Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն
Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն (անգլ.՝ Cash flow statement), ֆինանսական հաշվետվություն՝ նախատեսված հաշվապահական հաշվեկշռի հաշիվների և եկամտի՝ դրամական միջոցների և դրանց համարժեքների վրա ազդեցությունը ցույց տալու համար։
Դրամական միջոցների հոսքերի հաշվետվությունը վերաբերում է կազմակերպության դրամական միջոցների հոսքին՝ մուտքին և ելքին։ Որպես վերլուծական գործիք՝ դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը օգտակար է ընկերության կարճաժամկետ կենսունակությունը որոշելու համար։ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 7-ը (ՀՀՄՍ 7) վերաբերում է դրամական միջոցների հոսքերի հաշվետվություններին[1]։
Դրամական միջոցների հոսքերի հաշվետվության օգտագործողների շրջանակններն են՝
- Կազմակերպությունների ֆինանսական թիմերը, որոնք պետք է իմանան, թե արդյոք կազմակերպությունը կկարողանա վճարել աշխատավարձ և այլ ծախսեր,
- Պոտենցիալ վարկատուներ կամ պարտատերեր, որոնք ցանկանում են հստակ պատկերացում կազմել ընկերության ֆինանսական վիճակի և վարկարժանության մասին,
- Պոտենցիալ ներդրողներ, որոնք պետք է դատեն, թե արդյոք ընկերությունը ֆինանսապես «առողջ» է,
- Հնարավոր աշխատակիցներ կամ կապալառուներ, որոնք պետք է իմանան, թե արդյոք ընկերությունը կկարողանա վճարել իրենց՝ կատարած ծառայությունների դիմաց,
- Ընկերության տնօրենները, որոնք պատասխանատու են ընկերության կառավարման համար և պատասխանատու են երաշխավորելու, որ ընկերությունը անվճարունակ չէ,
- Ընկերության բաժնետերերը։
Նպատակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամական միջոցների հոսքի հաշվետվության պարզ օրինակ
2006 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար | |
---|---|
Գործառնական գործունեությունից ստացված դրամական հոսքեր | $5,000 |
Ներդրումներից դրամական հոսքեր | ($1,000) |
Ֆինանսական գործունեությունից ստացված դրամական հոսքեր | ($2,000) |
Զուտ դրամական հոսքեր | $2,000 |
Փակագծերը ցույց են տալիս բացասական արժեքներ |
Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը ցույց է տալիս ընկերության դրամական հոսքերի աղբյուրները և թե ինչպես է այն օգտագործվել որոշակի ժամանակահատվածում։ Սա ընկերության ֆինանսական «առողջության» կարևոր ցուցիչ է, քանի որ ընկերությունը կարող է շահույթ ներկայացնել իր ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, բայց միևնույն ժամանակ ունենալ անբավարար կանխիկ կամ հասանելի միջոցներ՝ օգտագործելու համար[2][3]։
Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը բացահայտում է ընկերության շահույթի որակը (այսինքն, թե որքան է ստացվել դրամական միջոցների հոսքերից) և ընկերության կարողությունը՝ տոկոսներ և շահաբաժիններ վճարելու համար[4]։
Այս հաշվետվությունը տարբերվում է հաշվապահական հաշվեկշռից և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունից նրանով, որ այն բացառում է հաշվեգրման սկզբունք պահանջվող ոչ կանխիկ գործարքները, ինչպիսիք են մաշվածությունը, հետաձգված եկամտային հարկը, անհուսալի պարտքերի դուրսգրումները և ապառիկ վաճառքները, որտեղ դեբիտորական պարտքերը դեռ չեն հավաքագրվել[5]։
Դրամական միջոցների հոսքերի հաշվետվությունը նախատեսված է[6][7][8][9] ՝
- տեղեկատվություն տրամադրել ընկերության իրացվելիության, վճարունակության և ֆինանսական ճկունության մասին (ապագա հանգամանքներում դրամական միջոցների հոսքերը փոխելու հնարավորություն)
- օգնել կանխատեսելու ապագա դրամական հոսքերը և փոխառությունների կարիքները։
Պատմություն և փոփոխությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]1863 թվականին Dowlais Iron Company կազմակերպությունը վերականգնվել էր բիզնեսի ճգնաժամից, բայց չուներ կանխիկ միջոցներ ներդրումներ կատարելու գործարանի համար, չնայած որ շահույթ էր ստացել։ Բացատրելու համար, թե ինչու ներդրումների համար միջոցներ չկան, մենեջերը կազմեց նոր ֆինանսական հաշվետվություն, որը կոչվում էր համեմատական հաշվեկշիռ, որը ցույց էր տալիս, որ ընկերությունը չափազանց շատ պաշարներ է պահում։ Այս նոր ֆինանսական հաշվետվությունը հանդիսանում է դրամական միջոցների հոսքերի հաշվետվության ձևավորումը, որն օգտագործվում է այսօր[10]։
Արդեն 1973 թվականին Միացյալ Նահանգներում Ֆինանսական հաշվապահական հաշվառման ստանդարտների խորհուրդը (անգլ.՝ the Financial Accounting Standards Board, FASB) սահմանեց կանոններ, որոնք պարտադիր դարձրեցին Համընդհանուր ընդունված հաշվապահական սկզբունքները (անգլ.՝ Generally Accepted Accounting Principles, US GAAP)[11]։
1992 թվականին հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհուրդը (IASB) հրապարակեց Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 7 (ՀՀՄՍ 7)։ Այն դրամական միջոցների հոսքերի հաշվետվությունն է, որն ուժի մեջ է մտնելով 1994թ.-ին` պարտավորեցրել է, որ ընկերությունները տրամադրեն դրամական միջոցների հոսքերի հաշվետվություններ[12]։
Ամերիկյան ընդհանուր ընդունված հաշվապահական սկզբունքների (անգլ.՝ US GAAP) և ՀՀՄՍ 7 կանոնները ունեն որոշակի տարբերություններ դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունների կարգավորման գործում․
- ՀՀՄՍ 7-ը պահանջում է, որ դրամական միջոցների հոսքերի հաշվետվությունը ներառի ինչպես դրամական միջոցների, այնպես էլ դրամական միջոցների համարժեքների փոփոխությունները։ US GAAP թույլ է տալիս օգտագործել կա՛մ միայն կանխիկը, կա՛մ կանխիկ և դրանց համարժեքները միասին[9]։
- ՀՀՄՍ 7-ը որոշ երկրներում թույլ է տալիս բանկային փոխառությունները (օվերդրաֆտը) ներառել դրամական միջոցների համարժեքներում, այլ ոչ թե ֆինանսավորման գործունեության մաս[13]։
- ՀՀՄՍ 7-ը թույլ է տալիս վճարված տոկոսները ներառել գործառնական կամ ֆինանսական գործունեության մեջ։ US GAAP-ը պահանջում է, որ վճարված տոկոսները ներառվեն գործառնական գործունեության մեջ[14]։
Դրամական միջոցների հոսքերում գործընթացների բաշխում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 3-ը սահմանում է դրամական միջոցների հոսքերը և ճշգրտումները, որոնք պետք է ներառվեն գործունեության հիմնական կատեգորիաներից յուրաքանչյուրում։
Գործառնական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործառնական գործունեությունը ներառում է ընկերության արտադրությունը, վաճառքը և առաքումը, ինչպես նաև հաճախորդներից վճարումների հավաքագրումը։ Սա կազմակերպության հասույթ բերող հիմնական գործունեությունն է և ներդրումային կամ ֆինանսավորման գործունեություն չհանդիսացող այլ գործունեություններն են[15]։
Գործառնական դրամական հոսքերը ներառում են[14][3]
- ներդրումային պորտֆելում վարկերի, պարտքի կամ սեփական կապիտալի գործիքների վաճառքի անդորրագրեր,
- փոխառությունների դիմաց ստացված տոկոսներ,
- ապրանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին վճարումներ,
- վճարումներ աշխատողներին կամ աշխատողների անունից,
- ապրանքների գնումներ,
- ռոյալթիներից, վարձավճարներից, միջնորդավճարներից և այլ հասույթներից ստացված դրամական միջոցների մուտքերը։
Ներդրումային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներդրումային գործունեության օրինակներ են[16]․
- հիմնական միջոցների, ոչ նյութական և այլ երկարաժամկետ ակտիվների ձեռքբերման համար դրամական վճարումները կամ վաճառքից դրամական միջոցների մուտքերը,
- այլ կազմակերպությունների բաժնային և պարտքային գործիքների ձեռքբերման, ինչպես նաև համատեղ ձեռնարկումների համար դրամական վճարումները (բացի այն գործիքների դիմաց վճարումներից, որոնք համարվում են դրամական միջոցների համարժեքներ, կամ որոնք պահվում են դիլերային կամ առևտրական նպատակներով),
- ֆյուչերսային, ֆորվարդային, օպցիոն և սվոպային պայմանագրերի դիմաց դրամական վճարումները կամ պայմանագրերից ստացվող դրամական միջոցների մուտքերը, բացի այն դեպքերից, երբ նշված պայմանագրերը կնքվում են դիլերային և առևտրային նպատակներով, կամ նշված վճարումները դասակարգվում են որպես ֆինանսավորման գործունեություն։
Ֆինանսական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսական գործունեությունը ներառում է ներդրողների և ընկերության միջև դրամական միջոցների մուտքերն ու արտահոսքերը, ինչպիսիք են[16]․
- Վճարված շահաբաժիններ,
- Ընկերության բաժնետոմսերի վաճառք կամ հետգնում,
- Զուտ փոխառություններ,
- Պարտքի մայր գումարի մարում,
- Այլ գործողություններ, որոնք ազդում են ընկերության երկարաժամկետ պարտավորությունների և սեփական կապիտալի վրա։
Անկանխիկ գործունեության բացահայտում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀՄՍ 7-ի համաձայն՝ անկանխիկ ներդրումային և ֆինանսական գործունեությունը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությունների ծանոթագրություններում։ Համաձայն US GAAP, անկանխիկ գործունեությունը կարող է բացահայտվել տողատակի ծանոթագրության մեջ կամ հենց դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում։ ոչ կանխիկ ֆինանսավորման գործունեությունը կարող է ներառել[14].
- Լիզինգ՝ ակտիվ գնելու համար
- Պարտքը սեփական կապիտալի վերածելը
- Անկանխիկ ակտիվների կամ պարտավորությունների փոխանակում այլ ոչ կանխիկ ակտիվների կամ պարտավորությունների հետ
- Բաժնետոմսերի թողարկում
- Ակտիվների դիմաց շահութաբաժինների հարկի վճարում
Հաշվետվության պատրաստման մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն պատրաստելու ուղղակի մեթոդը ավելի հեշտ է կազմել, սակայն գրեթե միշտ օգտագործվում է անուղղակի մեթոդը, քանի որ US GAAP պահանջում է լրացուցիչ տեղեկատվություն, որը նման է անուղղակի մեթոդին, եթե ընկերությունն ընտրի օգտագործել ուղղակի մեթոդը[17]։
Ուղղակի մեթոդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն ստեղծելու ուղղակի մեթոդը ներկայացնում է համախառն դրամական մուտքերի և ելքերի հիմնական դասերը։ Համաձայն ՀՀՄՍ 7-ի՝ ստացված շահաբաժինները կարող են ներկայացվել գործառնական գործունեության կամ ներդրումային գործունեության շրջանակներում։ Եթե վճարված հարկերը ուղղակիորեն կապված են գործառնական գործունեության հետ, ապա դրանք ներկայացվում են գործառնական գործունեության ներքո, իսկ ներդրումային գործունեության կամ ֆինանսավորման գործունեության հետ կապված լինելու դեպքում, կդասակարգվեն ներդրումային կամ ֆինանսավորման գործունեության մեջ։
Սակայն հաշվապահական հաշվառման ընդհանուր ընդունված սկզբունքները (GAAP) տարբերվում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներից, քանի որ GAAP կանոնների համաձայն, ընկերության ներդրումային գործունեությունից ստացված շահաբաժինները ներկայացվում են որպես «գործառնական գործունեություն», այլ ոչ թե «ներդրումային գործունեություն»[18]։
Ուղղակի մեթոդով հաշվարկված հաշվետվության օրինակ[19]
Դրամական միջոցների հոսքեր գործառնական գործունեությունից | ||||
Հաճախորդներից ստացված կանխիկ մուտքեր | 9,500 | |||
Մատակարարներին և աշխատակիցներին վճարված կանխիկ գումար | (2,000) | |||
Գործառնություններից գոյացած դրամական միջոցներ (գումար) | 7,500 | |||
Վճարված տոկոսներ | (2,000) | |||
Վճարված եկամտային հարկեր | (3,000) | |||
Զուտ դրամական հոսքեր գործառնական գործունեությունից | 2,500 | |||
Դրամական միջոցների հոսքեր ներդրումային գործունեությունից | ||||
Սարքավորումների վաճառքից ստացված եկամուտները | 7,500 | |||
Ստացված շահաբաժիններ | 3,000 | |||
Զուտ դրամական հոսքեր ներդրումային գործունեությունից | 10,500 | |||
Դրամական միջոցների հոսքեր ֆինանսավորման գործունեությունից | ||||
Վճարված շահաբաժիններ | (2,500) | |||
Զուտ դրամական հոսքեր ֆինանսավորման գործունեությունից | (2,500) | |||
. | ||||
Դրամական միջոցների և դրանց համարժեքների զուտ աճը | 10,500 | |||
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ, տարեսկզբ | 1,000 | |||
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ, տարեվերջ | $11,500 |
Անուղղակի մեթոդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուղղակի մեթոդը որպես ելակետ օգտագործում է զուտ եկամուտը, ճշգրտումներ է կատարում ոչ կանխիկ գործարքների համար, այնուհետև ճշգրտվում է կանխիկի վրա հիմնված բոլոր գործարքներից։ Ակտիվների հաշվի աճը հանվում է զուտ եկամտից, իսկ պարտավորության հաշվի ավելացումը հետ է ավելացվում զուտ եկամտին։ Այս մեթոդը հաշվեգրման հիման վրա զուտ եկամուտը (կամ կորուստը) փոխակերպում է դրամական հոսքերի՝ օգտագործելով մի շարք հավելումներ և նվազեցումներ[20]։
Կանոններ (գործառնական գործ��ւնեություն)
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքերը հաշվարկելու համար կարելի է հետևել հետևյալ կանոններին, երբ տրվում է միայն երկու տարվա համեմատական հաշվեկշիռ և զուտ եկամտի ցուցանիշ։
Գործառնական գործունեությունից դրամական հոսքերը կարելի է գտնել՝ զուտ եկամուտը ճշգրտելով ընթացիկ ակտիվների, ընթացիկ պարտավորությունների և երբեմն երկարաժամկետ ակտիվների սկզբնական և ավարտական մնացորդների փոփոխության միջոցով։ Մեկ տարվա ընթացքում երկարաժամկետ ակտիվների փոփոխությունը համեմատելիս հաշվապահը պետք է վստահ լինի, որ այդ փոփոխություններն ամբողջությամբ առաջացել են դրանց արժեզրկումից, այլ ոչ թե գնումներից կամ վաճառքից (այսինքն՝ դրանք պետք է լինեն գործառնական ապրանքներ, որոնք կանխիկ չեն տրամադրում կամ օգտագործում), կամ եթե դրանք ոչ գործառնական գործողություններ են[21]․
- Զուտ եկամտին ավելացվում է ոչ կանխիկ ընթացիկ ակտիվների նվազումը, իսկ աճը հանվում է,
- Ընթացիկ պարտավորությունների աճը ավելացվում, իսկ նվազումը հանվում է զուտ եկամուտից,
- Առանց դրամական մուտքերի եկամուտները հանվում են զուտ եկամտից
- Ոչ գործառնական կորուստները վերադարձվում են զուտ եկամտին
- Ոչ գործառնական շահույթը հանվում է զուտ եկամտի
Կանոններ (ֆինանսական գործունեություն)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսական գործունեությունից դրամական հոսքեր գտնելը շատ ավելի ինտուիտիվ է և քիչ բացատրության կարիք ունի։ Ընդհանուր առմամբ, հաշվառման են ենթակա ֆինանսավորման հետևյալ գործունեությունները.
- Որպես արտահոսք՝ երկարաժամկետ վճարման ենթակա մուրհակների կրճատումները (ինչպես կներկայացներ հաշվեկշռում պարտքի կանխիկ մարումը) կամ որպես մուտքեր՝ նոր վճարման ենթակա թղթադրամների թողարկում
- Որպես արտահոսք ներառում է կազմակերպության կողմից արտաքին կողմերին վճարված բոլոր շահաբաժինները կամ որպես ներհոսքեր՝ արտաքին կողմերից ստացված շահաբաժինների վճարումներ
- Որպես արտահոսք՝ ներառել արժեթղթերի բաժնետոմսերի կամ պարտատոմսերի գնումը
Օրինակ։ XYZ ֆիրմայի դրամական հոսքերի մասին հաշվետվություն[22][23][24]
XYZ co. Ltd. կազմակերպության դրամական հոսքերի մասին հաշվետվություն (բոլոր թվերը միլիոն են) | |||
Ժամանակաշրջանի ավարտ | 31 Մարտ 2010 | 31 Մարտ 2009 | 31 Մարտ 2008 |
Զուտ եկամուտ | 21,538 | 24,589 | 17,046 |
Տրամադրված կամ օգտագործված գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | |||
Մաշվածություն և ամորտիզացիա | 2,790 | 2,592 | 2,747 |
Զուտ եկամտի ճշգրտումներ | 4,617 | 621 | 2,910 |
Դեբիտորական պարտքերի նվազում (ավելացում) | 12,503 | 17,236 | -- |
Պարտավորությունների ավելացում (նվազում) | 131,622 | 19,822 | 37,856 |
Պաշարների նվազում (աճ) | -- | -- | -- |
Գործառնական այլ գործունեության ավելացում (նվազում) | (173,057) | (33,061) | (62,963) |
Զուտ դրամական հոսքեր գործառնական գործունեությունից | 13 | 31,799 | (2,404) |
Տրամադրված կամ օգտագործված ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | |||
Կապիտալ ծախսեր | (4,035) | (3,724) | (3,011) |
Ներդրումներ | (201,777) | (71,710) | (75,649) |
Այլ դրամական հոսքեր ներդրումային գործունեությունից | 1,606 | 17,009 | (571) |
Զուտ դրամական հոսքեր ներդրումային գործունեությունից | (204,206) | (58,425) | (79,231) |
Տրամադրված կամ օգտագործված ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | |||
Վճարված շահաբաժիններ | (9,826) | (9,188) | (8,375) |
Պաշարների վաճառք (հետգնում) | (5,327) | (12,090) | 133 |
Պարտքի ավելացում (նվազում) | 101,122 | 26,651 | 21,204 |
Այլ դրամական հոսքեր ֆինանսավորման գործունեությունից | 120,461 | 27,910 | 70,349 |
Զուտ դրամական հոսքեր ֆինանսական գործունեությունից | 206,430 | 33,283 | 83,311 |
Փոխարժեքի փոփոխությունների ազդեցությունը | 645 | (1,840) | 731 |
Դրամական միջոցների և դրանց համարժեքների զուտ աճ (նվազում) | 2,882 | 4,817 | 2,407 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Helfert, Erich A. «The Nature of Financial Statements: The Cash Flow Statement». Financial Analysis - Tools and Techniques - A Guide for Managers.
- ↑ Bodie, Zane; Alex Kane; Alan J. Marcus (2004). Essentials of Investments, 5th ed. McGraw-Hill Irwin. էջ 455. ISBN 0-07-251077-3.
- ↑ 3,0 3,1 Answers, All (2018 թ․ նոյեմբեր). «Literature Review on Cash Flow Statements». Nottingham, UK: ukdiss.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Nikbakht, Ehsan and Groppelli, A.A. (2012). Finance (Sixth ed.). Hauppauge, NY: Barron's Educational Series, Inc. ISBN 978-0-7641-4759-3.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Epstein, Barry J.; Eva K. Jermakowicz (2007). Interpretation and Application of International Financial Reporting Standards. John Wiley & Sons. էջեր 91–97. ISBN 978-0-471-79823-1.
- ↑ Melicher, R. & Welshans, M. (1988). Finance: Introduction to Markets, Institutions & Management (1988 ed.). Cincinnati OH: South-Western Publishing. էջ 150. ISBN 0-538-06160-X.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Epstein, pp.90-91.
- ↑ Melicher & Welshans op cit page 150.
- ↑ 9,0 9,1 Epstein, p. 91.
- ↑ Watanabe, Izumi: The evolution of Income Accounting in Eighteenth and Nineteenth Century Britain, Osaka University of Economics, Vol.57, No. 5, January 2007, p.27-30 [1]
- ↑ Epstein, p. 90.
- ↑ Epstein, p. 88
- ↑ Epstein, p. 92.
- ↑ 14,0 14,1 14,2 Epstein, p. 93.
- ↑ https://anaudit.am/sites/default/files/%D5%80%D5%80%D5%84%D5%8D%207%20%282018%29.pdf.
{{cite book}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ 16,0 16,1 «Literature Review on Cash Flow Statements op cit».
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Epstein, p. 95.
- ↑ «Operating Activity on Dividends in GAAP». chron.com. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
- ↑ Epstein, p. 101
- ↑ Epstein, p. 94.
- ↑ Wild, John Paul (2006 թ․ մայիս). Fundamental Accounting Principles (18th ed.). New York: McGraw-Hill Companies. էջեր 630–633. ISBN 0-07-299653-6.
- ↑ Yahoo finance report on Citigroup
- ↑ «Citigroup finance report». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2004 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Bodie, p. 455.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն» հոդվածին։ |