Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավելուկ գանգուր (լատին․՝ Rumex crispus), մատիտեղազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Առանցքային ամուր արմատային համակարգով արմատով, խոշոր տերևներով, 50-120 սմ բարձրությամբ և ակոսավոր ցողունով բազմամյա խոտաբույս է։ Մինչև 25 սմ բարձրությամբ, երկարավուն նշտարաձև, երկարակոթ արմատամերձ տերևները սրածայր են, իսկ ցողունայինները՝ նստդիր։ Տերևների եզրերը գանգուր-ալիքավոր են։ Տերևապատ, երկար և նեղ հուրաններում օղակաձև դասավորված ծաղիկները մանր կանաչավուն են և աննշմար։ Պտուղը եռանիստ ընկուզիկ է[1]։
Որպես մոլախոտ աճում է ստորին և միջին լեռնային գոտիների խոնավ վայրերում, գետափերին, ճանապարհների եզրերին, մարգագետիններում և բանջարանոցներում։ Տարածված է Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում[1]։
Բուժական նպատակներով օգտագործվում են կանաչ զանգվածը ծաղիկներով և արմատները։ Արմատները հարուստ են դաբաղանյութերով։ Օգտագործվում են սահմանափակ քանակություններով[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.