհևիորիզմի ազդեցության տակ։ Նկատվել է նաև խորքային հոգեբանություն փիլիսոփայական անթրոպոլոգիայի հետ միավորելու միտում։ Խորքային հոգեբանության ներկայացուցիչները ստեղծել են անգիտակցական ուժերի ուսումնասիրման հոգեվերլուծության (պսիխոանալիզ) և ազատ զուգորդությունների հստակ մեթոդներ, պրոյեկտիվ տեստեր, պսիխոդրամա և սոցիոդրամա։ Խորքային հոգեբանությունը զգալիորեն խորացրել է մարդու մասին պատկերացումները։ Չնայած դրան, հոգեբանական շատ փաստերի մեկնաբանություններ կրում են մեխանիստական կամ իռացիոնալիստական, իսկ սոցիալ-փիլիսոփայական տեսանկյունից՝ հոռետեսական բնույթ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Какабадзе B. Л., Понятие бecсознательного в глубинной психологии, в cб.։
  • Проблемы сознания, М., 1966
  • Munroe R., Schools of psychoanalytic thought, N. Y., 1956.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 91