Իվա (լուսանկարչուհի)
Իվա գերմ.՝ Yva | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26, 1900[1][2] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 31, 1944[3][4][5][…] (44 տարեկան) |
Մահվան վայր | Սոբիբոր, Gmina Włodawa, Włodawa County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լուսանկարիչ և fashion photographer |
![]() |
Իվա (գերմ.՝ Yva, իրական անուն՝ Էլզա Էրնեստինա Նոյլենդեր-Սիմոն, Else Ernestine Neuländer-Simon, հունվարի 26, 1900[1][2], Բեռլին, Գերմանական կայսրություն - դեկտեմբերի 31, 1944[3][4][5][…], Սոբիբոր, Gmina Włodawa, Włodawa County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան), գերմանացի լուսանկարիչ, որը հայտնի է բազմակի ցուցադրության տեխնիկայում, նյու ոճով և նորաձև լուսանկարչության ժանրում կատարած աշխատանքներով։ Բեռլինում հաջող կարիերայից հետո 1942 թվականին արտաքսվել է հրեական ծագում ունենալու պատճառով և, հավանաբար, մահացել Մայդանեկում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլզա Էրնեստինա Նոյլանդերը ծնվել է 1900 թվականին Բեռլինում։ Նա հրեա վաճառականի ինը երեխաներից մեկն էր։ Հայրը մահացել է, երբ Էլզան 12 տարեկան էր, և նրա մայրը ստիպված է եղել պահել ընտանիքը՝ աշխատելով որպես դերձակուհի[6][7]։ «Lette-Verein» կիրառական արվեստի դպրոցում սովորելուց հետո Էլզա Նոյլանդերը 1925 թվականին բացել է իր սեփական լուսանկարչական խանութը և սկսել աշխատել «Իվա» կեղծանունով։ 1920-ական թվականներին մասնագիտացել է նորաձևության և գովազդային լուսանկարչության մեջ, ինչպես նաև ստեղծել է նյու ժանրի լուսանկարներ և բալերինաների դիմանկարներ[6][8]։ 1926 թվականին համագործակցել է նկարիչ և լուսանկարիչ Հայնց Հայեկ-Հալկեի[en] հետ[9]։ 1927 թվականին նրա լուսանկարները սկսել են հրապարակել «Weltspiegel» և «Die schöne Frau» ամսագրերը, և նույն թվականին Բեռլինի Նոյման-Նիրենդորֆ պատկերասրահում (Galerie Neumann-Nierendorf) տեղի է ունեցել Իվայի առաջին անհատական ցուցահանդեսը[8]։ Նրա արտասովոր, ինքնատիպ աշխատանքները, որոնք աչքի էին ընկնում մտածված «թատերական» լուսավորությամբ և իռացիոնալ մթնոլորտով, անմիջապես նրա վրա են գրավել քննադատների ուշադրությունը[6]։
1929 թվականին Իվան համագործակցել է այնպիսի ամսագրերի հետ, ինչպիսիք են «Die Dame», «Uhu», «Querschnitt», «Das Illustrierte Blatt», «Wiener Magazin», «Moden-Spiegel», «Berliner Illustrirte Zeitung», «Münchner Illustrierte Presse»[8]։ Ընդ որում, գովազդային լուսանկարը նա համարել է արվեստի նույն ձևը, ինչ գեղարվեստական լուսանկարը[7]։ 1932 թվականին Իվան Հռոմում մասնակցել է լուսանկարչական արվեստի առաջին միջազգային բիենալեին։ 1933 թվականին նա մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Լոնդոնում և Փարիզում, սակայն նույն թվականին նրան արգելվել է համագործակցել մամուլի հետ հրեական ծագում ունենալու պատճառով[8]։
1934 թվականին Իվան ամուսնացել է Ալֆրեդ Սիմոնի հետ, ով ստանձնել է նրա գործերի ղեկավարությունը։ Նույն թվականին Իվան հին արվեստանոցից տեղափոխվել է նոր ընդարձակ ստուդիա, որտեղ սկսել է փորձեր կատարել գունավոր լուսանկարչության հոտ։ Նրա աշակերտ, ապագա հայտնի լուսանկարիչ Հելմուտ Նյուտոնը հիշում է, որ Իվան ստուդիայում պահվում էր որպես կինոռեժիսոր[6]։ Նույն թվականին ռեժիմի պատճառով, որը սահմանափակում էր հրեաների աշխատանքի և հասարակական կյանքին մասնակցելու իրավունքները, Իվան ստիպված է եղել ստուդիայի ղեկավարությունը փոխանցել իր ընկերուհուն՝ արվեստի պատմաբան Շարլոտա Վայդլերին[8][7]։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ էլ նա սկսել է արտագաղթ պլանավորել Գերմանիայից, սակայն մնացել է Բեռլինում, հնարավոր է՝ ամուսնու պնդմամբ[9]։
1938 թվականին Իվային արգելվել է շարունակել լուսանկարչի աշխատանքը, և նա ստիպված է եղել փակել ստուդիան, որն այդ ժամանակ ուներ տասը աշխատակից[8]։ Նա սկսել է աշխատել որպես Բեռլինի Հրեական հիվանդանոցի ռենտգեն բաժանմունքի ասիստենտ, իսկ ամուսինը՝ դռնապան[8][7]։ Մինչդեռ Իվան հրավեր է ստացել ամերիկյան LIFE ամսագրից, որն ընդունել է, բայց չի հասցրել գնալ[7]։ 1942 թվականին ամուսինները ձերբակալվել են, արտաքսվել և ի վերջո հայտնվել Մայդանեկի մահվան ճամբարում[8]։ Իսրայելի Յադ Վաշեմ հուշահամալիրի ցուցակներում Ալֆրեդ Սիմոնը ճամբարում մահացածների թվում է, իսկ նրա կնոջ մասին տեղեկություններ չկան։ Հավանաբար նա սպանվել է ճամբար հասնելուն պես։ Նրա մահվան պաշտոնական ամսաթիվը ընդունվել է 1944 թվականի դեկտեմբերի 31-ին[7][8]։
Պլանավորված մեկնման նախօրեին Իվան Համբուրգի նավահանգիստ է ուղարկել 34 արկղ՝ անձնական իրերով, լուսանկարներով և սարքավորումներով։ Իվայի ձերբակալությունից հետո դրանք բոլորն առգրավվել են։ 21 արկղը ոչնչացել է 1943 թվականի ռմբակոծությունների ժամանակ, մնացած 13-ը վաճառվել են աճուրդում[7][10]։ Ներկայումս Իվայի աշխատանքները պահվում են Բեռլինյան պատկերասրահում և մի շարք այլ հավաքածուներում[8]։
-
Չարլսթոն։ 1926/27
-
Տատյանա Բարբակովա։ 1929
-
Ռենատա Մյուլլեր։ 1931
-
Թերթի ընթերցող։ 1932
-
Պար։ 1933
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Google Arts & Culture — 2011.
- ↑ 2,0 2,1 https://www.stolpersteine-berlin.de/de/stolpersteine-finden/download
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Photographers’ Identities Catalog
- ↑ 5,0 5,1 5,2 Luminous-Lint — 2005.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Enciclopedia delle donne
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Ганна Руденко
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 Gerhild Komander
- ↑ 9,0 9,1 Carmel Finnan, 2006, էջ 121
- ↑ Carmel Finnan, 2006, էջ 122
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Carmel Finnan Practicing Modernity: Female Creativity in the Weimar Republic. — Königshausen & Neumann, 2006. — 353 p.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ганна Руденко (2016-12-13). «Լուսանկարիչ Իվայի վերելքն ու անկումը». Jewish.ru.
- Gerhild H. M. Komander. «Yva». Die Geschichte Berlins (գերմաներեն).
- Maria Cristina Marzola. «Else Ernestine Neuländer-Simon». Enciclopedia delle donne (իտալերեն).