Էլց
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և թանգարան |
Հասցե | Burg Eltz 1, 56294 Wierschem[1] |
Վարչական միավոր | Wierschem? |
Երկիր | Գերմանիա |
Կառուցված | մինչև 1157 թվականը |
Բարձրություն | 320 մ |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
Ընթացիկ սեփականատեր | Կարլ Էլցի կոմս |
Կայք | burg-eltz.de |
Burg Eltz Վիքիպահեստում |
Էլց ամրոց (գերմ.՝ Burg Eltz), գտնվում է Գերմանիայում, Ռայնլանդ Պֆալց հողում[2]։ 12-րդ դարից մինչև հիմա, արդեն 33 սերունդ, ամրոցը պատկանում է Էլց տոհմին։ Գերմանական այն ամրոցներից է, որը երբեք չի զավթվել և ավերվել։ Կանգուն է մնացել անգամ XVII և XVIII դարերի պատերազմների և Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։
Գտնվելու վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը երեք կողմերից շրջապատված է Էլզ գետով։ Գտնվում է 70 մետր բարձրությամբ ժայռի վրա` բաժանելով Մեյֆիլդը Էյֆելի ստրոտներից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]IX դարից սկսած Ռոմանական ոճով կառուցված Պլաթէլցը՝ գլխավոր աշտարակը, համարվում է ամրոցի հնագույն մասը։ 1157 թվականից ամրոցը եղել է Ֆրիդրիխ I Շիկամորուսի կայսրության կարևորագույն կենտրոնը[3]։
Էլց ամրոցը շուրջ 800 տարի պատկանում է Էլց տոհմին։ Այն բաժանված է եղել երեք եղբայրների միջև, որտեղ նրանք ապրել են բոլորը միասին՝ իրենց ընտանիքներով և սպասավորներով։
Ամրոցը պահպանվել է մինչ օրս, այժմյան սեփականատերը՝ կոմս Կարլ Էլցը, ապրում է Մայնի Ֆրանկֆուրտում, իսկ ամրոցը բաց է հանրության համար՝ ապրիլից հոկտեմբեր ամիսներին։ Այցելուները կարող են տեսնել գանձարանը, զինապահեստը և զենք ու զրահը[4]։
Շրջապատված է գեղատեսիլ բնությամբ։
2000 թվականից Էլց անտառը դարձել է արգելոց[5]։
1965–1992 թվականներին Էլց ամրոցը պատկերվել է գերմանական 500-անոց մարկի դարսերեսին[6]
Էլց ամրոցի մոդելը օգտագործվել է World of Tanks համակարգչային խաղում[7]։
Ռուբենախյան տուն
[խմբագրել | խմբագրել կոդը]1472 թվականին, Վիլհելմ Ֆոն Էլցի և իր կնոջ՝ Կատարինի ժամանակ (նկարները կարելի է տեսնել վերևի հարկի ննջարանում), գոթական ոճով, կառուցվել է Ռուբենախյան (Rübenach) տունը։ Ութ հարկանի շինության դահլիճում զետեղված է զինանոցը, որտեղ ցուցադրված է միջնադարյան զենքի հավաքածուն (բնօրինակները)։ Միջնադարում զենքերը, որպես ամրոցի հարստություն, պահել են լավ պաշտպանված տարածքում։
Այսօր զինանոցում կարելի է տեսնել XV-XVI դարերի օղազրահների և սաղավարտների ամբողջական հավաքածու, նետերի հավաքածու, որոնք օգտագործել են ամրոցի պահապանները 1333 թվականին, հրաձիգ զենքերի հավաքածու, կացիններ և նիզակներ։ Այստեղ ցուցադրված են նաև XVII-XVIII դարերի արևելյան զենքերի հավաքածու, որոնք օգտագործել են թուրքերը 1683 թվականին Վիեննայի ճակատամարտում։ Այդ ռազմաավարը բերել է Էլցերի ընտանիքի ներկայացուցիչներից մեկը, որ մասնակցել էր այդ հաղթական ճակատամարտին։
Տան ստորին սրահի կաղնու հեծանները և բուխարիները պահպանվել են բնօրինակ տեսքով։ Պատերը ծածկված են XVI դարի գորգերով և կտորներով՝ էկզոտիկ կենդաննիների պատկերներով (ընձառյուծներ, ջայլամներ, կոկորդիլոսներ և ուղտեր)։ Դահլիճը զարդարված է մեծ քանակությամբ թանկարժեք նկարներով։ Հատուկ տեղ է զբաղեցնում "Տիրամայրը մանկան և խաղողի ողկյուզի հետ" նկարը (հեղինակ՝ Լուկաս Կրանախ Ավագ, XVI դար)։ Պատուհանների արանքում զետեղված է "Խաչելության տեսարանը"՝ ստեղծված 1495 թվականին։
Տան վերին սրահում ամբողջովին պահպանվել է բնակելի տարածքի սկզբնական կառուցվածքը։ Հարյուրավոր տարիների ընթացքում այն եղել է իշխանների ննջարանը։ Պահպանվել է 1520 թվականի մահճակալը, որը հատակից փոքր-ինչ բարձր է, որպեսզի լավ պահպանի տաքությունը։ Սենյակի պատերը զարդարված են XV դարի որմնանկարներով։ Որմնանկարների վրա վերջին աշխատանքները կատարվել են XVI դարում և շուրջ 300 տարի է ինչ ռեստավրացիայի կարիք չունեն։ Սենյակի գոթական ոճով բազմանկյունանի կարկառամասում զետեղված է ընտանեկան կապելլան։ Հյուգո Էլցը օծել է կապելլան ի հիշատակ իր ծնողների՝ Վիլհ��լմ և Կատերին Էլցերի։
Ռոդենդորֆյան տուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տան շինարարությունը (գոթական ոճով) սկսվել է 1477 թվականին, Ֆիլիպ Էլցի ժամանակ։ Տաս հարկանի Մեծ ռոդենդորֆյան տունը իր անվանումը ստացել է Լոտարինգում ժառանգական տարածքներից։ Փոքր ռոդենդորֆյան տունը գտնվում է ամրոցի հարավային կողմում, կառուցվել է XVI դարի կեսերին։
Տան մեծ սրահը նախատեսված է եղել ընտանեկան տոների, պարահանդեսների, ընտանեկան խորհուրդների համար, որտեղ հավաքվել են Էլցերի տոհմի երեք ճյուղերի բոլոր մեծահասակ ներկայացուցիչները։ Կենտրոնական հեծանների և դահլիճի անկյունների հիմարների դիմակները խորհրդանշում են խոսքի ազատությունը, իսկ մուտքի դռան կամարին փորագրված վարդը, լռության այլաբանական խորհրդանիշը, նշանակում է, որ այն ինչի մասին խոսվում է դահլիճի պատերից ներս, չի կարելի բարձրաձայնել նրա սահմաններից դուրս։ Այստեղ նույնպես ցուցադրված են զենքեր և ասպետական զրահներ, այդ թվում XIX դարի 3 շքեղ հավաքածու։
Ամրոցի գանձանոցը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գանձանոցում կա ավելի քան 500 ցուցանմուշ։ Դրանք թանկարժեք կռածո աշխատանքներ են ոսկուց և արծաթից, փղոսկյա մանրակերտեր, ոսկերչական իրեր, ակնեղեն, գոհարեղեն, ճենապակի, փորագրություններ ապակու վրա, բյուրեղապակյա սկահակներ, թրեր, սուսերներ, դաշույներ և այլն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Էլց ամրոց
-
Էլց ամրոց
-
Ամրոցի ջրհորդանի զարդարանքներից
-
Էլց ամրոց
-
Էլց ամրոցը 1900 -ականներին
-
Էլց ամրոցը թռչնի բարձրությունից
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ute Ritzenhofen: Burg Eltz, Deutscher Kunstverlag (2002), broschiert, 96 S., ISBN 3-422-06248-3
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://burg-eltz.de/
- ↑ Statistisches Landesamt Rheinland-Pfalz – Bevölkerung der Gemeinden am 31. Dezember 2010 Արխիվացված 2012-01-31 Wayback Machine (PDF; 727 KB)
- ↑ de Fabianis, p. 135
- ↑ Eltz Castle Official Website accessed February 5, 2015. http://www.burg-eltz.de/en
- ↑ Eltz Castle Official Website accessed February 5, 2015. http://www.burg-eltz.de/en/
- ↑ Deutsche Mark – 3. Production run Retrieved 27 April 2012.
- ↑ http://worldoftanks.eu/en/news/pc-browser/46/game-reality-misty-himmelsdorf/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլց» հոդվածին։ |
|