Էքստրասիստոլա
Էքստրասիստոլա | |
---|---|
Տեսակ | հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
ՀՄԴ-9 | 427.69 |
ՀՄԴ-10 | I49.3 |
Էքստրասիստոլան սրտի արտահերթ վաղաժամ կծկումն է, սրտի կամ նրա առանձին բաժինների ապաբևեռացում (հանգստի պոտնեցիալի փոփոխություն) և կծկում, առիթմիաների ամենահաճախ գրանցվող տեսակը։ Էքստրասիստոլները կարող են հայտնաբերվել մարդկանց 60-70%-ի մոտ։ Հիմնականում դրանք ունեն ֆունկցիոնալ (նեյրոգեն) բնույթ, որոնց առաջացումը հրահրում են սթրեսը, ծխելը, ալկոհոլը, խիտ թեյը և հատկապես սուրճը։ Այնուամենայնիվ, նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ կոֆեինը շատ դեպքերում կապված չէ ռիթմի խանգարումների առաջացման հետ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ պաշտպանում է դրանց առաջացումից[1][2]։ Օրգանական ծագման էքստրասիստոլներ առաջանում են սրտամկանի վնասման ժամանակ (սրտի իշեմիկ հիվանդություն, կարդիոսկլերոզ, դիստրոֆիկ փոփոխություններ, բորբոքում)։ Արտասովոր իմպուլսները կարող են առաջանալ նախասրտերից, նախասիրտ-փորոքային հանգույցից և անմիջապես փորոքներից։ Էքստրասիստոլների առաջացումը բացատրվում է տրիգերային ակտիվությամպ էկտոպիկ օջախի առաջացմամբ, ինչպես նաև reentry մեխանիզմի առկայությամբ։ Արտահերթ և նորմալ կոմպլեքսների միջև ժամանակային հարաբերությունները բնութագրվում են միացման միջակայքով։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոնոտոպ մոնոմորֆ էքստրասիստոլներ, առաջացման մեկ աղբյուր, միացման մշտական միջակայքը միևնույն արտածումներում, ունեն նույն ԷՍԳ ձևը (նույնիսկ QRS համալիրի տարբեր տևողությամբ)։
- Մոնոտոպ պոլիմորֆ էքստրասիստոլներ, առաջացման մեկ աղբյուր, միացման մշտական միջակայքը միևնույն արտածումներում, ունեն այլ ձև։
- Պոլիտոպ էքստրասիստոլներ, առաջացումը մի քանի էկտոպիկ օջախներից, տարբեր միացման միջակայքեր միևնույն ԷՍԳ արտածումներում (տարբերությունները ավելի քան 0,02-0,04 վրկ), տարբեր էքստրասիստոլիկ համալիրներ, որոնք տարբերվում են միմյանցից ձևով։
- Անկայուն պարոքսիզմալ տախիկարդիա, երեք կամ ավելի անընդմեջ էքստրասիստոլաներ (նախկինում կոչվում էին խմբային էքստրասիստոլաներ)։ Ինչպես պոլիտոպ էքստրասիստոլները, սրանք ևս ցույց են տալիս սրտամկանի ընդգծված էլեկտրական անկայունությունը։
Կոմպենսատոր դադար - էքստրասիստոլայից հետո էլեկտրական դիաստոլայի ժամանակահատվածի տևողությունը։ Լինում են լրիվ և ոչ լրիվ.
- Լրիվ, կրճատված դիաստոլիկ դադարի ընդհանուր տևողությունը մինչև էքստրասիստոլան և երկարացված դիաստոլիկ դադարը էքստրասիստոլայից հետո հավասար է երկու նորմալ սրտի ցիկլերի տևողությանը։ Այն առաջանում է, երբ իմպուլսը չի տարածվում ռետրոգրադ ուղղությամբ դեպի սինուս-նախասրտային հանգույց (դրա լիցքաթափումը տեղի չի ունենում)։
- Ոչ լրիվ, կրճատված դիաստոլիկ դադարի ընդհանուր տևողությունը մինչև էքստրասիստոլան և երկարացված դիաստոլիկ դադարը էքստրասիստոլայից հետո ավելի կարճ է, քան երկու նորմալ սրտի ցիկլերի տևողությունը։ Որպես կանոն, թերի կոմպենսատոր դադարը հավասար է նորմալ սրտի ցիկլի տևողությանը։ Առաջանում է սինուս-նախասրտային հանգույցի լիցքաթափման պատճառով։ Հետէկտոպիկ միջակայքի երկարացում տեղի չի ունենում ինտերպոլացված (ներդիր) էքստրասիստոլաների, ինչպես նաև ուշ փոխարինող էքստրասիստոլաների դեպքում։
Ալորիթմիաներ - հիմնական ռիթմի փոփոխություն և էքստրասիստոլիա որոշակի հաջորդականությամբ
- Բիգեմինիա - յուրաքանչյուր նորմալ կծկումին հաջորդում է էքստրասիստոլա։
- Տրիգեմինիա - երեք հիմնական կոմպլեքսներին հաջորդում է մեկ էքստրասիստոլա, կամ մեկ կանոնավոր կոմպլեքսին հաջորդում է երեք էքստրասիստոլա։
- Կվադրիգեմինիա- էքստրասիստոլան հաջորդում է յուրաքանչյուր չորս նորմալ կծկմանը։
Փորոքային էքստրասիստոլների դասակարգումը ըստ Լոուն-Վոլֆ-Ռայանի[3]․
[խմբագրել | խմբագրել կոդը]- I - մինչև 30 էքստրասիստոլա մշտադիտարկման ցանկացած ժամում
- II - ավելի քան 30 էքստրասիստոլա մշտադիտարկման ցանկացած ժամում
- III - պոլիմորֆ էքստրասիստոլաներ
- IVa - զուգակցված մոնոմորֆ էքստրասիստոլաներ
- IVb - զուգակցված պոլիմորֆ էքստրասիստոլաներ
- V - փորոքային տախիկարդիա (3 կամ ավելի անընդմեջ)։
Հաճախականությունը (էքստրասիստոլների ընդհանուր թիվը վերցված է 100%). սինուսային էքստրասիստոլաներ՝ 0,2%; նախասրտային էքստրասիստոլաներ՝ 25%; էքստրասիստոլաներ նախասիրտ-փորոքային հանգույցից՝ 2%; փորոքային էքստրասիստոլաներ՝ 62,6%; էքստրասիստոլաների տարբեր համակցություններ՝ 10,2%:
Էթիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆունկցիոնալ բնույթ, տարբեր վեգետատիվ ռեակցիաներ, հուզական սթրես, ծխել, խիտ թեյի, սուրճի, ալկոհոլի չարաշահում։
Օրգանական բնույթ, սա վկայում է սրտի բավականին խորը փոփոխությունների մասին՝ իշեմիայի, դիստրոֆիայի, նեկրոզի կամ կարդիոսկլերոզի օջախների տեսքով՝ նպաստելով սրտամկանի էլեկտրական անհամասեռության ձևավորմանը։ Առավել հաճախ էքստրասիստոլա նկատվում է սրտամկանի սուր ինֆարկտի, սրտի իշեմիկ հիվանդության, զարկերակային հիպերտենզիայի, սրտի ռևմատիկ հիվանդության, միոկարդիտի և սրտային քրոնիկ անբավարարության ժամանակ։ Սրտային գլիկոզիդների գերդոզավորմանը բնորոշ են համառ փորոքային ալոռիթմիայի տարբեր տարբերակներ՝ բիգեմինիա, տրիգեմինիա։
Կլինիկական պատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրսևորումները սովորաբար բացակայում են, հատկապես, երբ էքստրասիստոլաները օրգանական ծագում ունեն։ Պացիենտները գանագատվում են սրտի ուժեղ բաբախյունների և հրոցների զգացողությունից, որոնք առաջանում են ուժեղ փորոքային սիստոլայի փոխհատուցող դադարից հետո, կրծքավանդակում սառչելու և սրտի կանգի զգացումից։ Նևրոզի և վեգետատիվ նյարդային համակարգի դիսֆունկցիայի ախտանիշները ներառում են (ավելի բնորոշ ֆունկցիոնալ ծագման էքստրասիստոլաներին)՝ անհանգստություն, գունատություն, քրտնարտադրություն, վախ, օդի պակասի զգացում։ Հաճախակի (հատկապես վաղ և խմբային) էքստրասիստոլաները հանգեցնում են սրտի արտամաղման նվազմանը, ուղեղային, պսակային և երիկամային արյան հոսքի նվազմանը 8-25%-ով։ Ուղեղի և պսակային անոթների ստենոտիկ աթերոսկլերոզի դեպքում կարող են առաջանալ ուղեղային արյան շրջանառության անցողիկ խանգարումներ (պարեզ, աֆազիա, ուշագնացություն) և ստենոկարդիայի նոպաներ։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սադրող գործոնների վերացում, հիմնական հիվանդության բուժում։ Առանց կլինիկական դրսևորումների առանձին էքստրասիստոլաները բուժման կարիք չունեն։ Նեյրոգեն էքստրասիստոլաների դեպքում առաջարկվում է աշխատանքային և հանգստի ռեժիմի պահպանում, սննդային վարքագծի փոփոխություններ, կանոնավոր վարժություններ, հոգեթերապիա, տրանկվիլիզատորներ կամ հանգստացնող միջոցներ (օրինակ՝ դիազեպամ, կատվախոտի ոգեթուրմ)։
Փորոքային էքստրասիստոլան սովորաբար չի պահանջում բուժում հակաառիթմիկ դեղամիջոցներով։ Հիմնական (պատճառական) հիվանդության բուժումը կարող է օգնել նվազեցնել էքստրասիստոլաները կամ նվազեցնել դրանց դրսևորումները։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդության կանխատեսումը զգալիորեն տարբերվում է՝ կախված հիվանդության ծանրությունից և հասանելի բուժումից։ Ընդհանուր առմամբ, ժամանակին, համարժեք բուժման դեպքում կանխատեսումը համեմատաբար բարենպաստ է։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Экстрасистолия / Богословский В. А. // Большая медицинская энциклопедия : в 30 т. / гл. ред. Б. В. Петровский. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1986. — Т. 28 : Экономо — Ящур. — 544 с. : ил.