Երկուսը քաղաքում
«Երկուսը քաղաքում» (ֆր.՝ Deux Hommes Dans La Ville), 1973 թվականի ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ, նկարահանված ֆրանսիացի հայտնի ռեժիսոր՝ Խոսե Ջովաննիի կողմից։ Ֆիլմի առաջին պրեմիերան տեղի է ունեցել 1973 թվականի հոկտեմբերի 25-ին, Փարիզում։ Ֆիլմում խաղում են ֆրանսիական կինոյի աստղեր՝ Ժան Գաբենն ու Ալեն Դելոնը։ Ժան Գաբենի համար, սա դարձավ իր կյանքի վերջին նշանակալից ֆիլմը։ Սյուժեն ներկայացնում է մի հայտնի թեմա կինեմատոգրաֆի մեջ՝ մահապատժի թեման, որը շատ հոգեհարազատ էր ռեժիսորին։ Երեխաներին ֆիլմը խորհուրդ է տրվում դիտել 13 տարեկանից բարձր և ծնողների հետ միասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժերմեն Կազնևը (Ժան Գաբեն) ֆրանսիացի բանտային դաստիարակ է։ Վերջինիս օգնությամբ, բանտից վաղարժան ազատ է արձակվում նրա բանտարկյալ ընկեր՝ Ջինո Սթրաբլիջջին (Ալեն Դելոն)։ Նախկին հանցագործը որոշում է լիովին նոր կյանք սկսել, ապրել սովորական մարդու կյանքով, ազնիվ գործի դասավորվել և սիրել կնոջը՝ Սոֆիին։ Ազատության մեջ Կազնևն ամեն ինչում աջակցում է Ջինոյին։ Ազատության հենց առաջին օրերին, Ջինոյին այցելում է նրա հին ընկերների հանցախումբը։ Իրենց պարագլուխ Մարսելն, առաջարկում է Ջինոյին դարձյալ զբաղվել հին գործերով, սակայն վերջինս հրաժարվում է։ Դրանից հետո Ջինոն պատահական ավտովթարի է ենթարկվում իր կնոջ հետ, որի մեջ Սոֆին ողբերգական զոհվում է։ Ջինոն ծանր վնասվածքներ ստանալով կենդանի է մնում ու մի քանի օրից դուրս գրվում հիվանդանոցից։ Ժամանակի ընթացքում Ջինոն ծանոթացնում է Կազնևների ընտանիքին, իր նոր ընկերուհու՝ Լյուսիի հետ։ Նա աշխատանքի է դասավորվում մի հրատարակչությունում, որտեղ քրտնաջան, ազնվորեն կատարում է իր պարտականությունները։ Թվում է թե նախկին բանտարկյալին հաջողվում է նոր կյանք սկսել, սակայն շուտով նոր անհաջողություններ են սկսվում։ Ջինոն պատահականորեն հանդիպում է մի տեսուչի՝ Գուատրո ազգանունով։ Վերջինս Ջինոյի կյանքը վերածում է իսկական դժոխքի։ Նա չի հավատում, որ Ջինոյի տեսակ հանցագործը կարող է փոխվել և հետապնդում է նրան ամեն քայլին, հետևում ամեն գործողությանը և հարցաքննում ամեն իրադարձության ժամանակ։ Ջինոյի հետ դարձյալ փորձում է կապ հաստատել՝ Մարսելն, իր հանցախմբի հետ։ Նկատելով դա, տեսուչ Գուատրոն ձերբակալում է ավազակներին։ Չսահմանափակվելով ամեն ինչից, Գուատրոն նորից ու նորից է կպչում Ջինոյի անձին։ Մի օր Ջինոն բռնացնում է տեսուչին, իր ընկերուհուն՝ Սոֆիին սիրահետելիս։ Չդիմանալով, Ջինոն հարձակվում է Գուատրոյի վրա և ծեծկռտուքի մեջ, հանկարծակիորեն սպանում նրան։ Ջինոյին իսկույն ձերբակալում են և սկսում հետաքննությունը։ Ջինոյի դեմ կեղտոտ ցուցմունքներ են տալիս նաև այնպիսի մարդիկ, որոնք ժամանակին տարաձայնություններ էին ունեցել իր հետ։ Դատարանը վճիռ է կայացնում մահապատժի ենթարկել Ջինո Սթրաբլիջջիին։ Ժերմեն Կազնևը բազում անգամ իր բողոքներն է ներկայացնում իշխանությանը, սակայն ապարդյուն։ Ջինոյին գլխատում են գիլյոտինով։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Ժան Գաբեն | Ժերմեն Կազնև |
Ալեն Դելոն | Ջինո Սթրաբլիջջի |
Միշել Բուկե | տեսուչ Գուատրո |
Միմզի Ֆարմեր | Լյուսի |
Իլարիյա Օկկինի | Սոֆի |
Վիկտոր Լայնու | Մարսել |
Գվիդո Ալբերտի | հրատարակչության տեր |
Կրիստինա Ֆաբրեգա | Ժենեվյեվա Կազնև |
Բերնար Ժիրոդո | Ֆրեդերիկ Կազնև |
Սեսիլ Վասսոր | Էվելին Կազնև |
Պրեմիերան երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երկուսը քաղաքում» ֆիլմի առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1973 թվականի հոկտեմբերի 25-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք՝ Փարիզում։
Ֆրանսիա, 1973 թվականի հոկտեմբերի 25
Իտալիա, 1973 թ. նոյեմբերի 30
Գերմանիա, 1974 թ. մարտի 7
Շվեդիա, 1974 թ. մայիսի 13
Թուրքիա, 1974 թ. հոկտեմբեր
Հունգարիա, 1975 թ. մայիսի 13
Ֆինլանդիա, 1975 թ. հոկտեմբերի 10
Իսպանիա, 1976 թ. մարտի 15
ԱՄՆ, 1976 թ. օգոստոս
Խոսե Ջովաննիի սեփական փորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երկուսը քաղաքում» ֆիլմի ռեժիսոր՝ Խոսե Ջովաննիի կենսագրությունը, ինչ որ չափով նման է ֆիլմի սյուժեին։ Նախկին հանցագործի և մահապատժի թեման, (հայտնի թեմաներ են ամբողջ կինեմատոգրաֆի մեջ) հոգեհարազատ էին Ջովաննիին և դրա համար էլ նա նկարահանեց այս ֆիլմը։
1945 թվականին Խոսե Ջովաննին և նրա ավագ եղբայրը գալիս են Փարիզ։ Նրանք մի ավազակախմբի անդամ են դառնում, որի պարագլուխն էր իրենց հարազատ քեռին։ Այդ նույն թվականին, հանցախումբը զինված հարձակում է կազմակերպում մի տան վրա, որի ժամանակ հրաձգություն է սկսվում։ Կրակոցների ժամանակ վիրավորվում է տան տերը, բայց նա էլ կրակ արձակելով, սպանելով Խոսեի եղբորն ու քեռուն։ Խոսեին ձերբակալում են, սակայն ինչպես հետաքննության ժամանակ է պարզվում, նա ձեռքում նույնիսկ զենք չէր բռնել։ Հետաքննությունը տևում էր մոտ երեք տարի։ 1948 թվականի նոյեմբերի 17-ին, դատարանը վճիռ է կայացնում՝ Ջովաննիին և իր գործակցին՝ Ժորժ Աքքադին, մահապատժի ենթարկել գիլյոտինի միջոցով։ Երկար ամիսներ, Խոսեն անցկացնում է մահապատժի ենթարկվածների բանտախցում, սպասելով գիլյոտինի։ Խոսեի հոր քրտնաջան ջանքերի շնորհիվ, նրան հաջողվում է խուսափել մահից։ Ֆրանսիայի նախագահ՝ Վենսան Օրիոլը, որոշում է կայացնում փոխարինել գիլյոտինը քսան տարվա հարկադիր աշխատանքներով։ 1956 թվականին Ջովաննին տասնեմեկ տարվա կալանքից հետո, ազատություն է ստանում։ 1986 թվականին իրականանում է մի նոր դատական նիստ, 1945 թվականի գործով։ Դրանից հետո Խոսե Ջովաննիի գործը լիովին փակված է ճանաչվում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկուսը քաղաքում (ֆրանս.) Արխիվացված 2012-07-13 Wayback Machine
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |