Թումանյան փողոց (Երևան)
Թումանյան | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | 1400[1] |
Սկիզբ | Խանջյան փողոց |
Ավարտ | Սարյան փողոց |
Թումանյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1856-1920 թթ. փողոցը կոչվել է Դոկտորսկայա (Բժշկական), 1921 թվականից կոչվել է Ստեփան Ալավերդյանի անունով այն ժամանակ, երբ Հանրապետության փողոցը կոչվում էր Լենինի անունով։ Այնուհետև Թումանյան փողոցը անվանակոչվել է Վլադիմիր Լենինի անունով, իսկ նախկին Լենինի փողոցը՝ Սուրեն Ալավերդյանի։ 1961 թվականից` Թումանյան փողոց, երբ Լենինի պատվին անվանակոչվեց նախկին Ստալինի պողոտան։
Դոկտորսկայա փողոցը ներառված է եղել 1906-1911 թթ. Բորիս Մեհրաբյանի կողմից կազմված Երևանի հատակագծում։ Համաձայն այդ հատակագծի՝ փողոցը սկսվել է Տեր-Ղուկասովսկայա (ներկայիս Նալբանդյան) փողոցից և քաղաքի հարավարևելյան մասից ձգվել հյուսիս-արևմուտք՝ դեպի Կոնդի բարձունքը։ Կոնդ տանող հատվածում փողոցը դուրս է եկել Կոզեռնի գերեզմանատան մոտ, այնուհետև՝ Թիֆլիսսկայա փողոց (այսօր գոյություն չունի)[2]։
20-րդ դարի սկզբին Դոկտորսկայա փողոցը խաչվել է Աստաֆյան (ներկայիս Աբովյան), Մալյարսկայա (ներկայիս Տերյան), Քարվանսարայսկայա (ներկայիս Եզնիկ Կողբացու) և Աստաֆյանից սկսող ու Դոկտորսկայա փողոցին միացող Սադովայա (ներկայիս Հին Երևանցու) փողոցների հետ։
Քարվանսարայսկայա փողոցի հատման անկյունից մինչև Կոնդ ձգվող հատվածն ամբողջությամբ ծածկված է եղել պտղատու այգիներով (ներկայիս Մարշալ Բաղրամյան-Պռոշյան-Դեմիրճյան և Մոսկովյան-Մաշտոցի-Սայաթ-Նովայի-Տերյան-Իսահակյան փողոցների հատման հատվածները)։
Փողոցի հնություններից է եղել Գեթսեմանի մատուռը, որ գտնվել է Շահարի թաղամասում՝ վերոնշյալ պտղատու այգիներում (գտնվել է ներկայիս Օպերայի և բալետի թատրոնի շենքի տեղում)։ Գեթսեմանը, համաձայն Նոր կտակարանի, ձիթենյաց այգիներում այն վայր էր, որտեղ Քրիստոսն իր վերջին աղոթքներն էր արել խաչվելուց առաջ։ Մատուռին այդ անունն էին տվել այն պատճառով, որ գտնվում էր այգիների մեջ։ Մատուռի շուրջն է եղել հին Երևանի գերեզմանոցը՝ օրորոցաձև և տապանաձև բազմաթիվ գերեզմանաքարերով։ Մատուռն ունեցել է 12-13-րդ դարերին բնորոշ ճարտարապետական ոճ ու ձև, ուստի ենթադրվում է, որ կառուցվել է հենց այդ ժամանակահատվածում։ Մատուռը, ամենայն հավանականությամբ, ավերվել է 1679 թ. երկրաշարժից և վերակառուցվել 1901 թ. Երևանի քաղաքագլուխներ Իսահակ և Հովհաննես Մելիք-Աղամալյանների նվիրատվությամբ։ 1930-ական թվականներին, երբ տեղում պետք է կառուցվեր Օպերայի և բալետի թատրոնի շենքը, Ալեքսանդր Թամանյանը որոշեց տեղափոխել մատուռը։ Այն համարակալվեց և ապամոնտաժվեց։ Վերացվեց նաև մատուռին կից գերեզմանոցը` 17-18-րդ դարերի տապանաքարերով[3]։
Երկրորդ հնությունը Սբ. Անանիա առաքյալի անապատի մատուռն է, որ գտնվել է Դոկտորսկայա փողոցի վերջնամասում։ Այն եղել է 9-13-րդ դարերում բարձրացած քարաշեն կառույց։ Հիմնվել է Անանիա առաքյալի գերեզմանի վրա։ Մատուռը վերանորոգվել է Երևանի Ամիրգունա խանի իշխանության օրոք՝ Մովսես Սյունեցի վարդապետի կողմից։ Վերջինս Երևանում քարոզելիս խոչընդոտների էր հանդիպել և որոշել էր գնալ Կարին՝ այնտեղ վարդապետություն անելու։ Սակայն Ամիրգունա խանը, հանդիպելով վարդապետին, խորհուրդ է տվել նրան վերանորոգել Անանիա առաքյալի գերեզմանի վրա դեռևս 9-րդ դարում կառուցված մատուռը և այնտեղ քարոզել։ Վարդապետը համաձայնել է, վերանորոգել մատուռը, վերակառուցել եկեղեցին, պարիսպներ քաշել, ժամատուն ու խցեր կառուցել, հիմնել միաբանություն ու կոչել այն անապատ։ Անապատի բոլոր շինությունները, բացի եկեղեցուց, կառուցված են եղել փայտից, և Մովսես վարդապետի մահից հետո այրվել են 1635-1636 թթ. թուրք-պարսկական պատերազմի ժամանակ։ Դրանք կրկին վերակառուցել է Մովսես վարդապետին հաջորդած Փիլիպոս կաթողիկոսը։ Այսօր Սբ. Զորավոր եկեղեցուն կից գտնվող դամբարանը համարվում է Սուրբ Անանիա առաքյալին վերաբերող ամենանշանավոր սրբավայրը[3]։
Երրորդ հնությունը 5-րդ դարում կառուցված Պողոս-Պետրոս եկեղեցին է եղել, որ գտնվել է Դոկտորսկայա և Աստաֆյան փողոցների անկյունում՝ ներկայիս Մոսկվա կինոթատրոնի տեղում։ Այն բազմիցս վերանորոգվել և վերակառուցվել է 7-րդ, 12-րդ, 17-րդ, 18-19-րդ (1679 թ. երկրաշարժից հետո) դարերում։ Հիմնովին վերակառուցվել է 19-րդ դարում։
Այս եկեղեցին, որը սուրբ առաքյալներ Պողոսի և Պետրոսի անուններն էր կրում, իր հատակագծային ծավալատարածական հորինվածքով տիպիկ ուշ միջնադարյան էր, պատկանում էր եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին, անգմբեթ էր։
Երբ 1931 թ. սովետական իշխանության որոշմամբ սկսեցին քանդել եկեղեցին, դրա հայտնի որմնանկարները հանվեցին և փոխադրվեցին Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան։
Առանձին ուշադրության էր արժանի Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային դուռն ու դրա զարդաքանդակները։ Դուռն ամբողջությամբ երկաթից էր։ Այն առաջ պատկանել է Հին Բայազետի բերդին և հետագայում՝ 1835 թ. այնտեղից բերվել և նվիրվել է եկեղեցուն։ Նվիրողը եղել է Տեր-Վարդան անունով քահանան, իսկ բերողը՝ բայազետցի Մուխսի Սաքո անունով մեկը[3]։
Թումանյան փողոցում են գտնվել նաև Սուրբ Գայանեի օրիորդաց կրթարանը (հիմնվել է 1866 թվականին, Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությամբ), Սողոմոնյանի գինու և կոնյակի գործարանը, 1880-ականներին Վ. Պապաջանյանի կողմից լույս տեսնող «Պսակ» թերթի խմբագրությունը, որ գործել է Ն. Հովակիմյանի բնակելի տանը, Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցը և քաղաքային ԶԱԳՍ-ը։
Փողոցը կառուցապատված է եղել սեփական և եկամտաբեր տներով, որոնց մեջ կային խանութներ։ Այդպիսիք էին Քոչարյանների, ֆոն դեր Նոննեի, Գևորգյանների երկհարկանի տները, որոնք կառուցված են եղել 19-20-րդ դարերի ճարտարապետական ոճով[4]։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականի ապրիլին Թումանյան փողոցի սկզբնամասում ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվել է Հովհաննես Թումանյանի թանգարանը, որի 54 աստիճանները խորհրդանշում են Թումանյանի ապրած տարիները։ Թանգարանի շենքը վերակառուցվել է 1966 թ.։ Թանգարանում պահվում է ավելի քան 18.000 ցուցանմուշ։ Թանգարանը բաղկացած է երկու հարկից։ Առաջին հարկի ցուցասրահներում ժամանակագրական կարգով ներկայացված են Հովհաննես Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։ Առաջին հարկում է գտնվում նաև Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակ սենյակը։
Երկրորդ հարկում գտնվող վեց սենյակներն ամբողջությամբ կառուցված են Թումանյանի թիֆլիսյան բնակարանի նմանությամբ։ Այդտեղ է գտնվում նաև բանաստեղծի մեծ գրադարանը, որ բաղկացած է մոտ 8000 գրքից։ Երկրորդ հարկում կա նաև ընդարձակ դահլիճ` նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների և ներկայացումների համար։ Թանգարանն ունի երկու այգի։ Առաջինը ձմեռային այգին է, որը, կարծես, թումանյանական թեմաներով քանդակի յուրատեսակ ցուցահանդես լինի։ Երկրորդը թանգարանի ներքին բակում Թումանյանի սիրած պտղատու ծառերով ու ծաղիկներով բաց այգին է` փոքրիկ ջրավազանով[5]։
Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում է գտնվում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը (նախկինում՝ Հովհաննես Ադամյանի անվան ռադիոէլեկտրակապի տեխնիկում)։ Համալսարանը հիմնադրվել է 1935 թ. փետրվարի 4-ին՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի որոշմամբ՝ որպես երկամյա մանկավարժական ինստիտուտ, որտեղ պետք է պատրաստվեին ռուսաց լեզվի ուսուցիչներ։ Կան տեղեկություններ, որ ինստիտուտը հիմնադրվել է Հռիփսիմյան օրիորդաց դպրոցի շենքում[6]։ 1940 թ. դարձել է երկամյա ինստիտուտ և վերանվանվել պետական մանկավարժական ինստիտուտ։ 1961 թ. հոկտեմբերի 3-ին ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ 1962 թ. հունվարից Երևանի պետական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի հիմքի վրա ստեղծվում է Ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը։ 1962 թ. մարտի 2-ին ինստիտուտն անվանվեց Վ. Բրյուսովի անվան ռուսական և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ։ 1995 թ. մարտի 17-ին ինստիտուտը վերանվանվեց Հայաստանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարան, իսկ 5 տարի անց՝ 2000 թ. ՀՀ կառավարության որոշմամբ` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան[7]։ 2014 թ. ապրիլի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ համալսարանը դարձավ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան[8]։ Համալսարանի շենքը կառուցվել է 1950-ական թվականներին։ Համալսարանի մուտքի մոտ է գտնվում 1966 թ. քանդակագործ Արա Սարգսյանի կողմից պատրաստված Վալերի Բրյուսովի կիսանդրին, որը ներառված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Համալսարանի շենքի երկրորդ մուտքի մոտ տեղադրված է ցուցանակ, համաձայն որի 1951-1955 թթ. համալսարանում սովորել է Խորհրդային Միության հերոս և լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը։
Համալսարանի շենքի դիմաց գտնվում է Թումանյան 41 բնակելի շենքը։ Այն կառուցվել է 1940-ական թվականներին։ Այդտեղ է ապրել հայ բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանը։
Մի փոքր ներքևում գտնվում է Թումանյան 35 բնակելի շենքը, որ կառուցվել է 1953 թ. ճարտարապետ Կորյուն Հակոբյանի նախագծով։ Այդտեղ է ապրել արևելագետ, պատմաբան, պետական և հասարակական գործիչ, պրոֆեսոր Հովհաննես Ինճիկյանը։ Շենքի առաջին հարկում գործում է «Ջազզվե» սրճարանը։
Թումանյան 33 բնակելի շենքը կառուցվել է 1940-ականներին՝ ճարտարապետ Բագրատ Արազյանի նախագծով։ Այդ շենքում է ապրել գիտնական, հայագետ և արևելագետ Հակոբ Փափազյանը։
Թումանյան 40 բնակելի շենքը կառուցվել է 1950-ականներին՝ ճարտարապետ Բաբկեն Հակոբյանի և Գոհար Գրիգորյանի նախագծով։
Թումանյան 38 շենքում են ապրել ժողովրդական արտիստներ Շողիկ Մկրտչյանն (1937-2000 թթ.) ու Գուրգեն Միրզոյանը (1937-1975 թթ.)։
Թումանյան փողոցը հատվում է Մաշտոցի պողոտայի հետ, որտեղ երկու փողոցների անկյունում գտնվում է 1930-ականներին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով կառուցված բնակելի շենքը։ Աջ մայթին գտնվում է Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցը, որը կառուցվել է 1928 թվականին և եղել բազմազգ ու բազմալեզու դպրոց։
Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի անկյունից բացվում է ճեմուղի դեպի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որը կառուցվել է 1932 թվականին։ Օպերայի դիմացի Ազատության հրապարակում է գտնվում Հովհաննես Թումանյանի հուշարձանը։ Հուշարձանի դիմաց է գտնվում Կարապի լիճը, որը ձմռանը վերածվում է սահադաշտի[9]։ Այս տարածքում է գտնվում Առնո Բաբաջանյանի հուշարձանը (քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան)։
Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի անկյունում գտնվող «Իլյիչի» բնակելի շենքը (Թումանյան 29) կառուցվել է 1932 թ.՝ ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով։ Այստեղ մինչև 2013 թ. վերջը գործել է «Սթար» սուպերմարկետը[10]։ Այժմ այստեղ է տեղակայված Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը։ Այս շենքում են ապրել հայ ականավոր փիլիսոփա Վազգեն Չալոյանն (1929-1954 թթ.) ու պետական և կուսակցական գործիչ Գևորգ Հանեսօղլյանը (1928-1935 թթ.)։
Թումանյան 27 հասցեում գտնվող բնակելի շենքը կառուցվել է 1927-1928 թթ.՝ ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով։ Այս շենքում 1933-1978 թթ. ապրել է դիրիժոր, երաժշտական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գևորգ Բուդաղյանը։
Թումանյան 25 հասցեում է գտնվում Թումանյան փողոցի ամենահին բնակելի շենքերից մեկը։ Այն կառուցվել է 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին։ Շենքում կա 8 բնակարան։ 2015 թ. շենքի բնակիչները ծանուցում են ստացել Երևանի քաղաքապետարանից, որ սկսում են սեփականության օտարման գործընթաց և նախատեսում են շենքը օտարել «Ռենշին» ընկերությանը՝ տեղում միջին հարկայնության հյուրանոց կառուցելու նպատակով։ Ըստ բնակիչների՝ «Ռենշինը» բնակիչների հետ ոչ մի հարցով չի բանակցել։ Հյուրանոցն ունենալու է 80 համար[11][12]։
Թումանյան-Կողբացու փողոցների խաչմերուկում է գտնվում Համբարձում Սողոմոնյանի Էրիվան գինու և կոնյակի գործարանի շենքը, որը կառուցվել է 1890-1910 թթ. Բորիս Մեհրաբյանի նախագծով և գտնվել է Երևանի Մելիք-Ադամյան փողոցում։ Սակայն 2001 թ. այն ապամոնտաժվել է և վերակառուցվել Կողբացի-Թումանյան փողոցների անկյունում։ Այդ շենքում է գտնվել №3 հիվանդանոցը։ Այսօր այդտեղ է գործում «Վան» ստոմատոլոգիական կենտրոնը։
Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկից տեսարան է բացվում դեպի պողոտայի ճեմուղի։
Թումանյան 34 հասցեի շենքը կառուցվել է 1950-ականներին Գրիգոր Աղաբաբյանի նախագծով։ Այդտեղ է ապրել ականավոր կինոռեժիսոր, ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Յուրի Երզնկյանը։
Թումանյան 32 հասցեում գտնվող սյունազարդ բնակելի շենքը կառուցվել է 1930-ականներին՝ ճարտարապետ Հովհաննես Խալփախչյանի նախագծով։ Այդ շենքում 1939-1958 թթ. ապրել է ականավոր քաղաքական-պետական գործիչ Եղիշե Վարդանյանը։
Թումանյան 21/1 հասցեում է գտնվում Կարապետ Աբրահամյանի բնակելի տունը։ Այն կառուցվել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին և ներառված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում է գտնվում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ Ի սկզբանե այն նախագծված է եղել որպես Սպորտկոմիտեի և ֆիզկուլտուրայի կենտրոնական տուն և երևանցիներին հայտնի է եղել իր լողավազանով։ Շենքը կառուցվել է 1932 թ.՝ ճարտարապետներ Կարո Հալաբյանի, Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի նախագծով։ Վերակառուցվել է 1972 թ.։
Թումանյան-Աբովյան փողոցների հատման անկյունում է գտնվում Թումանյան 30 բնակելի շենքը։ Այն կառուցվել է 1966 թ.՝ ճարտարապետներ Էդուարդ Սաֆարյանի, Ֆելիքս Հակոբյանի և Ֆենիքս Դարբինյանի նախագծով։
Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում է տեղակայված Մոսկվա կինոթատրոնը, որը կառուցվել է 1936 թ.՝ քանդված Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում։
Թումանյան-Աբովյան փողոցների Թումանյան հատվածում` Թումանյան 28/20 շենքի վրա ամրացված են Հովհաննես Թումանյանի և Մետաքսյա Սիմոնյանի հուշատախտակները։ Հայ մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մետաքսյա Սիմոնյանն ապրել է այդ շենքում։
Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճին կից՝ Թումանյան 17 հասցեում է գտնվում Պետական հանրագիտարանի խմբագրության շենքը։ Տարիներ շարունակ այս շենքում է գործել Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրությունը։ Շենքը կառուցվել է 1930 թ.՝ ճարտարապետ Ռուբեն Հակոբյանի նախագծով։ Այժմ այդ շենքում է գտնվում Ինեկոբանկը։
Թումանյան 15 հասցեում գտնվող բնակելի շենքը կառուցվել է 1951 թ.՝ ճարտարապետ Զավեն Բախշինյանի նախագծով։
Թումանյան-Նալբանդյան փողոցների հատման խաչմերուկում է գտնվում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Այն հիմնվել է 1963 թվականին՝ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի նոյեմբերի 21-ի N 491 որոշմամբ` Նալբանդյան 23 (այժմ՝ 21) հասցեում` այն տանը, ուր կյանքի վերջին տարիներին՝ 1926-1928 թթ. ապրել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը։ Այդ շենքում է գործել նաև ազգագրագետ, պարուսույց Սրբուհի Լիսիցյանի Երևանի ռիթմի, պլաստիկայի և պարի տեխնիկումը, որը հետագայում վերածվեց պարի ուսումնարանի։ Թանգարանի և դիմացի մայթին գտնվող զույգ-շենքերը կառուցվել են 1925-1927 թթ.՝ ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով։
Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում (Թումանյան 13 հասցեում) է գտնվում 1924 թ. Նիկողայոս Բունիաթյանի կառուցած երեքհարկանի բնակելի շենքը։
Դիմացի մայթին՝ Թումանյան 20 հասցեում է գտնվում 1960-ականներին ճարտարապետներ Սուրեն Շահսուվարյանի և Հովհաննես Խալփախչյանի նախագծով կառուցված շենքը։ Ի սկզբանե այն կառուցված է եղել որպես Արմտեքստիլտորգի բնակելի շենք։ Շենքի առաջին հարկում եղել է կտորեղենի խանութ։ Ճարտարապետ Սուրեն Շահսուվարյանը բնակվել է իր կողմից նախագծված այս շենքում։ 1990 թվականից այդտեղ է գործել Առեքսիմբանկը, այնուհետև «Սթար» սուպերմարկետը։ Այսօր այդտեղ է գործում «Կրպակ» սուպերմարկետը։
Թումանյան 18 հասցեում գտնվող բնակելի շենքը կառուցվել է 1924 թ.՝ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով։
Թումանյան 11 հասցեում գտնվող շենքը կառուցվել է 1930-ականներին։ Այդ տանը 1945-2005 թթ. ապրել է Հայաստանում վիրուսաբանության հիմնադիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիա Քամալյանը։
Թումանյան-Ավագ Պետրոսյան փողոցների անկյունում է գտնվում Թումանյան 9 հասցեի բնակելի շենքը։ Այն կառուցվել է 1940-ականներին՝ ճարտարապետ Կորյուն Հակոբյանի նախագծով։ Այդ շենքում 1976-1996 թթ. ստեղծագործել է նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանը։
Դիմացի մայթին՝ Թումանյան-Ավագ Պետրոսյան փողոցների անկյունում է գտնվում Թումանյան 10 հասցեի բնակելի շենքը։ Այն կառուցվել է 1930-1940-ականներին։
Թումանյան-Հանրապետության փողոցների անկյունում է գտնվում բիզնես կենտրոնի շենքը։ Այն կառուցվել է 1933-1935 թթ.՝ ի սկզբանե որպես վարչական շենք։ Ճարտարապետն է Նիկողայոս Բունիաթյանը։ Շենքը վերակառուցվել է 1970-ականներին։ 2013 թ. ՀՀ կառավարության որոշմամբ թույլատրվեց Թումանյան 8 հասցեում գտնվող շենքի հետնամասում ՀՀ Գլխավոր դատախազությանը պատկանող անշարժ գույքը (կաթսայատուն և ենթակայան) օտարել «Բիզնես պլաս» ՍՊԸ-ին[13][14]։ Սակայն հետո պարզ դարձավ, որ «Բիզնես պլաս» ՍՊԸ-ն հետաքրքրված էր ոչ միայն կաթսայատան ու ենթակայանի գույքը, այլև Թումանյան 8 շենքը յուրացնելու հարցում և Երևանի քաղաքապետարանն արդեն տվել էր այդ շենքը քանդելու թույլատվությունը[15]։ «Բիզնես պլաս» ՍՊԸ-ն գրանցված է եղել դեռևս 2006 թ. և մի շարք անօրինական գործողություններ է ծավալել Հանրապետության 76/1, 2, 3 շենքերի և Տպագրիչների 9, 11, 13, 15 շենքերի բակային տարածքներում[16]։ Այսօր Թումանյան 8 շենքի հետնամասում շինարարություն է ընթանում, իսկ շենքի ճակատագիրը վտանգված է, քանի որ քանդման թույլատրությունը կա։
Թումանյան-Հանրապետության փողոցների անկյունում է գտնվում Նիկողայոս Բունիաթյանի կողմից նախագծված մեկ այլ բնակելի շենք (Հանրապետության 80), որը կառուցվել է 1928 թ.։
Թումանյան 6 հասցեի շենքը, որ գտնվում է վերոնշյալ բնակելիին կից, կառուցվել է 1930-ականներին։
Թումանյան 5ա շենքում 2016 թվականից գործում է Մելլաթ բանկի գլխամասային գրասենյակը[17]։ 2000-ական թվականների սկզբից մինչև 2016 թ. այն տեղակայված է եղել Բուզանդի 2 հասցեում։
Թումանյան-Խանջյան փողոցների անկյունում գտնվող բնակելի շենքը կառուցվել է 1950-1960-ականներին։
Նշանակալի օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցում են գտնվում`
- Հովհաննես Թումանյանի թանգարան (Երևան)
- Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան
- Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
- Կարապի լիճ
- Առնո Բաբաջանյանի հուշարձան
- Հյուսիսային պողոտան
Թումանյան փողոցում են գտնվել Սուրբ Գայանեի օրիորդաց կրթարանը (հիմնվել է 1866 թվականին, Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությամբ), «Պսակ» թերթի խմբագրությունը, Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցը, քաղաքային ԶԱԳՍ-ը։
Հատվող փողոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղազար Փարպեցու փողոց
- Մաշտոցի պողոտա
- Եզնիկ Կողբացու փողոց
- Տերյան փողոց
- Աբովյան փողոց
- Նալբանդյան փողոց
- Ավագ Պետրոսյան փողոց
- Հանրապետության փողոց
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վալերի Բրյուսովի կիսանդրին
-
Բնակելի շենք, ճարտարապետ՝ Կորյուն Հակոբյան
-
Թումանյան 38
-
Թումանյան 40
-
Թումանյան 33
-
Շահումյանի անվան դպրոց
-
Թումանյանի պատկերը դպրոցի պատին
-
Հ. Սողոմոնյանի գինու և կոնյակի գործարանի շենքը
-
Թումանյան 25
-
Թումանյան 32/17
-
Թումանյան 21/1
-
Թումանյան 21
-
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքը
-
Թումանյան 30
-
Հովհաննես Թումանյանի հուշաքարը
-
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան
-
Ալեքսանդր Սպենդիարյանի քանդակը, քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան
-
Թումանյան 20
-
Թումանյան 15
-
Թումանյան 9
-
Թումանյան 10
-
Թումանյան 8
-
Թումանյան 1
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վ. Բելի, Ի. Բելայա-Բարսեղյան, Հայաստան. ճանապարհորդի հանրագիտարան, Երևան, ՀՍՀ գլխ. խմբ., 1990, 320 էջ (ռուսերեն), 107-րդ էջ (Երևանի կենտրոնի փողոցների երկարությունը)
- ↑ Երևանի հատակագիծը 1920 թ.
- ↑ 3,0 3,1 3,2 Երվանդ Շահազիզ, «Հին Երևանը», Երևան, 2003
- ↑ [http://www.iatp.am/old_yerevan/TEXT/Street/doctorskaya.htm «���������� �����»]. www.iatp.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
{{cite web}}
: replacement character in|title=
at position 1 (օգնություն) - ↑ «ABOUT MUSEUM». toumanian.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Հռիփսիմյան գիմնազիա. Ամիրյան փողոցի ամենալուռ պատմամշակութային շենքը - ankakh.com». ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Nazik. «ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ». brusov.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Վ. Բրյուսովի համալսարանը վերանվանվեց «լեզվահասարակագիտականի» - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Հ. Թումանյան փողոցի հին ու նոր պատմությունը Ֆոտոշարք». bestboy2001. 2015 թ․ փետրվարի 21. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Սամվել Ալեքսանյանը մենաշնորհում է դաշտը. Երևանում փակվել է միանգամից մի քանի «Սթար» սուպերմարկետ
- ↑ «Երեւանում եւս մեկ շենք է քանդվում. Թումանյան 25-ի բնակիչները կպայքարեն մինչեւ վերջ». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Պետական կարիքի հյուրանոց՝ Թումանյան 25-ում». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Կառավարությունը թույլատրել է դատախազության գույքը վաճառել եւ օտարել». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Կաթսայատունը սկիզբն է. Քանդվելու է նաեւ Թումանյան 8-ի շենքը - iLur.am` Ի լուր աշխարհի». www.ilur.am. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Երևանի քաղաքապետարանի կողմից քանդման ենթակա ճանաչված շենքերի ցանկ
- ↑ «| Չորրորդ Իշխանություն». Չորրորդ Իշխանություն. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ [1]
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկ
- «Այլ Երևան» նախագիծ
- Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թումանյան փողոց (Երևան)» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի ապրիլի 30-ի օրվա հոդված: |