Jump to content

Եվգենի Վախթանգով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվգենի Վախթանգով (այլ կիրառումներ)
Եվգենի Վախթանգով
ռուս.՝ Евгений Багратионович Вахтангов
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1 (13), 1883[1]
ԾննդավայրՎլադիկավկազ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմայիսի 29, 1922(1922-05-29)[2][1][3][…] (39 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ՌԽՖՍՀ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, թատերական ուսուցիչ, դերասան և մանկավարժ
ԱշխատավայրՄոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն
ԵրեխաներՍերգեյ Վախթանգով
 Yevgeny Vakhtangov Վիքիպահեստում

Եվգենի Բագրատի Վախթանգով (ռուս.՝ Евгений Багратионович Вахтангов, փետրվարի 1 (13), 1883[1], Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 29, 1922(1922-05-29)[2][1][3][…], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2]), ռուսահայ ռեժիսոր, Վախթանգովի անվան թատրոնի հիմնադիրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Վախթանգովը ռուսական թատրոնում սկզբնավորել է ֆանտաստիկական ռեալիզմը և իր՝ վախթանգովյան ուղղությունը։ Նա նաև Մոսկվայում հիմնադրել է դրամատիկական թատրոն։ Ծնվել է հայ մեծահարուստ գործարանատիրոջ ընտանիքում։ 1893-1903 թվականներին սովորել է Թիֆլիսի, ապա՝ Վլադիկավկազի գիմնազիաներում։ 1901 թվականին բեմադրել է պիեսներ, խաղացել ներկայացումներում, գրել է հոդվածներ, բանաստեղծություններ և տպագրել տեղի «Թերեք» թերթում։ 1903 թվականին ընդունվել է Մոսկվայի համալսարանի բնագիտության, ապա տեղափոխվել իրավաբանության ֆակուլտետ։ 1909-1911 թվականներին սովորել է Ալեքսանդր Ադաշևի թատերական դպրոցում։

1910 թվականին իր ուսուցչի՝ Լեոպոլդ Սուլերժիցկու հետ Փարիզի «Ռեժան» թատրոնում բեմադրել է Մորիս Մետեռլինկի «Կապույտ թռչուն» պիեսը։ 1911 թվականին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոն։ 1912 թվականին Շվեդիայում, Դանիայում և Նորվեգիայում ծանոթացել է տեղի թատերական կյանքին։

1913 թվականին հիմնադրել և ղեկավարել է Ուսանողական դրամատիկական (հետագայում՝ «Մանսուրովյան») ստուդիան, որը 1921 թվականին դարձել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի 3-րդ ստուդիա, 1926 թվականին՝ Վախթանգովի անվան դրամատիկական թատրոն։

Նա խաղացել է Թեքլտոնի (Չառլզ Դիքենսի «Օջախի ճռիկը»), Բրենդելի (Հենրիկ Իբսենի «Ռոսմերսհոլմ») և այլ դերեր, որոնք աչքի են ընկել կերպարի բնավորության ու նկարագրի հոգեբանական խորությամբ և ցայտուն վերարտադրությամբ։

Վախթանգովի ստեղծագործության գաղափարական մեկնակետը՝ բռնակալության մերկացումն ու դատապարտումը, բուրժուական-քաղքենիական աշխարհի սուր քննադատությունը, առավել դրսևորվել է նրա ռեժիսորական արվեստում (Գերհարտ Հաուպտմանի «Հաշտության տոն», Բերգերի «Ջրհեղեղ» (խաղացել է նաև Ֆրեզերի դերը))։

Վախթանգովի և ռեժիսոր Վսեվոլոդ Մեյերհոլդի ներկայացումներով սկզբնավորվել է ռուսական նոր թատրոնը։ Վախթանգովի ռեժիսորական արվեստի բարձր զարգացման շրջանը հետհեղափոխական առաջին 5 տարին էր, հիմքում բարու և չարի հակադրությունն էր, բարոյագեղագիտական գաղափարները, արվեստագետի և ժողովրդի միասնականությունը, արդիականության սուր զգացողությունը և այլն։

Այս սկզբունքները հետագայում զարգացրել են նրա աշակերտները՝ Ռուբեն Սիմոնովը, Բորիս Զախավան, Միխայիլ Չեխովը և ուրիշներ։ Վախթանգովի լավագույն բեմադրություններից են Ուիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշերը», Անտոն Չեխովի «Հարսանիքը», Մ. Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Յուհան Սթրինդբերգի «Էրիկ XIV-ը», Սեմյոն Անսկու «Հադիբուկը»։

Երրորդ ստուդիայում բեմադրել է Կարլո Գոցիի «Արքայադուստր Տուրանդոտ» պիեսը, որն իր լավատեսությամբ և կենսուրախությամբ նպաստել է Վախթանգովի անվան թատրոնի ոճական առանձնահատկությունների ձևավորմանը. Կոնստանտին Ստանիսլավսկին և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն այդ ներկայացումը համարել են խոշորագույն հաղթանակ։

Դերասանական արվեստում վարպետորեն օգտագործելով իտալական դիմակների թատրոնի իմպրովիզացիայի միջոցները՝ Վախթանգովն ստեղծել է իր գեղարվեստական ուղղությունը՝ ֆանտաստիկական ռեալիզմը՝ յուրովի զարգացնելով Կ. Ստանիսլավսկու ուսմունքը։ Վախթանգովին համարել են «ռուսական արվեստի ապագա ղեկավար, ռուսական թատրոնի հույս»։

Դեռևս Վլադիկավկազում Վախթանգովն առնչվել է հայ թատերական գործիչների հետ, դիտել է Սիրանույշի և Հովհաննես Աբելյանի խաղը։ 1910-ական թվականներին ծանոթացել է Հովհաննես Զարիֆյանի, Օվի Սևումյանի, Արշավիր Շահխաթունու, Համո Բեկնազարյանի, Ռուբեն Մամուլյանի հետ։

1920 թվականին Ստանիսլավսկու համակարգի մասին դասախոսություններ է կարդացել Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում։ Նրա ռեժիսորական արվեստն ազդել է Արշակ Բուրջալյանի, Արմեն Գուլակյանի, հատկապես՝ Վարդան Աճեմյանի ստեղծագործության վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ростоцкий Б. И. Вахтангов Евгений Багратионович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 4 : Брасос — Веш. — С. 338—339.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Վախթանգով» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Վախթանգով» հոդվածին։