Jump to content

Լինց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լինց
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՀամայնքՎերին Ավստրիա
Առաջին հիշատակում799
Մակերես95,99 կմ²
ԲԾՄ270 մետր
Բնակչություն210 165 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և Կենտրոնական եվրոպական ժամանակ
Հեռախոսային կոդ0732
Փոստային դասիչ4010, 4040–4049, 4020–4029 և 4030–4039
Ավտոմոբիլային կոդL
Պաշտոնական կայքlinz.at(գերմ.)
Լինց (Ավստրիա)##
Լինց (Ավստրիա)

Լինց (գերմ.՝ Linz), քաղաք Ավստրիայի հյուսիսային մասում, Վերին Ավստրիա երկրամասում։ Այն Վերին Ավստրիայի նահանգակենտրոնն է։ Տարածքը 96 կմ² է, իսկ բնակչությունը 190 000 մարդ (2010 թ-ի տվյալներով)։

Քաղաքը գտնվում է Դանուբ գետի ափին։ Այն իր մեծությամբ երրորդ քաղաքն է Վիեննայից և Գրացից հետո։ Քաղաքի հետ կապ ունեն Յոհան Կեպլերը, Ադոլֆ Հիտլերը, Անտոն Բրուքները, Լյուդվիգ Վիտգենշթայնը։

Անվանումն ունի կելտական ծագում․ ոմանք ենթադրում են, որ առաջացել է Lenta «լորենի» բառից, ոմանք էլ՝ llian «ջուր, առու, գետակ» բառից[2]։

Քաղաքը հիմնադրել են հռոմեացիները մ․ թ․ ա․ 15 թվականին կելտական հինավուրց Լենտոս բնակավայրի տեղում որպես կայսրության հյուսիսային սահմանի պաշտպանական կետ[3]։

Միջնադարում քաղաքը մտել է Սրբազան Հռոմեական կայսրության կազմի մեջ։ Այն առևտրական կարևոր նշանակություն է ունեցել՝ Լեհաստանն ու Չեխիան կապելով Հարավային Եվրոպային։

15-րդ դարում քաղաքը բուռն զարգացում է ապրել։ Ֆրիդրիխ III կայսրը, որ անհաջող պատերազմ է մղել Հունգարիայի թագավոր Մատյաշ Հունյադիի հետ, իր նստավայրը 1485 թվականին տեղափոխել է Լինց, իսկ 1490 թվականին քաղաքը հռչակել է կայսրության մայրաքաղաք։ Մայրաքաղաքի կարգավիճակը, սակայն, Լինցը կորցրել է երեք տարի անց՝ կայսրի մահից անմիջապես հետո։

1497 թվականին քաղաքում Դանուբի վրայով կամուրջ է կառուցվել։ 16-17-րդ դարերում քաղաքի զարգացումը դանդաղել է՝ պայմանավորված ժանտախտի համաճարակով ու պատերազմներով։ 1785 թվականից այն դարձել է եպիսկոպոսական կենտրոն։

Քաղաքում տարբեր ժամանակներում բնակվել են նշանավոր շատ մարդիկ։ 1612-1626 թվականներին այստեղ ապրել ու աշխատել է մաթեմատիկոս, աստղագետ Յոհան Կեպլերը։ 1855-1868 թվականներին Լինցում ապրել է կոմպոզիտոր Անտոն Բրուքները։ Կյանքի վերջին քսան տարիներին այս քաղաքում է ապրել գրող ու նկարիչ Ադալբերտ Շտիֆտերը։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին քաղաքը վերածվել է արդյունաբերական խոշոր կենտրոնի, հատկապես զարգացում է ապրել պողպատի ու քիմիական արդյունաբերությունը։

Բրաունաու ամ Ինում ծնված Ադոլֆ Հիտլերը մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Լինցում՝ այն համարելով իր հարազատ քաղաքը։ Դիկտատորը երազել է վերակառուցել Լինցը՝ այն դարձնելով Նացիստական Գերմանիայի օրինակելի քաղաք։ Լինցի շրջանի մեջ մտնող Լեոնդինգ քաղաքում են գտնվում նրա ծնողների ու Հիտլերների ընտանիքի անդամների գերեզմանները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լինցից 25 կմ հեռավորության վրա կառուցվել է Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարը։ 1945 թվականին քաղաքը գրավել են ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի զորքերը։ Հետպատերազմյան շրջանում քաղաքը Դանուբ գետով բաժանվել է խորհրդային ու ամերիկյան հատվածների։

1945-1950 թվականներին Լինցի շրջակայքը դարձել է փախստականների ու ծպտված մարդկանց խոշոր կենտրոն։ Մոտ 150,000 ծպտված հրեա անցել է այս շրջանով։ 1946 թվականի հունիսին այստեղ ձևավորված Վեգշայդ ճամբարը տրանզիտային ամենամեծ ճամբարն է եղել Ավստրիայում․ այնտեղ միաժամանակ կարողացել է գտնվել 3,000-4,000 մարդ։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Դանուբի երկու կողմերում, մայրաքաղաք Վիեննայից արևմուտք, ծովի մակերևույթից 266 մ բարձրության վրա։ Հռոմեացիների լեզվով այն հնչում էր Լենցիա։ Լինց անունով քաղաքն արդեն հիշատակվում է 799 թվականին, երբ այնտեղ կառուցվել է Սուրբ Մարտինի եկեղեցին․ այն պահպանված հնագույն եկեղեցին է Ավստրիայում։

Կլիման չափավոր մայրցամաքային է։ Ձմեռը մեղմ է, հաճախ է ձյուն տեղում։ Ձմեռային ամենացուրտ ամիսը հունվարն է․ ջերմաստիճանն իջնում է մինչև -14 °C։ Ամառները տաք են ու արևոտ։ Ամենատաք ամիսները հուլիսն ու օգոստոսն են, ջերմաստիճանը՝ +20 °C։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-2,000 մմ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դրությամբ քաղաքն ուներ 205,726 բնակչություն[5]։ Մինչև 20-րդ դարի կեսերը լինցի բնակչության թվաքանակը զգալիորեն աճել է, սակայն վերջին քսան տարիների ընթացքում այն բացասական աճ է գրանցում։

Տարեթիվ 1900 1951 1961 1971 1981 1991 2001 2006 2012
Բնակչություն (հազ․) 83,3 184,6 195,9 204,8 199,9 203,0 183,5 188,9 191,1

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինցը 2014 թվականի դրությամբ բաժանվում է 16 վարչական շրջանների[6]

№no. Անվանում Բնակչություն Տարածք
1. Innere Stadt 24,785 278.9
2. Urfahr 23,581 426.8
3. Pöstlingberg 4,527 851.1
4. St. Magdalena 11,890 655.3
5. Dornach-Auhof 7,283 682.6
6. Kaplanhof 9,753 243.2
7. Franckviertel 7,216 120.7
8. Bulgariplatz 14,993 260.3
9. Froschberg 11,654 452.8
10. Bindermichl-Keferfeld 19,875 412.0
11. Spallerhof 12,021 297.1
12. Neue Heimat 13,095 413.2
13. Kleinmünchen-Auwiesen 22,209 645.1
14. Industriegebiet-Hafen 138 1,277.4
15. Ebelsberg 10,763 1,291.2
16. Pichling 7,812 1,290.0

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինցը արդյունաբերական խոշոր կենտրոն է։ քաղաքում զարգացած են մետալուրգիական, քիմիական, նավթաքիմիական, տեքստիլ, էլեկտրատեխնիկական ու սննդի արդյունաբերությունները։ Արտադրական հիմնական ձեռնարկություններն են

  • Voestalpine մետալուրգիական կոնցերնը
  • Քիմիական Քեմիլինց կոնցերնը

Քաղաքով անցնում է երկաթուղի, Վիեննա-Զալցբուրգ ավտոմայրուղին։ Բացի այդ՝ ճանապարհները տանում են երկրի հյուսիս ու հարավ, Չեխիայի հետ սահման։ Վիեննայից Լինց ճանապարհը գնացքով տևում է 1,5 ժամ։ «Երկնագույն Դանուբ» օդանավակայանը գտնվում է քաղաքից 10 կմ հեռավորության վրա։ Լինցից կանոնավոր ձևով չվերթեր են իրականացվում դեպի Ֆրանկֆուրտ, Լոնդոն և Ցյուրիխ, ինչպես նաև սեզոնային չվերթեր՝ դեպի Եվրոպայի տարբեր քաղաքներ։ Քաղաքի սահմաններում կա ուղևորատար գետային նավահանգիստ, որով նավարկություններ են կատարվում դեպի Մաուտհաուզեն, Վիեննա և Պասաու։

Քաղաքային տրանսպորտը ներկայանում է ավտոբուսներով, տրոլեյբուսներով ու տրամվայներով։ Տրամվայի առաջին գիծը՝ Պյոստլինգերբանը, որը տանում է դեպի Պյոստլինբերգ լեռ, բացվել է 1898 թվականին[7]։

Գիտություն և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլեկտրոնային արվեստի կենտրոն
  • Յոհան Կեպլերի անվան համալսարան խոշոր համալսարան, որտեղ ուսանում են 19,170 ուսանող (2017)։ Ունի երեք ֆակուլտետ՝ իրավագիտություն, հասարակական գիտություններ և տնտեսագիտություն։
  • Արվեստի ու արդյունաբերական դիզայնի համալսարան
  • Անտոն Բրուքների անվան երաժշտական ինստիտուտ
  • Կաթոլիկ աստվածաբանական համալսարան

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տնտեսական հոգեբանության հետազոտությունների միջազգային միավորումը 1990 և 1993 թվականների իր ամառային դպրոցները կազմակերպել է Լինցում։
Լենտոս թանգարան
Բրուքների անվան կենտրոն
  • Լենտոս ժամանակակից արվեստի թանգարան։ Ժամանակակից արվեստի ամենամեծ թանգարաններից մեկն է Ավստրիայում։
  • Վոլֆգանգ Գուրլիտի թանգարան
  • Շտիֆտերտի թանգարան
  • Լինցի ծագման թանգարան
  • Վերին Ավստրիայի երկրամասի թանգարան
  • Երկրամասի թատրոն (Landestheater)։ Լինցի ամենամեծ թատրոնն է։
  • Ֆենիքս թատրոն
  • Քամելեոն վարիետե-թատրոն
  • Կելլեր թատրոն (թատրոն նկուղում)
  • Երաժշտական թատրոն

Մշակութային թատրոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բրուքների համերգասրահը քաղաքի ամենամեծ համերգասրահն է։ Ամեն տարի սեպտեմբերին այստեղ կազմակերպվում է Բրուքների փառատոն։
  • Էլեկտրոնային արվեստի կենտրոն։ Նվիրված է 3D մոդելավորման ոլորտի ձեռքբերումներին և վիրտուալ իրականությանը։ Անցկացվում է ամենամյա Ars Electronica փառատոնը։

Լինցը 2009 թվականին եղել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը։

Ճարտարապետություն և տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր տաճար
Ուխտի եկեղեցի
  • Գլխավոր հրապարակ (Hauptplatz)։ Հին քաղաքի կենտրոնն է, գտնվում է Դանուբի հարավային ափին։ Գոյություն ունի 1260 թվականից և համարվում է երկրի միջնադարյան ամենամեծ հրապարակը։ Հրապարակի կենտրոնում գտնվում է Սուրբ Երրորդության սյունը (1723), որ կոչվում է նաև ժանտախտի սյուն, քանի որ տեղ��դրվել է ի նշան երախտագիտության Աստծուն ժանտախտի համաճարակից ազատվելու համար[8][9]։
  • Հին ռատուշա։ Գտնվում է Գլխավոր հրապարակում։ Կառուցվել է 1513 թվականին գոթական ոճով։ Գլխավոր ճակատամասը վերակառուցվել է 1658 թվականին բարոկկո ոճով։ Ներկայումս ռատուշայի շենքում գործում է Լինցի ծագման թանգարանը։
  • Հին տաճար։ Գտնվում է Գլխավոր հրապարակից հարավ։ Կառուցվել է 1678 թվականին ճիզվիտների կողմից բարոկկո ոճով։
  • Սուրբ Մարտինի եկեղեցի (799)։ Ավստրիայի գործող եկեղեցիներից հնագույնն է։ Իր գոյության ընթացքում մի քանի անգամ վերակառուցվել է, վերջին անգամ՝ 20-րդ դարում՝ եկեղեցուն հնարավորինս նախկին տեսքը վերադարձնելու նպատակով։
  • Ամրոց (գերմ.՝ Schloss)։ Գտնվում է Հին քաղաքի արևմտյան ծայրամասում՝ Դանուբի ափին խոյացող ժայռի վրա։ Կառուցվել է 1286 թվականին։ շինարարության ժամանակ կիրառվել են հին հռոմեական ամրոցի մնացորդները։ Ութ տարի եղել է կայսր Ֆրիդրիխ III-ի նստավայրը։ Ամրոցը բազմիցս վերակառուցվել է։ ներկայումս այնտեղ գործում է Վերին Ավստրիայի երկրամասի թանգարանը։
  • Սուրբ Մարիա ծխական եկեղեցի։ Կառուցված է ռոմանական ոճով, 1684 թվականին վերակառուցվել է բարոկկո ոճով։
  • Լանդհաուս ամրոց։ Կառուցվել է 1571 թվականին, վաղ վերածննդի ճարտարապետական հուշարձան է։
  • Բրուքների անվան համերգասրահ։ Մոդեռն ոճով կառույց է՝ 130 մետրանոց ապակյա ճակատամասով։
  • Ուխտի եկեղեցի Պյոստլինգբերգ լեռան գագաթին՝ Դանուբի հյուսիսային ափին։ Դեպի լեռ է տանում Պյոստլինգերբան տրամվայի գիծը (բացվել է 1898 թվականին)՝ 10,6° թեքությամբ։
  • Նիբելունգենբրյուկե կամուրջ։ Գտնվում է քաղաքի կենտրոնում։ Նրանից Դանուբի երկու ափերի գեղեցիկ տեսարան է բացվում։

Լինցն ունի մարզական համալիրներ, սահադաշտ, մարզասրահներ, լողավազաններ, դահուկային բազաներ, հրաձգարաններ։ Քաղաքում կառուցվել է «Լինցեր» մարզադաշտը։

Այստեղ են հանդես գալիս ԼԱՍԿ (գերմ.՝ Linzer Athletik-Sport-Klub, կրճատ՝ LASK) ֆուտբոլային ակումբը, որը 1965 թվականին դարձել է երկրի գավաթակիր և հանդես է գալիս երկրի բունդեսլիգայում և «Լինց» հոկեյի թիմը։

Լինցի հետ կապված հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bevölkerung zu Jahresbeginn nach administrativen Gebietseinheiten (Bundesländer, NUTS-Regionen, Bezirke, Gemeinden) seit 2002 (.ods)Statistics Austria.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. Paul Hofmann (1987 թ․ ապրիլի 5). «Letting Linz Castle cast a spell». The New York Times. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. «Klimadaten von Österreich 1971–2000 – Oberösterreich-Linz» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Österreich - Größte Städte 2019». Statista (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. http://www.linz.at/zahlen/010_Stadtgebiet/. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  7. «VCÖ Bahntest 2014» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. The Plague Column Արխիվացված 8 Նոյեմբեր 2017 Wayback Machine liwest.at. Retrieved 31 October 2007.
  9. The top of the column Արխիվացված 23 Հուլիս 2006 Wayback Machine linz.at. Retrieved 31 October 2007.
  10. https://www.linz.at/politik/36743.php
  11. https://www.brasovcity.ro/file-zone/regulamente/primarie/Statutul-mun-Brasov.pdf
  12. https://www.linz.at/politik/58809.php
  13. https://www.linz.at/politik/dodoma.php
  14. https://www.linz.at/politik/6308.php
  15. https://www.linz.at/politik/58805.php
  16. http://www.linkoping.se/Om-kommunen/Utveckling-och-samverkan/Internationellt-samarbete/Vanorter/
  17. https://www.linz.at/politik/6375.php
  18. https://www.linkoping.se/kommun-och-politik/internationellt-arbete/vanorter/
  19. https://www.linz.at/politik/6372.php
  20. https://www.linz.de/stadt-linz/stadtportrait/partnerstaedte/linz-oesterreich
  21. https://www.linz.at/politik/6378.php
  22. https://www.linz.at/politik/6381.php
  23. http://www.halle.de/en/Town-Halle-Council/Towns-twinned-with-Halle/Twinned-Towns/
  24. https://www.linz.at/politik/6320.php
  25. https://www.monterrey.gob.mx/pdf/portaln/PPOA/Programa_Operativo_Anual_2018_de_la_Secretaria_de_Desarrollo_Economico.pdf
  26. https://www.linz.at/politik/83230.php
  27. https://www.linz.at/politik/6317.php
  28. https://admgor.nnov.ru/Gostyam/Goroda-pobratimy/Linc-Avstriya-Istoriya-razvitiya-pobratimskih-otnosheniy
  29. https://www.linz.at/politik/6314.php
  30. https://www.linz.at/politik/6396.php
  31. https://www.berlin.de/ba-charlottenburg-wilmersdorf/verwaltung/beauftragte/staedtepartnerschaften/
  32. https://www.gochengdu.cn/news/our-sister-cities/sister-cities-of-chengdu/linz-austria--a402.html?xcSID=04j06l2e0bo8q3o2mh7ud63pm2
  33. https://www.linz.at/politik/6390.php
  34. https://www.linz.at/politik/6393.php
  35. https://www.linz.at/politik/6311.php
  36. https://www.linz.at/politik/6305.php
  37. https://www.tampere.fi/tampereen-kaupunki/tietoa-tampereesta/kansainvaliset-asiat/ystavyyskaupungit.html
  38. https://www.tampere.fi/en/organisation/international-affairs/twin-cities
  39. https://www.linz.at/politik/75388.php
  40. https://www.linz.at/politik/6384.php

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 620